<20019104.jpg>
Վարչապետը գլադիատոր է եւ մահապարտՙ ըստ Անդրանիկ Մարգարյանի
Պաշտոնավարման 1 տարվա կապակցությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ ասուլիսը լրագրողներին բաժանվեցին 2000 թ. երկրի տնտեսությանը վերաբերող տեղեկատվությունը եւ կառավարության 2001 թ. աշխատանքային ծրագիրը: Նկատի ունենալով այդ հանգամանքը եւ նշելով, որ 2000 թ. եւ 2001 թ. առաջին եռամսյակի արդյունքների մասին շատ է խոսվել, վարչապետը չցանկացավ «թվերի մեջ խճողել» լրագրողներին եւ կարճատեւ ներածական ելույթ ունեցավ: Գլխավորը, որ նա ասաց, հետեւյալն էՙ կառավարությունը հասել է որոշակի արդյունքների եւ գոհ է դրանցից: «Կարելի էր անել ավելի լավ եւ շատ, բայց այն, ինչ նախատեսված է եղել, 90 տոկոսով կատարվել է»: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց նաեւ մարզերում կառավարության քաղաքականության շարունակությունը եւ հայտնեց, որ անցյալ տարի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին Սյունիքն ու Տավուշը, այս տարի կլինեն Արագածոտնը եւ Լոռին: Այնուհետեւ վարչապետին ուղղվեցին հարցերը, որոնք հիմնականում քաղաքական էին եւ շատ հազվադեպ տնտեսական:
Հարցերի մի խումբն առնչվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությանը եւ նրա շուրջ կատարվող իրադարձություններին: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ հետեւում է դատավարությանը ոչ միայն որպես վարչապետ, այլ որպես տուժող: Նրա կարծիքով, գործընթացի տարբեր փուլերում մեղադրյալների փոփոխվող ցուցմունքները վկայում են, որ նախաքննությունը խորությամբ չի կատարվել: Մտահոգիչ համարվեցին հատկապես «ոճրագործների լկտի պահվածքը» եւ ազգային հերոսներ ներկայանալու փորձերը: Դատավարության նկատմամբ կասկածանքների վերաբերյալ վարչապետն այն կարծիքը հայտնեց, որ այդ մթնոլորտը հասարակության մեջ կմնա, եթե մի քանի արմատական հարցերի պատասխանը չտրվի: Իսկ ընդհանրապես մերկապարանոց կասկածները նա անընդունելի համարեց, ասելով, որ այն մարդիկ, ովքեր դա արտահայտում են, եթե հիմնավորումներ ունեն, թող անմիջապես դիմեն իրեն: Անդրադարձ եղավ նաեւ դատավարության վերաբերյալ ՀԺԿ եւ «Հայաստան» պատգամավորական խմբերի օրերս ընդունած հայտարարությանը եւ այդ առթիվ արտահերթ նիստ հրավիրելու խորհրդարանի որոշմանը: Արտահայտելով Հանրապետական կուսակցության տեսակետը, Անդրանիկ Մարգարյանը ճիշտ չհամարեց նման հարցի վերաբերյալ «1-2 օրում կամ մի քանի ժամում» վերաբերմունք արտահայտելը: Հանրապետականի կարծիքով, անհրաժեշտ են նախնական խորհրդակցություններ պատգամավորական խումբ-խմբակցությունների հետ, որի ժամանակ պետք է որոշվեր, թե ինչ հայտարարություն պետք է ընդունել: ՀՀԿ-ն կողմ է քվեարկել արտահերթ նիստ հրավիրելուն, որպեսզի հրապարակայնորեն հստակեցվի, թե ինչի համար է ստեղծվելու հանձնաժողովը, որը «ՀԺԿ-ն չկարողացավ հիմնավորել» եւ որպեսզի այնպես չստացվի, որ «ՀԺԿ-ն ու «Հայաստանը» ցանկանում են ամեն ինչ պարզել, իսկ ՀՀԿ-ն հովանավորում է ահաբեկիչներին»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ վարչապետը խոսեց «այնքանով, որքանով որ տեղյակ է»: Այն սկզբունքները, որոնք պնդում են Հայաստանի իշխանությունները, ըստ վարչապետի տեղյակության, պահպանվելու են: Դրանք ենՙ Հայաստանի եւ Արցախի միջեւ հստակ կապ, Արցախի հստակ կարգավիճակ, տարածքային փոխանակության բացառում, Արցախի իշխանությունների մասնակցություն բանակցություններին: Եթե հետագայում դրանք չպահպանվեն, ապա «Հանրապետականը կընդվզի»:
Նորաստեղծ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների հայտարարություններին ՀՀԿ-ն աշխատում է չպատասխանել, քանզի երկու կուսակցություններն էլ, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նույն գաղափարախոսությունն են կրում: Բացի դրանից, վարչապետը «նորմալ հարաբերություններ ունի» Ալբերտ Բազեյանի եւ Արամ Սարգսյանի հետ եւ ավելինՙ հաճախակի է հյուրընկալվում Արամ Սարգսյանի տանը: Ինչ վերաբերում է «Մարսի» եւ «Արարատցեմենտի» սեփականաշնորհմանը, ապա այստեղ «քաղաքական խնդիր գոյություն չունի», եւ եթե Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը «ցանկանում են գնել այդ ձեռնարկությունները, թող գնեն»:
Վարչապետին ուղղված մեր առաջին հարցն այն էր, թե արդյոք կառավարությունն ամեն ինչ արե՞լ է արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման ուղղությամբ, հատկապես այնպիսի ծանր վիճակում հայտնված ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, հաստոցաշինությունը եւ ռադիոէլեկտրոնիկան: Այդ առթիվ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց, որ հաստոցաշինության զարգացման համար ԽՍՀՄ գոյության տարիներին Հայաստանում կար անհրաժեշտ հիմքը: Ներկայումս ճյուղի զարգացումը պայմանավորվում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Նույնը նաեւՙ ռադիոէլեկտրոնիկայի համար: Իմիջիայլոց նշվեց, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ջերմ են, եւ ԲԷՑ-երի սեփականաշնորհման գործընթացից ռուսական ընկերությունների դուրս մնալը չի խաթարել դրանք:
«Ազգի» մյուս հարցը վերաբերում էր վարչապետի արտերկիր հազվադեպ մեկնելուն, ի տարբերություն ԱԺ նախագահի: Անդրանիկ Մարգարյանը, պարզվեց, «այդ ուղղությամբ չի մտածել»: Նրա հավաստմամբ, գործնական պայմանավորվածություններ ենթադրող աշխատանքները, որ պետք է կատարվեն տարբեր երկրների հետ, իրականացվում են նախարարների եւ փոխնախարարների մակարդակով: Այլ հարց է պաշտոնական հրավերը, որին վարչապետն արձագանքել է եւ մեկնել Բելառուս ու Չինաստան:
Վերջում անդրադառնալով վարչապետի պաշտոնին, Անդրանիկ Մարգարյանը դա համարեց ոչ միայն անիծված պաշտոն, այլեւ գլադիատորություն եւ մահապարտություն: Նրա կարծիքով, ոչ մի վարչապետ չպետք է հուսա, որ իրենից հետո իր մասին լավ են խոսելու: Ինչ վերաբերում է իրեն, ապա Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ վարչապետության ընթացքում իր սկզբունքները չեն փոփոխվել: Նա նաեւ անհամաձայնություն հայտնեց մամուլի դիտողությունները կառավարության կողմից հաշվի չառնելու մտքին: Մինչդեռ կարծում ենք, որ այս դեպքում իրավացի էր այդ մտքի հեղինակը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