«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


ՇՐՋԱՆՑՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դա միայն ցանկության հարց է

Չնայած ինֆորմացիայի որեւէ արտահոսք ոչ հանրապետության նախագահի, ոչ արտգործնախարարի կողմից չի եղել, եւ գրեթե պահպանվում է նույն վիճակը, ինչ կար քաղաքական ուժերի, նախագահի հանդիպումից հետո, սակայն ամենատարբեր շրջանակներ լուրջ մտավախություն են հայտնում, թե Հայաստանին պարտադրվում է կարգավորման անընդունելի փաստաթուղթ: Որպես դրա ցայտուն օրինակ ուշադրությունից դուրս չեն մղվում արտգործնախարարի արտահայտությունները գրավված տարածքներիՙ Մեղրու միջանցքի բացման հետ կապված, որին հաջորդեց նախագահի բացատրությունը: Իրավիճակը չփոխվեց անգամ պաշտպանության նախարարի ելույթից հետո, երբ նա հայտարարեց, որ որոշ տարածքներ գրավված են անվտանգության գոտի ստեղծելու համար, եւ այդ մասին Հայաստանի իշխանությունները խոսել էին 1992 թ.-ից:

ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանի գնահատմամբ, բարձրացված աղմուկն ընդամենը խաղ է այն քաղաքական ու հասարակական շրջանակների համար, որոնք «լճացված պրոցեսում» գտնվելու պատճառով խնդիր ունեն ամեն ինչ օգտագործել իրենց հիշեցնելու համար: Օսկանյանի արտահայտություններն առիթ էին աղմուկ բարձրացնելու, որից եւ օգտվեցին: Հանրապետական գործիչը «լճացված պրոցեսում» թերեւս կարող է նկատի ունենալ երկրապահական շրջանակներին, որոնք ղարաբաղյան խնդրի հետ կապված ցանկացած տեղաշարժի բավականին էմոցիոնալ են արձագանքում: Այս ուժը ներկայացնող «Հայաստան» խմբի քարտուղար Արա Կետիկյանը հայտարարում է, թե հանրապետության նախագահը օբյեկտիվի կողքին նաեւ սուբյեկտիվ պատճառներով գաղտնի է պահում բանակցային գործընթացը: Կետիկյանը սուբյեկտիվ է համարում, որ նախագահը նույնիսկ չի հրապարակում այն, ինչ կարող էր հրապարակելՙ պահելով հասարակությանը կատարյալ տեղեկատվական քաղցի մեջ:

Հենց դա էլ պատճառ է դառնում ամենատարբեր շրջանակներիՙ սկսած սոցուժերի ղեկավար Մանուչարյանից մինչեւ Դեմկուսի ղեկավար Սարգսյանը, ամենատարբեր հիմնավոր ու անհեթեթ մեկնաբանությունների:

«Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը զուգահեռներ անցկացնելով Օսկանյանի արտահայտությունների եւ ԱՄՆ դեպարտամենտի հաղորդագրությունների միջեւ, տեսնում է հստակ նմանություն: Ըստ նրա, այն, ինչ մտածում ու շրջանառության մեջ են դնում դեպարտամենտից, նույնությամբ կրկնվում է Հայաստանում ամենաբարձր մակարդակով, եւ դա պատահական լինել չի կարող:

Անհանգստություն է տեսել նաեւ Կոմկուսը, որն, ի դեպ, չգիտես ինչու, հարցի կարգավորումը դիտարկում է Ռուսաստան-Բելառուս միությանը կցվելու տեսանկյունից, թեեւ անհասկանալի էՙ ինչ կապ կարող է ունենալ մեկը մյուսի հետ: Չցանկանալով անգամ լսել այս միությանն անդամակցելու մասին, Դաշնակցությունն ընդհանրապես հեռու է քաշվում ղարաբաղյան խնդրի շահարկումներիցՙ փորձելով հարցը դիտարկել զարգացումների ենթատեքստով: Այսպիսով, նրանք բավականին հանգիստ մոտեցան ե՚ւ Օսկանյանի, ե՚ւ Սարգսյանի հայտարարություններինՙ բնական համարելով վերջինիս հնչեցրած բնորոշումը:

