<20019101.jpg>
Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերն ընդունված 11 նորագիրների երդման արարողություն եւ նախապես իրենց ուխտը կատարած 22 կուսակցականների անդամատոմսերի հանձնում: Նորագիր անդամների ուխտը ընդունեց Հայաստանում ՌԱԿ ամենահին անդամներից Հակոբ Ավետիքյանը:
Շնորհավորելով նորագիրներին ՀՌԱԿ շարքերը ընդունվելու կապակցությամբ, Հ. Ավետիքյանն ասաց, որ այնքան էլ հեշտ բան չէ ռամկավար ազատական լինելը: Ընդհանուր հեղափոխականության մթնոլորտում, սոցիալ-տնտեսական բեւեռացման ներկայիս պայմաններում խիստ դժվար է լինել այնքան ազատ, որ չսահմանափակես ուրիշների ազատությունը եւ լինել այնքան ողջամիտ, որ ուրիշների տնտեսական հզորացման մեջ տեսնես քո՚ բարեկեցությունը: Մանավանդ Հայաստանի ներկա պայմաններում, երբ իշխանությունները դեռեւս շատ հեռու են բոլորին հավասար առիթներ տալուց: Առավել դժվար է ՀՌԱԿ անդամ լինելը, ասաց նորագիրների կնքահայրը, քանզի այս կուսակցությունը հրապարակներում աղմկող, ամբոխահաճ եւ հեղափոխական կազմակերպություն չէ: «Սակայն, ավելացրեց նա, մենք գտնում ենք, որ ռամկավար-ազատականությունն է մեր երկրի ու պետականության զարգացման ճիշտ ուղին, մեր ժողովրդի բարեկեցության ճշմարիտ գրավականը»:
Այնուհետեւ 11 նորագիրները ՌԱԿ դրոշի առաջ ուխտեցին պատվով ծառայել «ազգիս, հայրենիքիս եւ նրա սուրբ դատին»:
Արարողությանը ներկա էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը եւ Մեխակ Գեւորգյանը, ինչպես նաեւ տարբեր ակումբների ատենապետներ: