«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2001-05-16 | #89, 2001-05-17 | #90, 2001-05-18


ԿՍՏԵՂԾՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՙ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Հայաստանում ներկայիս ընդհանուր իրավասության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանն առաջիկայում կփոխարինվի տնտեսական դատարանով: Այն գործելու է ընդհանուր դատական համակարգի կառույցում, սակայն երկաստիճան համակարգով:

Տնտեսական գործերը քննվելու են առաջին ատյանի կարգով, իսկ նրա կողմից կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին: Դատական ակտերը բեկանվելուց հետո կրկին վերադարձվելու են տնտեսական դատարան, որն այս անգամ գործը քննության է առնելու դատավորների կոլեգիալ կազմով (երեք դատավորի) եւ վերաքննության կարգով: Համաձայն օրենսդրական նախագծի, մայրաքաղաքից բացի տնտեսական դատարանը հավանաբար նստավայր կունենա նաեւ որոշ մարզերում:

ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ներկայացված տնտեսական դատարանի կառուցվածքը ճկուն դատական համակարգ ստեղծելու հնարավորություն է ընձեռում: Այս կառուցվածքը, նրա ասելով, երկու մեծ առավելություն է տալիս ձեռնարկատերերինՙ կկարողանան արագ լուծել տնտեսական վեճերը, բողոքարկելու դեպքում անգամ մեկամսյա ժամկետ է նախատեսվում գործի քննության համար: Բացի այդ, վիճող սուբյեկտը հնարավորություն է ստանում վեճը լուծել մասնագիտացված դատավորների կողմից, որը փոքրացնում է սխալվելու հավանականությունը:

Ներկայումս Ազգային ժողովում գտնվող այս օրենսդրական փաթեթի նախաձեռնությունը պատկանում է ՀՀ կառավարությանը: Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահը նշեց, որ մասնագիտացված դատարանի ստեղծումը ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի պահանջն է, որ մինչ օրս չի կատարվել եւ փորձ է արվում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը: Բացթողումն արձանագրել են նաեւ միջազգային կազմակերպություններըՙ իշխանությունների ուշադրությունը հրավիրելով այս ոլորտում հնարավոր փոփոխությունների նպատակահարմարության վրա:

Մասնավորապես ՄԱԿ-ի 2000 թ. մարդկային զարգացման ազգային զեկույցում արձանագրվել է. «ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված էր ստեղծել տնտեսական դատարաններ, սակայն իրականում ստեղծվեց միայն վերաքննիչ տնտեսական դատարան, որի պատճառով մասնագիտական դժվարություններ են առաջացել տնտեսական վեճերը դատական կարգով լուծելու խնդրում»:

Պրն Մանուկյանը հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնության առիթ են հանդիսացել դատարանի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ, որոնցից առաջինը ժամկետների հարցն է: Առաջին ատյանի դատարանում նախատեսված է գործերի քննության երկամսյա ժամկետ, նույնքան ժամանակ է նախատեսված վերաքննիչ դատարանի համար, եւս մեկամսյա ժամկետ վճռաբեկ դատարանի համար: «Եթե նույնիսկ բացառենք դատական քաշքշուկները եւ ժամկետների խախտումն այս երեք դատական ատյաններում, ապա լավագույն դեպքում գործն իր ավարտին կհասնի 5 ամսվա ընթացքում: Սակայն, ինչպես հայտնի է, գործերը ե՚ւ առաջին, ե՚ւ վերաքննիչ ատյաններում բավականին երկար են ձգձգվում», ասաց Հովհաննես Մանուկյանը: Նաեւ ավելացրեց, որ ներկայումս դատարանի վարույթում գործ ունեն, որն առաջին ատյանի դատարանում մուտք է եղել 2000 թ. հունվարին եւ ավարտվել է 2001 թ. մարտին: Ապրիլին ընդունվել է վերաքննիչ դատարանի վարույթ եւ դեռեւս քննարկման ընթացքում է: «Տեսեք, թե ինչպիսի կործանարար իրավիճակ կարող է լինել բիզնեսի համար, երբ նույնիսկ ակնկալվող հնարավոր հաղթանակն անիմաստ է դառնում, նույնիսկ անիմաստ է դառնում այդ վեճը շարունակելը», նշեց զրուցակիցս:

