Տ. Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց Երեւանի տղամարդկանց բաց առաջնությունը, որը միաժամանակ հանրապետության առաջնության առաջին խմբի մրցաշարն էր:
Այնպես որ, մրցումների 37 մասնակիցները պայքարում էին ոչ միայն մայրաքաղաքի չեմպիոնի կոչման, այլ նաեւՙ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3 ուղեգրերի համար: Շվեյցարական խաղակարգով, 9 տուրով անցկացված մրցաշարում վաստակելով 7 միավոր, առաջին տեղը եւ մայրաքաղաքի չեմպիոնի կոչումը նվաճեց Գեւորգ Հարությունյանը (Երեւան): Հաղթողից կես միավորով ետ մնացին երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներ Տիգրան Նալբանդյանը (Երեւան) եւ Վահագն Խաչատրյանը (Գյումրի): Այսպիսով, Հարությունյանը, Նալբանդյանը եւ Խաչատրյանը հանդես կգան Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում: Նշենք, որ այս եռյակին անմիջապես հաջորդում են հինգ շախմատիստներՙ երեւանցիներ Տիգրան Ա. Պետրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը եւ վանաձորցի Տիգրան Գյոզալյանը, որոնք 6-ական միավորով բաժանեցին 4-8-րդ տեղերը: