Ինչպես ակնկալում էինք, երեկ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվության համակարգը պաշտոնապես հրապարակեց նախորդ օրը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանին կարգալույծ հռչակելու մասին Ամենայն հայոց հայրապետի վճիռը: (Ի դեպ, սա 2-րդ դեպքն է, երբ կարգալույծ է հռչակվում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին մի առաջնորդ. առաջինը պատահել է 1976 թ., երբ երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետը կարգալույծ է արել Պարգեւ Սրբազանին:
Ինչպես երեւում է, Մոսկվան շատ գրավիչ պատառ է մեր մի շարք եկեղեցականների համար): Եվ ինչպես սպասվում էր, Տիրան (Ղազարոս) Կյուրեղյանը հայրապետական այդ վճռից հետո էլ շարունակում է իր անհնազանդությունը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ նա մամլո ասուլիս է տվել մոսկովյան լրատվամիջոցների համար եւ փորձել է վիճարկել Ամենայն հայոց հայրապետի վճիռըՙ վկայակոչելով ինչ-որ կանոնադրություն: Այնինչ, Հայ եկեղեցու հայաստանյան ու «ներքին» թեմերի համար 1991 թ. Վազգեն Ա հայրապետի կողմից մշակված ու հաստատված կանոնադրության («Կանոնադրության նախաշավիղ») 38-րդ հոդվածի համաձայն եկեղեցական կարգալույծ հռչակելու իրավասությունը բացառապես տրված է Ամենայն հայոց կաթողիկոսինՙ թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի տեղեկագրի հիման վրա: Իսկ Տիրանի պարագայում մենք գիտենք, որ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմական խորհուրդը (նախագահՙ Արթուր Չիլինգարով) հավաքաբար թե անդամներն առանձին-առանձին, գրավոր բազմաթիվ բողոքներ են ներկայացրել Վեհափառ հայրապետին: Եվ ոչ միայն նրանք:
Ստորեւ Նոյյան տապան գործակալության մատուցմամբ ներկայացնում ենք ռուսաստանաբնակ հեղինակավոր մի խումբ հայ մտավորականների բողոքները նախկին առաջնորդի մասին:
Մայիսի 16-ին Ռուսաստանի հայ մտավորականության ներկայացուցիչները հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ, այժմ կարգալույծ Տիրան (այժմՙ Ղազարոս) արք. Կյուրեղյանի «անվայել եւ ապաբարոյական» գործողությունները դատապարտող հայտարարությամբ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Ադյանը, Ազատյանը, Աղայանը, Աթաբեկովը, Ներսիսյանցը, Սարգսյանը, Թախտաջյանը, ՌԳԱ թղթակից անդամներ Հարությունյանը, Բաղդասարովը, Հարությունովը, Դանիլյանը, Բաբայանը, Փիրումովը եւ ռուսական գիտության այլ հայտնի գործիչներ Տիրան արք. Կյուրեղյանի վարքն անվանել են «խելակորույս հոգեւորականի անօրինական արարքներ» եւ կոչ են արել Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին «արդարացի գնահատական տալ «մի խումբ հերձվածողների» ապակառուցողական գործունեությանը, որոնք փորձում են այսօր Մոսկվայում «կամայականություն գործել եւ պղծել հասարակ հավատացյալների հոգիները»:
Դիմումի հեղինակները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդից պահանջել են «չհապաղել եւ ամուր կամք դրսեւորել»: Նրանք նաեւ կոչ են արել Ռուսաստանի եւ, մասնավորապես, Մոսկվայի հայ համայնքի անդամներին համախմբվել Սուրբ Էջմիածնի, Գարեգին Երկրորդ կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս վարդապետ Ներսիսյանի շուրջ:
Ռուսական ստեղծագործական եւ գիտական մտավորականության մի շարք այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին, ԳՀԻ գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Հենրիկ Մանուկյանը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Ռուբինա Քալանթարյանը, Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արտեմ Տոտալյանը, ՌԴ ժողովրդական արտիստուհի Մարիա Ղամբարյանը եւ շատ ուրիշներ կոչով դիմել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, «զերծ պահել հայերին անպատվությունից եւ կործանարար անջատվածությունից», որին հանգեցնում են Տիրան Կյուրեղյանի ներկայիս գործողությունները:
Նրա վարքագիծը, ինչպես գտնում են այդ դիմումի հեղինակները, «արատավորում է Հայ եկեղեկու սպասավորի վեհ կերպարը»:
Ինչպես հաղորդում է CNA գործակալությունը, մի քանի օր ավելի վաղ Տիրան Կյուրեղյանը հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ենթակայությունից Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի դուրս գալու մասին: Բանն այն է, որ 2000 թ. հոկտեմբերին հայրապետական տնօրինությամբ Տիրան Կյուրեղյանը «այլ պատասխանատու աշխատանքի անցնելու կապակցությամբ» ազատվել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պարտականություններից, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքությունում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի պարտականություններից: