«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2001-05-16 | #89, 2001-05-17 | #90, 2001-05-18


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Ամփոփումՙ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 10-րդ նիստը, որտեղ ամփոփվեցին անցյալ տարվա աշխատանքի արդյունքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը երեկ ասուլիսի էր հրավիրել լրատվամիջոցներինՙ ներկայացնելու նորավարտ նիստում ընդունված որոշումներն ու առաջիկա ծրագրերը:

Գործադիր տնօրենի հավաստմամբՙ հոգաբարձուներն, ամփոփելով 2000 թ. ֆինանսական ու ծրագրային հաշվետվությունների արդյունքները, բարձր են գնահատել կատարված աշխատանքը: Նախ եւ առաջ, 1999-ի համեմատ արձանագրվել է գումարային մուտքերի աճ, որը կազմել է 30 տոկոս: Նախորդՙ 3 մլն 400 հազար դոլար մուտքի փոխարեն 2000-ի գումարային մուտքը եղել է 4 մլն 600 հազար դոլար: Ըստ հոգաբարձուների կանխատեսումներիՙ 2001-ին այդ մուտքերն ավելի են մեծանալու: Անցյալ տարվա առանձնահատկություններից էր նաեւ այն, որ կտրուկ աճել էր մնայուն հիմնադրամների թիվըՙ 2-ից հասնելով 8-ի: Հիշեցնենք, որ մնայուն են անվանվում այն հիմնադրամները, որոնք տվյալ հիմնադիր անձի, կամ նրա ցանկությամբ, որեւէ մեկ այլ անձի անունն են կրում, իսկ հիմնադրամում պահպանվող գումարն անձեռնմխելի է, քանի որ այս դեպքում օգտագործվում է միայն դրանից ստացված շահույթը: Այսպիսով, մնայուն հիմնադրամների քանակական աճին զուգահեռ տեղի ունեցավ նաեւ գումարային աճՙ 80 հազար դոլարից հասնելով 840 հազարի: Նորաստեղծ 6 մնայուն հիմնադրամները ստանձնել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին կանոնավորապես նպաստ վճարելու պարտավորությունը:

Ի դեպ, Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց եւս մի ուշագրավ փաստ: Նախկինում, ինչպես հայտնի է, հիմնադրամին նվիրատվություններ էին անում բացառապես սփյուռքահայ գործարար-բարերարներ, իսկ հայաստանյան գործարարները գրեթե լիովին անմասն էին իրականացվող բարեգործական ծրագրերին: «Հեռուստամարաթոնների անցկացման ժամանակ էլ, օրինակ, նվիրատվությունների հեղինակներն անհատ քաղաքացիներ էինՙ հասարակության ամենատարբեր շերտերից, իսկ գործարարներ եւ կազմակերպություններ գրեթե չկային, ինչը նույնիսկ անբարենպաստ տպավորություն էր առաջացնում սփյուռքում», ասաց նաՙ արձանագրելով, որ ներկայումս իրավիճակը հիմնովին փոխվել է: «Լռության եւ անտարբերության սառույցը կոտրվեց. առայժմ մատների վրա կարելի է հաշվել այն գործարարներին կամ կազմակերպություններին, որոնք դեռեւս չեն մասնակցել նվիրատվությունների գործընթացին: Սպիտակ քաղաքում մեր գործարարների տրամադրած գումարներով կառուցվում է 3 բնակելի շենք, եւ սա դեռ սկիզբն է», նշեց նա:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի սահմանած մրցանակին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շվեյցարահայ Պողոսյան ընտանիքի նախաձեռնությամբ սահմանվել է մրցանակ, որն այսուհետ տրվելու է գիտության եւ մշակույթի գործիչներինՙ լավագույն աշխատանքների համար: Այս ձեռքբերումը եւս, փաստորեն, հիմնադրամինն է: Հոգաբարձուների խորհուրդը մի քանի կարեւոր որոշումներ էր ընդունելՙ քարոզչական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, մոնիտորինգի կարգի սահմանման, նախորդ տարիների պես այս տարի էլ սպասվող հեռուստամարաթոնների ու հեռախոսամարաթոնի եւ շատ այլնի վերաբերյալ: «Երեւան-Լոս Անջելես» հեռուստամարաթոնը, նրա տեղեկացմամբ, կկայանա նոյեմբերի վերջին:

Ներկայումս հիմնադրամի շրջանակներում իրականացվում են 40-ից ավելի ծրագրեր, որոնք տարբեր փուլերում են գտնվում. այդ ծրագրերից առնվազն 10-ը կավարտվեն 2001-ի ընթացքում: Այդուհանդերձ, գլխավոր ծրագիրը, որին արդեն 2 տարի կենտրոնացած է հիմնադրամի ուշադրությունը, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն է: Այս ճանապարհի առաջին պատրաստ հատվածըՙ 30 կմ երկարությամբ, շահագործման կհանձնվի սեպտեմբերին: «Որպեսզի իրագործենք այս մեծ ծրագիրը, հոգաբարձուների խորհրդում ներկայացված բոլոր ուժերը պիտի միասնաբար հանդես գանՙ հավասարապես մասնակցելով նվիրատվությունների գործընթացին», ահա հիմնական մտքերից մեկը, որ արձանագրվել էր խորհրդի նիստում:

Սակայն այսքանով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը չեն սահմանափակվում: Հաջորդ տարի մեծ շուքով տոնվելու է կազմակերպության հիմնադրման 10-ամյակը: «Իսկ մեր առաջիկա ծրագրերից ամենանվիրականը, թերեւս, Նորքի անտառների վերականգնումն է», եզրափակեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4