«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2001-05-17 | #90, 2001-05-18 | #91, 2001-05-19


«ՀՀ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԹԱԼԱՆԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱՖԻԱՅԻ ԹԱԼԱՆԻ ՀԵՏ»

<20019103.jpg>

Փոխնախարարը պահանջում է կառավարության հրաժարականը

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ

«Հայաստանում տեղի է ունենում էկոլոգիական քաղաքացիական պատերազմ», երեկվա իր ասուլիսում հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման փոխնախարար Վալերի Մխիթարյանըՙ հրապարակ նետելով իր նշանակման մոտ 9 ամիսների ընթացքում կատարած համապարփակ ուսումնասիրություններից հայտնաբերած ցնցող փաստերը կամ, իր խոսքերով, ՀՀ բնական ռեսուրսների կառավարման, իսկ ավելի շուտՙ չկառավարման «համակցված պատկերն ու ֆինանսական շարժերը»: Ըստ այդմ, անցյալ տարիներին, ինչը շարունակվում է նաեւ մինչեւ օրս, Հայաստանում թալանվել է 6 մլն խմ «ձախ փայտ», 10 մլն խմ «ձախ ջուր», 24,2 տոննա «ձախ ձուկ» եւ այլն: Մասնագիտական, փորձագիտական վերլուծությունները թույլ են տալիս փոխնախարարին արձանագրելու, որ Հայաստանում ընդհանրապես չկա բնական ռեսուրսների կառավարում, իսկ ավելի խիստՙ վտանգված է էկոլոգիական անվտանգությունը: Բացակայում է (կամ մասամբ) օրենսդրական դաշտը, կառավարությունը բացարձակ անտեղյակ է (այսինքնՙ տեղյակ է եւ նույնիսկՙ մասնակից) ոլորտում տիրող անարխիայից, թալանից, անօրինականությունից: Եվ այդ պայմաններում, բնականաբար, կոմունիստ փոխնախարարի (Վ. Մխիթարյանը ՀԿԿ կենտկոմի անդամ է, ԿԸՀ անդամ) ջանքերըՙ ստեղծված վիճակը ներկայացնելու վարչապետին, մինչեւ հիմա հանդիպել են պատի: Նրան մի անգամ հաջողվել է վարչապետին բանավոր պատմել այդ մասին, բայց մնացել է անարձագանք, հետո մեկ շաբաթ շարունակ անօգուտ ընդունելություն է խնդրել նրանից, դարձյալՙ անօգուտ, եւ ստիպված դիմում է վերջին միջոցինՙ լրատվամիջոցներին:

Ալան-թալանն ըստ ոլորտների

Անտառտնտեսություն. ներկայումս Հայաստանի մոտ 334,1 հազ. հա անտառային տարածքների մոտ 70 տոկոսը կազմալուծված է կամ ծերացած: Այդ վիճակը ստեղծվել է թալանի ու անօրինական անտառահատումների պատճառով: Մինչեւ 92 թ.-ը թույլատրվել է տարեկան սանիտարական եւ խնամքի հատումներ անել մինչեւ 60 հազ. խմ, մինչդեռ 1993-ին հատվել է 206 հազ. խմ, 94-ինՙ 120, 95-ինՙ 150, 96-ինՙ 120, 97-ինՙ 90, 98-ինՙ 64, 99-ինՙ 60 եւ 2000-ինՙ 60: 8 տարվա ընթացքում պետք է հատվեր 870 խմ փայտանյութ, մինչդեռ դա կազմել է 6 մլն խմ, այսինքնՙ տարեկան 750 հազ. խմ, ինչը նշանակում է մոտ 15-20 մլն ԱՄՆ դոլարի «ձախ հատումներ»: Ընդհանուր թվով դա կազմում է մոտ 35 հազ. «Կամազ» բեռնատարի երթուղի, ինչի առաջ աչք են փակել համապատասխան մարմինները:

Ջրային ռեսուրսներ. Փոխնախարարը Սեւանի պրոբլեմներին չանդրադարձավ, միայն նշվեց արդեն հրապարակված մի փաստՙ 2000 թ. հունիսի 14-ից սեպտեմբերի 8-ը Սեւանից նախատեսված չափից ավելի է բաց թողնվել 10 մլն խմ ջուր, այսինքնՙ այդքան «ձախ ջուր»: Նրա հաշվարկներով, եթե Սեւանում սիգ ձկան արդյունաբերությունը կատարվեր պետական մակարդակով համապատասխան նորմերով, այսօր Սեւանում պետք է լիներ մոտ 25 հազ. տոննա ձկնային կենսամաս, մինչդեռ փորձագետների գնահատականներով ունենք ընդամենը 800 տ: Տարբերությունը 24200 տոննա է, ինչը դրամի վերածած կազմում է մոտ 24-36 մլն դոլար, այսինքնՙ «ձախ ձկների» վաճառքից այդքան գումար գրպանվել է, եթե դրան ավելացվեն նաեւ մյուս ձկնատեսակները, ինչպես նաեւ խեցգետինը, ապա ամենանվազագույն հաշվարկները կանգ են առնում 40 մլն դոլարի վրա:

