«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2001-05-16 | #89, 2001-05-17 | #90, 2001-05-18


ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ...

<20019006.jpg>

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամբաստանյալ Ն. Հունանյանն իրենց հանձնվելու «արարողության» նկարագրությամբ երեկ ավարտեց ահաբեկչական խմբի գործունեության մասին իր դատաքննական ցուցմունքները եւ անցավ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքների մեկնաբանությանը: Իր անհամաձայնությունը հայտնեց ահաբեկչական խմբին առաջադրվածՙ դիտավորությամբ սպանություններ կատարելու, նույն շարժառիթներով մյուսներին վիրավորելու, թվով 91 անձանց ազատությունից զրկելու, ապօրինի զենք եւ զինամթերք ձեռք բերելու, ԱԺ-ի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու եւ մյուս մեղադրանքներին, հերքեց նախաքննական մարմնի կողմից դրանց տրված հիմնավորումները:

Յուրի Բախշյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Է. Աղաջանյանն ընդհատեց ամբաստանյալին, ասելով, որ նա անցել է պաշտպանական ճառիՙ հերքում է մեղադրանքը, որը կարող է անել հետագայում: Նախագահողը համամիտ էր փաստաբանի հետ, որից շփոթվեց ամբաստանյալը:

Նա հայտնեց, որ ըստ էության իր ասելիքն ավարտել է եւ պատմածից բացի, մեկ առանձին գրավոր նյութ ունի, որը վերաբերում է իրենց գործողության պատճառներին ու նպատակներին եւ պետք է հանձնիՙ քրեական գործին կցելու համար: Ավելացրեց, որ հրաժարվում է նախաքննական այն առանցքային ցուցմունքներից, որոնք հակասում են դատաքննական ցուցմունքներին, հիշեցրեց, որ դրանցից արդեն հրաժարվել է նախաքննության ընթացքում:

Մեղադրողներից Հ. Մարտիրոսյանն առաջարկեց շարունակել ցուցմունքները, սակայն առանց մեղադրանքին գնահատական տալու: «Թող խոսի արարքը կատարելու պատճառների ու նպատակների մասին, միգուցե կընթերցի դահլիճում ու կհանձնի», հայտնեց մեղադրողըՙ նկատի ունենալով ամբաստանյալի ակնարկած գրավոր վերլուծությունը: Ամբաստանյալը տեղեկացրեց, որ ինքը դատաքննական ցուցմունքներն այլ կերպ էր կառուցել եւ նման ընթացք չակնկալելով, գրավոր նյութը հետը չի վերցրել: Նրան անորոշությունից հանեց Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, հետաքրքրվելովՙ ամբաստանյալը նախաքննական ցուցմունքներին անդրադառնալո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ ապացույցների հետազոտման փուլում դրանք գնահատվելու են: Ն. Հունանյանը հիշեցրեց, որ նման փորձ արել է ցուցմունքներ տալու առաջին օրերին, սակայն դատավարության մասնակից կողմերը վաղաժամ են համարել նախաքննական մարմնի քննությանն անդրադառնալը: Եթե գտնում են, որ հիմա պետք է խոսի, մեկ օր ժամանակ է անհրաժեշտ նման «լուրջ ցուցմունքների» պատրաստվելու համար:

Ակնհայտ էր, որ Ա. Սարգսյանն ու մեղադրող կողմն ամբաստանյալին հուշեցին խոսել իրենց անցանկալի թեմայիՙ նախաքննական մարմնի վարած քննության շուրջ, հուշեցին նաեւ, որ Ն. Հունանյանը իր պատրաստած գրավոր նյութըՙ «91 թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ 99 թ. վերջը հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու, իշխանության կողմից ժողովրդին ոչնչացնելու պատճառների վերլուծությունն» ընթերցի, հետո հանձնի դատարանին: Միայն այն հանգամանքը, որ ամբաստանյալն ահաբեկչական գործողության նկարագրությամբ ավարտեց իր ասելիքըՙ միանգամից անցնելով մեղադրանքը հերքելուն, փաստ էր, որ նա նույն վիճակում էր, ինչ հոկտեմբերի 27-ին, երբ սպանությունը կատարելուց մեկ ժամ հետո չգիտեր անելիքը: Մինչդեռ նրա համար պաշտպանվելու լավագույն տարբերակ կարող էր լինել նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու պատճառները մեկնաբանելը եւ այդ ցուցմունքների գոյության մասին բացատրություններ տալը: Երեկ նրա համար կրկին ստեղծված անորոշ վիճակը փարատեցին իրենքՙ մեղադրողները, ակնհայտ իրավական օգնություն ցուցաբերելով ամբաստանյալին: Հուշեցին, թե ինչի մասին խոսի եւ ինչպես խոսի: Թե ուրիշ ինչ կերպ է լինում իրավական օգնություն ցուցաբերելը, որի մասին երկար ժամանակ աղաղակում են տուժողներն ու նրանց հարող ուժերըՙ դժվար է պատկերացնելը:

Հիշեցնենք, որ Ն. Հունանյանը դատապաշտպան ունի, որի հայտարարության համաձայն պաշտպանյալը դեռեւս իրենից իրավական օգնություն չի ակնկալել: Երեկվա նիստում այդ առանցքային հարցի քննարկման ժամանակ նա կրկին չափազանց զուսպ գտնվեցՙ իր պաշտպանյալին չհուշելով անգամ, թե որը կարող էր ավելի օգտակար լինել նրա համարՙ իր պատկերացրած ձեւով ցուցմունքները կառուցելը, թե՞ մեղադրողների խորհրդին հետեւելը: Դատավորը կարճ ընդմիջում հայտարարեցՙ կողմերին հնարավորություն տալով կողմնորոշվելու, թե ցուցմունքներ տալու ո՞ր տարբերակով առաջնորդվի ամբաստանյալ Ն. Հունանյանը: Ընդմիջումից հետո «կողմնորոշված» մեղադրողները Ն. Հունանյանին առաջարկեցին ցուցմունքները շարունակել այնպես, ինչպես սկսել է, սակայն առանց գնահատականների:

Մեղադրանքի շուրջ տված ցուցմունքներում ամբաստանյալն իրենց գործողությունը որակեց ահաբեկչությունՙ այն նույնացնելով ԱՍԱԼԱ-ի գործողությունների հետ: Նշեց, թե համաշխարհային պրակտիկայում նախադեպ չկա, որ ահաբեկչության ժամանակ անձին ազատությունից զրկեն, ինչպես նշված է մեղադրական եզրակացությունում: Նման գործողությունների ժամանակ պատանդներ են վերցնում, ինչպես եւ վարվել են իրենք: Նրա ասելով, իրենց գործողություններն իշխանությունը թուլացնելու նպատակ չէին հետապնդել, ինչպես որակել է նախաքննական մարմինը, ընդհակառակըՙ իբր իրենց ծրագիրը ժողովրդի իշխանության ամրապնդում էր նշանակում: Կտրականապես առարկեց մեղադրական եզրակացության այն ձեւակերպման դեմ, որ դահլիճում գտնվողներին զրկել են ազատությունից: Ամբաստանյալի ասելով, դահլիճում գտնվողներն ազատ տեղաշարժվել են, ցանկության դեպքում անարգել հեռացել են դահլիճից: Զենքերը հավաքելուց հետո պատգամավորներից ոմանց մոտ ատրճանակներ են մնացել:

Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի օրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4