Ըստ պրն Մանուկյանի, տնտեսական մասնագիտացված դատարանի ստեղծման համար հիմք հանդիսացած երկրորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ առաջին ատյանի դատավորների մասնագիտական բացակայության հետեւանքով տնտեսական գործերի քննության որակը եւ դատական ակտերի որակը պատշաճ մակարդակին չեն համապատասխանում: «Մենք ստանում ենք «չմշակված» գործեր եւ ստիպված ենք լինում կրկին քննության առնել ամբողջ ծավալով, հակառակ դեպքում դժվար թե ճիշտ վճռի գանք», տեղեկացրեց տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահը: Պրն Մանուկյանի ասելով, տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի վեց դատավորների կրթական ցենզը մոտ է մասնագիտականին: Դատավորներից 3-ը նախկինում պետական արբիտր են աշխատել, մեկը գերագույն դատարանի (ԳԴ) քաղ. գործերով կոլեգիայի անդամ էր, մեկըՙ նոտար, մյուսըՙ ԳԴ-ի վարչական աշխատող:

Դատարանում ընդունված է իրենց գործունեության արդյունավետությունը գնահատել կայացրած դատական ակտերի կայունությամբ, եւ պրն Մանուկյանը նույնպես այս հանգամանքը չափանիշ ընտրելով փաստում է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի ակնհայտ առավելությունն առաջին ատյանի նկատմամբ: Այսպես, 2000 թ. ընթացքում վերաքննիչ դատարանի կայացրած 177 վճիռներից 93-ով դատարանն առաջին ատյանի վճիռների համեմատությամբ այլ բովանդակային վճիռներ է կայացրել, 13-ովՙ մասնակի է փոփոխվել: ՀՀ վճռաբեկ դատարանի ամփոփիչ արդյունքներով, տնտեսական վերաքննիչ դատարանի վճիռները 66,7 տոկոս կայունություն ունեն:

Թեպետ տնտեսական վերաքննիչ դատարանի դատավորները նշանակվել են այն կարգով, ինչպես բոլոր դատավորները, նրանց համար մասնագիտական հավելյալ չափանիշներ նախատեսված չեն, սակայն պրն Մանուկյանը գտնում է, որ այս առումով օրենսդրությունը դեռեւս կատարելագործման կարիք ունի: Տնտեսական դատարանի ստեղծումից հետո նախատեսվում է ներկայիս դատավորների 7 հոգանոց կազմը հասցնել 16-իՙ դատարանի նախագահով հանդերձ: Հովհաննես Մանուկյանը չի բացառում, որ այս անգամ ընտրություն կատարելիս տնտեսական դատարանի դատավորի կարգավիճակին հավակնողներին հավելյալ պահանջներ կառաջադրվեն: Թերեւս առավելություն տրվի այն անձանց, ովքեր տնտեսագիտությունն ուսումնասիրել են որպես երկրորդ մասնագիտություն կամ այդ ոլորտում պրակտիկ աշխատանքի փորձ ունեն:

Մեզ հետաքրքրում էր, թե դա բավարա՞ր է գործարարների համակրանքը շահելու համար, որպեսզի վիճելի հարցերին լուծում տրվեն դատարանում եւ արդյոք Հայաստանում գործարարությամբ զբաղվողներն ընդունո՞ւմ են դատական վիճաբանության քաղաքակիրթ տարբերակը: «Հիմքեր կան ենթադրելու, որ գործարարները ձգտում են դեպի դատարան, չնայած «դատվելը» բավական մեծ հաճույք է ոչ միայն զարգացող, այլեւ զարգացած երկրներում», հայտնեց վերաքննիչ դատարանի նախագահը: Նրա կարծիքով, շատերը չեն գնում այդ ճանապարհով, որովհետեւ գործ ունենք ոչ կատարյալ օրենքների եւ օրենքների խառնաշփոթի հետ: Մասնավորապես անդրադառնալով սնանկության վերաբերյալ մեր հարցմանը, տեղեկացրեց, որ 1999 թ. հունվարին դատարանների նախագահների խորհրդի կողմից կասեցվել էր սնանկության վերաբերյալ գործերի քննությունըՙ նույն օրենսդրական խառնաշփոթի պատճառով: Նրա ասելով, դատավորները մեծ փորձ չունեն սնանկ ճանաչելու գործերը քննելու հարցում, չկան նաեւ որակյալ մրցութային կառավարիչներ, որոնք դատարանի կողմից նշանակվելով կարող են կառավարել սնանկ ճանաչված ձեռնարկությունը: «Այս վիճակն անմխիթարականից լավ համարվել չի կարող», շեշտեց պրն Մանուկյանը, ավելացնելով, որ չնայած դրան, գործերն արդեն կասեցումից հանվում են եւ քննվում: Հովհաննես Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանում տնտեսական իրավունքի որակյալ մասնագետներՙ փաստաբաններ կան, որոնք բավականաչափ բարձր պրոֆեսիոնալիզմով են գործում, բայց մեծ պահանջարկ չունեն: Սակայն հավատացած է, որ տնտեսական աշխուժության դեպքում դատարաններում տնտեսական գործերի հոսքը կմեծանա, հետեւաբար նաեւՙ մասնագետ փաստաբանների պահանջարկը:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4