«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2001-05-16 | #89, 2001-05-17 | #90, 2001-05-18


ՀԱՅԵՐՍ ՈՍԿԵՐԻՉ ՈՒ ԱԿՆԱԳՈՐԾ ԱԶԳ ԵՆՔ

<20019004.jpg>

Ոսկերչությունն ու ակնագործությունը Հայաստանում, անկախ ամեն ինչից, զարգանում են

Երեկ կառավարության դահլիճում բացված «Ոսկեգործություն-2001» ցուցահանդեսը իր ծավալով ու ներկայացվածությամբ մեկ անգամ եւս ապացուցեց, որ ոսկերչությունն ու ակնագործությունը Հայաստանի առաջնահերթ ավանդական, զարգացող ու հեռանկարային ոլորտներն են: Ինչպես ցուցահանդեսի բացմանը տեղեկացրեց Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը, տարեկան Հայաստան է ներկրվում 1,5-2 տոննա ոսկի եւ արտահանվում 80-120 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի արտադրանք: Այս ցուցանիշով ոսկեգործությունն ու ակնագործությունը շարունակում են մնալ ՀՀ արտահանման ծավալներում առաջնային ոլորտներ: Դրան նպաստում են նաեւ այդ ոլորտներում առկա մի քանի հարկային արտոնությունները, մասնավորապես, ԱԱՀ-ից ազատված է ոչ միայն արտահանվող ապրանքը, այլեւՙ ներքին շրջանառությունը:

Այս տարվա ցուցահանդեսը թվով չորրորդն է եւ նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակին, ցուցադրված որոշ նմուշներ խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանն ու քրիստոնեական մշակույթը: Ներկայացված ձեռնարկություններն էլ, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի շատ ենՙ մոտ 50: Ընդլայնված է նաեւ նրանց «աշխարհագրությունը»ՙ Ռուսաստան, Իտալիա, Ուզբեկստան, նույնիսկՙ Թուրքիա: Կազմակերպիչներիՙ ՀՀ ակնագործների ու ոսկերիչների միության (որն ունի մոտ 10 հազար անդամ) տվյալներով, այս տարվա ցուցահանդեսում հայտերի կտրուկ ավելացման պատճառով դահլիճը չի բավարարել, եւ առաջ է եկել մշտական ցուցահանդեսային տարածք ունենալու անհրաժեշտությունը. ընկերությունները զբաղեցրել են նույնիսկ դահլիճի երկրորդ հարկը, որտեղ առաջին անգամ ներկայացված են դիզայներական, սարքավորումների ու հումք վերամշակող ձեռնարկությունները: Այս տարի ստացվել են նաեւ մի քանի կարեւոր հայտեր իրացնող կազմակերպություններիցՙ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Ուզբեկստանից, որոնք ցանկություն ունեն հայաստանյան ձեռնարկություններից մեծաքանակ գնումներ կատարել ու արտահանել:

Ընդհանրապես, երեկվա ցուցահանդեսը ավելի շատ հիշեցնում է ոչ թե արդյունաբերական, այլեւ մշակութային ցուցահանդես, եւ, թերեւս, դա էր պատճառը, որ երեկ ցուցահանդես այցելած ՀՀ նախագահը (որը ներկա է եղել համանման նախորդ բոլոր ցուցահանդեսներին) ավելի քան մեկուկես ժամ մանրամասն, ակնհայտ բավականությամբ շրջեց ցուցասեղանից ցուցասեղան, մեկառմեկ զրուցեց ոսկերիչների ու ակնագործների հետ:

«Մեկ տարում ես նկատելի փոփոխություններ եմ տեսնում այս ոլորտում: Այն քայլերը, որոնք արվել են հարկային դաշտի կարգավորման առումով, նաեւՙ ոսկերիչների միության ավելի ակտիվ աշխատանքով, արդեն իսկ տվել են իրենց արդյունքը: Այս տարի նկատելի էր որակի ու դիզայնի աճ, կան հետաքրքիր լուծումներ, եւ կարեւորըՙ նոր տեխնոլոգիաների ներմուծում, որը շատ կարեւոր է, հակառակ դեպքում այս արտադրանքը մրցունակ չի կարող լինել միջազգային շուկայում», ասաց Ռ. Քոչարյանըՙ ցուցադրությունները դիտելուց հետո: Նախագահը բազմիցս է հայտարարել, որ ոսկերչությունն ու ակնագործությունը Հայաստանի համար կարեւորագույն ավանդական ոլորտներ են, նաեւ հետաքրքիր են ընտանեկան բիզնեսի զարգացման առումով: «Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ ոլորտներում» հարցին պատասխանեց, որ շատ քիչ խնդիրներ են մնացել: Միակ խնդիրը դրսի շուկաների հետ ավելի ակտիվ աշխատանքն է. այսօր ավելի շատ պետք է մտածել արտադրանքը համաշխարհային շուկաներ հանելու մասին, իսկ հարկային փոփոխությունների նախագիծը, որ ներկայացվել է ԱԺ քննարկմանը, կնշանակի «բոլոր խոչընդոտների վերացում»: Նախագահը չի համարում ոսկերչությունը խոշոր ներդրումների հարմար ոլորտ: «Սա այն բնագավառն է, որտեղ պետք է կարողանալ նոր տեխնոլոգիաների ներդրման, ուղեղի ավելի ակտիվ աշխատանքի շնորհիվ, ստեղծագործական աշխատանքով մտնել արտաքին շուկաներ», եզրափակեց նա: Նախագահը, ճիշտ է, մանրամասն նայեց նմուշներն ու հետաքրքրվեց, բայց խոստովանեց, որ ոչինչ չի ընտրել: Նմանապես ոչինչ չէր ընտրել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը կառավարության նիստի ընդմիջումը նախարարների հետ անցկացրեց ցուցահանդեսային սրահում: Ընդհանրապես, ցուցահանդեսի գեղարվեստական մթնոլորտը վարչապետին տրամադրել էր գեղարվեստական բնորոշումների. «Այս ցուցահանդեսն ապացուցում է, որ ամեն ինչ Հայաստանում այնքան վատ չէ, ինչպես պատկերացնում ենք: Լուսավոր կետեր էլ կան, լուսավոր մարդիկ, որոնք ոչ միայն արտադրողներ են, այլեւ ստեղծագործող, յուրահատուկ արվեստի գործեր ստեղծող»:

«Ոսկեգործություն-2001»-ը կշարունակվի մինչեւ մայիսի 21-ը:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4