Ընդերքի օգտագործում. Հայաստանում կան գրանցված մոտ 200 կազմակերպություններ (ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ եւ այլն), որոնք զբաղվում են մետաղական հանքերի շահագործմամբ, 180-ից ավելի ձեռնարկություններ էլՙ ոչ մետաղական: 200-ից միայն 52 ձեռնարկություն է իրեն վարձակալությամբ հանձնված ընդերքի պաշարներն օգտագործում ընդերքօգտագործման օրենքների պահանջներին համապատասխան (ունեն արտոնագիր, պայմանագիր, հողհատկացման, լեռնահատկացման), 77 ձեռնարկություն նշված ոչ բոլոր փաստաթղթերն ունեն, 57 ձեռարկություն ընդհանրապես ոչինչ չունի: Ընդ որումՙ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը հստակեցված չէ, որն առաջ է բերում մի կողմից բյուրոկրատական քաշքշուկներ, մյուս կողմիցՙ արդյունահանման անվերահսկելիություն:

Վերը թվարկածին ընդհանուր հայացք ձգելուց հետո պրն Մխիթարյանը եզրափակում է. «Այս գումարները գրեթե համարժեք են էներգետիկայի տարեկան 50 մլն չարաշահումներին»: Այսինքնՙ «եթե կառավարությունը ստորագրել է իր «կապիտուլյացիան» էներգետիկայի մաֆիայի առջեւ, ապա անխուսափելիորեն պետք է ստորագրի նաեւ այս բնագավառում: «Ես միամիտ չեմ կարծելու, որ այս իշխանությունները փորձում են այդ ամենի դեմն առնել ու չեն կարողանում: Այս թալանն այսպիսի ծավալներ չէր ունենա, եթե չունենար պետական իշխանական հովանավորչություն»:

Վ. Մխիթարյանը քննադատության հետ ու նի կոնկրետ առաջարկներ: «Իհարկե, ամենահեշտ առաջարկը կառավարության հրաժարականն է», ասաց նա: Եթե ունենայինք այս հոգսերով ապրող կառավարություն, ապա նրան պրն (կամՙ ընկ.) Մխիթարյանը կառաջարկեր. առաջինՙ ստեղծել բնական ռեսուրսների կառավարման կենտրոնացված համակարգ: Երկրորդՙ վարչապետին կամ անգամ նախագահին կից ստեղծել բնական ռեսուրսների հիմնահարցերի հանձնաժողով, որը պետք է մշակի բնական ռեսուրսների ազգային ծրագիր: Եվ վերջապես, պետք է ստեղծել բյուջետային հանձնաժողով, որը ցանկացած օրենսդրական նախագիծ, որ պետք է անցնի ԱԺ-ով, կգնահատի, թե պետական բյուջեն առաջիկա հինգ տարիներին ինչպիսի՞ փոփոխություն կկրի: Առանց այդ տնտեսագիտական վերլուծության ոչ մի օրենսդրական ակտ չպիտի մտնի ԱԺ:

Փոխնախարար Մխիթարյանի երեկվա մեկնաբանություններն ավելի շատ հիշեցնում էին ընդդիմության միտինգ եւ բնական էր հարցնելը, թե չի՞ վախենում արդյոք աշխատանքից հեռացվելուց: «Ինչո՞ւ ազատեն, եթե պատճառներ ու հիմնավորումներ չկան, եթե պաշտոնյայի վրա չկա ոչ մի կոմպրոմատ», հարցրեց նա: Ի վերջո, կարելի է եւ ավելի հեշտ եղանակ գտնելՙ կառուցվածքային փոփոխություն ու փոխնախարարի հաստիքի կրճատում: Ամեն դեպքումՙ «դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, այլ անհանգստացնում է այս ստեղծված վիճակը, ինչը մեր ազգին ֆիզիկական բնաջնջման կարող է հասցնել»:

Հ. Գ.

Երեկ, ժամը 18:00-ի դրությամբ, «Ազգի» տեղեկություններով, փոխնախարար Մխիթարյանին դեռեւս աշխատանքից ազատվելու առաջարկություն չէր արվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4