Ամեն դեպքում քաղաքական ուժերի վերջին շրջանի նկատվող ակտիվությունը պարզորոշ ցույց է տալիս, որ նրանք իրենցից հեռու են մղում հարցի կարգավորման պատասխանատվությունը: Ապրիլի 20-ին խորհրդարանական բոլոր ուժերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ փորձ էր արվում հստակեցնել լուծման այն հնարավոր սահմանները, որոնք հայկական կողմի համար կարող են առավելագույն զիջումները լինել, որն, ի դեպ, ողջունեց նաեւ հանրապետության նախագահը: Դա նշանակում է, որ նախագահը դեմ չէ հայտարարության բովանդակությանը եւ պատասխանատու է միայն նշված սահմաններում հարցի կարգավորման համար: Խաղի կանոնների համաձայն, նրա կողմից ցանկացած շեղում հայտարարությունից կարող է հիմք հանդիսանալ նախագահի դեմ կիրառելու հենց այն միջոցները, որոնցով 1998 թ. տապալվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Ընդ որում, այն ժամանակ նման որեւէ հայտարարություն գոյություն չուներ, իսկ Տեր-Պետրոսյանի եւ իր համախոհների իշխանությունը ներկայինիս ոչնչով չէր զիջում: Հայտարարությունն, իհարկե, օրենք կամ որեւէ իրավական ակտ չէ, որի անհրաժեշտությունը զգացվում էր դեռ հրադադարից հետո սկսված բանակցային ողջ գործընթացում: Այդ դեպքում հստակ կլինեին խախտման իրավական հետեւանքները, եւ հանրապետության նախագահը կամ որեւէ անձ պատասխանատու կլիներ ոչ միայն քաղաքական հայտարարության, իր նախընտրական ծրագրերի առաջ, այլեւ հենց օրենքի:

Սակայն քաղաքական ուժերը բավարարվեցին միայն հայտարարությամբ, որի կետերի պահպանումը աներկբա համարեցին: Այդ դեպքում որտեղի՞ց է գալիս մտավախությունը. ըստ էության հենց նույն հայտարարությունից, որտեղ տեղ գտած սկզբունքների կողքին առկա են այնպիսի բացթողումներ, որոնք այլ նպատակներ ունեցող ցանկացած նախագահ կարող է օգտագործել: Մասնավորապես ԼՂՀ եւ ՀՀ տարածքների երաշխիքների հարցը խնդրի կարգավորումից հետո, Մեղրու տարածքով անցնող կոմունիկացիաների վերահսկողության հարցը, «ազատագրված» տարածքները վերադարձնելու կարգը եւ այլն: Եթե նկատի ունենանք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը ենթադրում է փաթեթային լուծում, ինչպիսին եւ ընկալվում է, ապա պարզ է դառնում, որ այս կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ հստակ դիրքորոշումը որքան կարեւոր կարող է լինել: Եթե հանրապետության նախագահը կամ արտգործնախարարը որեւէ շփոթեցնող հայտարարություն են անում կամ, ասենք, գործողությունների դիմում, մեղքի հիմնական մասը քաղաքական ուժերն իրենց վրայից չպետք է հեռացնեն: Հետեւաբար անհստակությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ իշխանությունները բոլորովին չեն շեղվում հայտարարությունից, այլ ցանկության դեպքում նույնիսկ կարող են օգտագործել:

Ժնեւյան հանդիպմանը գրեթե մեկ ամիս է մնացել: Եթե քաղաքական ուժերին այդքան անհանգստացնում է տարվող արտաքին քաղաքական գիծը ղարաբաղյան կտրվածքով, ապա կարող է վիճահարույց հարցերի առումով այս ընթացքում հանդես գալ հստակ դիրքորոշմամբ եւ սահմանափակել բանակցողների մանեւրելու բոլոր հնարավորություններըՙ բանակցությունների արդյունքը որոշելիս:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4