«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հրանտ Խաչատրյանը

Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին լրագրողները հանդիպեցին ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի հետ: Հրատապ թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էր եւ կարգավորման ներկա փուլը: Անդրադառնալով Օսկանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններինՙ ՍԻՄ նախագահն ասաց. «Դրանց հետեւում երեւացին ՀՀ ղեկավարության, մասնավորապես ՀՀ նախագահի արտաքին քաղաքական կուրսի որոշ մանրամասներ, որոնց հանդեպ մեր կուսակցությունը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ», ուր ընդգծվում էր, որ գործող բոլոր փաստաթղթերով արգելվում է Հայաստանի որեւէ պաշտոնական ներկայացուցչի Արցախն ուղղակի կամ անուղղակի անվանել ադրբեջանական տարածք: Խնդիրը, ըստ Խաչատրյանի, այն է, որ հրադադարից հետո ազատագրված տարածքների կարգավիճակի մասին հիմնականում լռում էինք, իսկ այսօր փաստորեն դրանց շուրջ բանավեճ է հրահրված: «ՀՀ ղեկավարությունը բացահայտեց, որ բանակցային գործընթացում խոսք է գնում այդ տարածքների վերադարձի մասին, եւ կարծեք թե նրանք նախնական համաձայնություն են տվել 6 շրջանների վերադարձման համար, ընդ որումՙ դրա դիմաց պնդելով ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի կամ Հայաստանին վերամիավորվելու մասին, այլ ակնարկելով, որ Հայաստանը դրա դիմաց ստանա կարգավիճակի որոշ առավելություններ»: Մինչդեռ «1988-ից սկսվել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի մի նոր փուլ, եւ այս սերունդն այդ պայքարի ընթացքում իր պատմական տարածքների մի մասի վրա փորձում է ամրապնդել իր անկախ պետականությունը»:

ՄԱԱ-ի հյուրն ընդգծեց, որ այսօր միջազգային հանրությունն արձանագրել է Ղարաբաղի եւ Հայաստանի «դե ֆակտո» վերամիավորումը, բայց միաժամանակ ընդունում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հարցի վիճարկելիությունը: Խաչատրյանը նշեց, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումից հետո է միջազգային հանրությունը ճանաչել Հայաստանի անկախությունը, ասել է թեՙ ճանաչել է նաեւ այդ որոշումը, որը գործում է նաեւ այսօր, եւ միայն Մեծ Բրիտանիան է, որ մեր անկախությունը ճանաչեցՙ Ղարաբաղի մասով վերապահություն հայտնելով:

«Այսօր խնդիրն այն չէ, որ ՀՀ նախագահը կարող է միանձնյա հանձնել Արցախը, կամ մենք նրա նկատմամբ այդպիսի կասկած ունեք, խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հարց ունի իր ընթացքը, եւ այն պետություններն են ամուր եղել, ուր ղեկավար կորիզն օժտված է եղել եւ լայն լիազորությամբ եւ վստահությամբ», նկատեց Խաչատրյանը: Անդրադառնալով ԱԺ-ում խնդրի քննարկմանըՙ նա տեղեկացրեց, թե ՍԻՄ-ը գտնում է, որ խնդիրը պետք է հասունանա, հանրային կարծիքը պետք է հասունանա նոր դրվի ԱԺ օրակարգՙ քննարկման: Ըստ նրա, 1989-ի դեկտեմբերի 1-ից մեկ օր առաջ ոչ ոք վստահ չէր, որ հաջորդ օրը կընդունվի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը, պարզապես խնդիրը խիստ էր հասունացել:

ՄԱԱ-ի հյուրը նկատեց, որ, անշուշտ, ծագելու են սահմանների ճշտման հարցեր, սակայն սկզբունքը պետք է լինի Ղարաբաղի ճանաչումը եւ հետո միայն սահմանների եւ հաղորդակցությունների հարցերը: Ըստ նրաՙ այսօր տարբեր երկրներ փորձում են հաղորդակցությունների եւ դրանց վերահսկողության հարցեր լուծել, իսկ վերահսկողությունը երկրի ինքնիշխանության խնդիր է: «Հայաստանն է երկրի եւ իրավիճակի տերը եւ պետք է կարողանա իր վճռական խոսքն ասել, այլ հարց է, որ տարբեր երկրներ հայտնվում են այնպիսի ճգնաժամերում, որ կարող են ոչ միայն տարածքներ զիջել, այլեւ կարող են զիջել իրենց ամբողջ տնտեսական համակարգը»: ՍԻՄ-ի նախագահն ավելացրեց, որ ռազմաքաղաքական դաշինք կարելի է կազմել այն երկրների հետ, որոնք անվերապահորեն կճանաչեն Ղարաբաղը որպես Հայաստանի հետ վերամիավորված երկիր, որի անկախությանը չեն սպառնա եւ միաժամանակ կհամաձայնվեն լայնածավալ տնտեսական վերականգնման ծրագրեր իրականացնել մեր տարածաշրջանում:

Արդյոք դուք համարո՞ւմ եք, որ այսօր իրականացվող քաղաքական կուրսը Ղարաբաղի հարցում պարտվողական է. ի պատասխան մեր այս հարցի ՄԱԱ-ի հյուրը նկատեց. «Միայն Ղարաբաղի արտաքին քաղաքական կուրսի վերլուծությամբ կդժվարանայի այդպիսի կարծիք հայտնել, որովհետեւ նախագահների բանակցություններն ընդամենը մնում են նախագահների բանակցություններ: Սակայն այնքան լուրջ է բանակցությունների հզորությունը, որ յուրաքանչյուր ասված խոսք կարող է դիտվել որպես պարտավորություն, սակայն դա դեռ պարտավորություն չէ: Մենք լուծումները տեսնում ենք հաշվարկած եւ ճշգրիտ քայլերի մեջ: Ես չեմ բացառում, որ վերջին բանակցությունների ժամանակ Քոչարյանը նման նախնական պայմանավորվածությունների հասած լինի, ինչը հետո պետությանը եւ ժողովրդին դնի լուրջ վիճակի մեջ»: Միաժամանակ Խաչատրյանը նկատեց, որ 1998-ի սցենարով այսօր իշխանափոխության տարբերակն ընդունելի չի համարում, եւ ՍԻՄ-ը չի պահանջում Քոչարյանի հրաժարականը:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4