Հայաստանի պատմության պետական թանգարանում
Վերջին տարիներին Հայաստանի պատմության պետական թանգարանի նորագույն պատմության շրջանի ֆոնդերը հարստացան տաղանդավոր զորավար, քաղաքական եւ ռազմական գործիչ Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) նյութերով (թվով 34): Այդ մասունքները թանգարանին ի պահ է հանձնել Նժդեհի եղբոր թոռըՙ Վազգեն Տեր-Հարությունյանը: Այսօր թանգարանի համապատասխան սրահում ավելացավ զորավարի անձնական նյութերի եւս մեկ ցուցապահարան:
Հետաքրքիր է նրա նամակը ՀՀ զինվորական նախարարին, պատճենըՙ սպարապետ Նազարբեկյանին, պառլամենտին, ՀՅ Դաշնակցության Բյուրոյին, Զանգեզուր-Ղարաբաղի հեղափոխական կոմիտեին եւ «Յառաջ» թերթին (1920 թ., հոկտ. 20): Նամակը սկսվում է. «Էլ լռել չեմ կարող. Ես յաղթում եմ, ջարդում թշնամու գնդերը, հարյուրներով գերի վերցնում, զինաթափում, բայց եւ այնպես ինձ պարտված եմ զգում եւ մեռնում. Յաղթել եւ իրեն պարտւած զգալՙ այդ տրագեդիան զգալու համար պետք է սիրտ ունենալ, սի՚րտ.»: Ցուցադրված իրերից հիշատակման արժանի է սասունցիների նվիրած գունավոր, մետաքսե թելերով ասեղնագործված ելակը, ասեղնագործված ձիու թամբի ծածկոցը, գրպանի ժամացույցը, կավե ծաղկամանը, Վլադիմիրի բանտում կրած հագուստները եւ այլն:
Ուշագրավ են Նժդեհի եղբորըՙ Լեւոնին, հարազատներին ուղղված նամակները: Մի նամակում խնդրում է եղբորը փրկել իր գրական ժառանգությունը: Խոսուն է արծիվ ծնած կնոջՙ Նժդեհի մորՙ Խաթայի Տիրուհու լուսանկարը (1930 թ.): Իսկ Գ. Նժդեհի մահվան վկայականըՙ 1955 թ. դեկտեմբեր, վերջ է դնում նրա մահվան թվի եւ ամսի վերաբերյալ տարբեր վարկածներին: Եվս մեկ փաստաթուղթՙ ՀՀ գլխավոր դատախազի որոշումը Գ. Նժդեհին ռեաբիլիտացիայի, քրեական գործը կարճելու մասին, որտեղ նշված է, որ 1944 թ. նոյեմբերի 1-ին նա կալանավորվել էՙ մեղադրվելով այն բանում, որ 1908 թ. հանդիսացել է Դաշնակցություն կուսակցության անդամ: 1919 թ. օգոստոսին դաշնակցական կառավարության կողմից գործուղվել է Զանգեզուր, ազգային բանակ ստեղծելուՙ բոլշեւիկների դեմ կռվելու համար: 1921 թ. հուլիսին մեկնել է Իրան, 1922 թ. բնակություն հաստատել Բուլղարիայում: Որոշումը թվագրված է 1992 թ., այդքան ո՞ւշ, կարծում եմՙ մեկնաբանման կարիք չկա:
ՍԵԴԱ ԳԱԼՍՏՅԱՆ, ՀՊՊ թանգարանի բաժնի վարիչ