«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԲԱՑՈՒՄ

<20019204.jpg>

Խաղաղ Արցախին պետք չեն երկնագույն սաղավարտներ

«Մենք այս ուղին առաջին անգամ ենք ընտրել: Միշտ Ադրբեջանից Հայաստան էինք գնում, ապա Ղարաբաղ: Այս անգամ որոշեցինք Ադրբեջանից Ղարաբաղ գալ: Մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո լավ կլինի, որ այն բոլոր ճանապարհները, որոնցով մենք անցել ենք, բացվեն խաղաղարար ուժերի համար», հարցիս այսպես պատասխանեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ք. Քավանոն: Հարցրեցի, թե Ադրբեջանից Ղարաբաղ, ապա Հայաստանով Թուրքիա ճանապարհը շարունակվելո՞ւ է: «Թուրքիայի սահմանն արդեն բաց է: Բացել ենք անցյալ դեկտեմբերին: Նկատի ունեմ Թուրքիայից Նախիջեւան, ապա Սադարակով Հայաստան այցը», լայն ժպտաց ամերիկացի դիվանագետը:

Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան երթուղին ո՞ւմ գաղափարն էր: Այսպիսի հարց ուղղվեց ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովին: «Սա համանախագահների միասնական գաղափարն է: Կարծում եմ, լավ գաղափար է», նկատեց ռուս դիվանագետը:

Երեկոյան, երբ մենք Գանձասարում էինք, Գրիբկովին հարցրեցի, թե ինչո՞ւ տարածաշրջան նախորդ այցի ժամանակ չընկերակցեց Քավանոյին եւ Գայարդին, նա պատասխանեց. «Ye» nfr gjkexbkjcm»: Գրիբկովն ուզում էր ասել, որ ինքը, ինչպես Քավանոն եւ Գայարդը, «չի բացել Թուրքիայից Նախիջեւանով դեպի Հայաստան ճանապարհը»: Ապա ավելացրեց. «Երեւի հիշում ես, նախորդ այցի ժամանակ ես միացա իմ կոլեգաներին հայ-նախիջեւանյան սահմանում»: Չգիտեմ, եկեղեցի այցելությունը, թե մեկ ուրիշ բան, Գրիբկովին «մոռացնել» էր տվել դիվանագետի իր կոչումը: Մենք զրուցեցինք «Գոբլի ծրագրի» շուրջ: Իմ այս ու այն «հնարավո՞ր է» շեշտադրումներին պրն Գրիբկովը տալիս էր արդեն դիվանագիտական պատասխան. «Հնարավորը եւ իրականը, իրականություն դառնալը նույն բաները չեն»:

Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմեյնն այս կողմերում առաջին անգամ էր լինում: Նա իր գործընկերների, ինչպես նաեւ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ՌԻԱ «Նովոստի»-ի, «Էկոնոմիստի», «Թայմսի», «Ասոշիեյթեդ պրեսի», «Ֆայնենշլ թայմսի», «Ռոյթերի» եւ «Նյու Յորք թայմսի» թղթակիցների հետ հենց նոր էր հատել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Բարդա-Աղդամ հատվածը: Քիչ անց, երբ դիվանագետների եւ լրագրողների խումբն արդեն Աղդամ քաղաքի մզկիթի հարեւանությամբ շունչ առավ, պրն Սյուրմեյնին հարցրեցի իր տպավորությունների մասին: «Շատ տպավորիչ էր, որովհետեւ շփման գծով հատեցինք սահմանը: Հուսով եմ, երբեւիցե այս ճանապարհը կբացվի, մարդիկ հնարավորություն կունենան ազատ ելումուտ անել: Այստեղ տեսնում ենք ավերված քաղաք, տներ: Ահա թե ինչպիսի վնաս կարող է բերել պատերազմը», ասաց ֆրանսիացի դիվանագետը: Եվս մի քանի հարցեր ուղղեցի պրն Սյուրմեյնին: Սիրով պատասխանում էր: Այն երկու օրերի ընթացքում, որ ինձ հնարավորություն էր ընձեռվել մոտիկից շփվել, ընկերանալ, ճաշել համանախագահողների հետ, այլեւս ֆրանսիացի դիվանագետին հարցեր չուղղեցի: Զգացվում էրՙ ավելի շատ ուզում է լսել, տեսնել, զգալ: Նա հատկապես տպավորված էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի անցումով: Նախ ականազերծողներն ականազերծեցին ադրբեջանական հատվածը, համանախագահները, դիվանագետների եւ լրագրողների խումբն անցան «չեզոք» գոտին, ապա շփման գիծը կրկին ականապատվեց: Նույնը կատարվեց շփման գծի հայկական հատվածում:

Քավանոն Աղդամի մզկիթի մոտ «Նյու Յորք թայմսի» թղթակցին ինչ-որ բան էր պատմում: Մոտեցա, հարցրեցի. «Անցյալ տարի այս օրերին Դուք այս մզկիթից մի քար նվիրեցիք Հ. Ալիեւին ծննդյան օրվա առիթով, եւ նախագահը լաց եղավ: Այս անգամ ի՞նչ եք տանելու»: «Այս անգամ Քոչարյանին եմ մի քար տանելու», ծիծաղելով պատասխանեց:

Լավ կլիներ պրն Քավանոն նախագահ Քոչարյանին մի քար տաներ Բաքվի հայկական ավերված, պղծված գերեզմանատնից:

Հաջորդ օրը, երբ մենք Շուշիում էինք, Բաքվից եւ Սումգայիթից փախստական հայերը հարցերի եւ կշտամբանքի տարափ էին ուղղում Գրիբկովին եւ Քավանոյին: Այս մասին քիչ հետո, իսկ հիմա մեր մեքենաները Աղդամից սլանում են Մարտակերտ:

Փախստականները վերադառնում են Մարտակերտ

Ռազմական գործողություններից ամենամեծ վնասը կրել է Մարտակերտի շրջանը: Այսօր էլ հինգ գյուղեր մնում են թշնամու կողմից զավթված: Շրջանային վարչակազմի ղեկավար Սլավա Բարսեղյանը համանախագահների խնդրանքով պատմեց Մարտակերտի տնտեսական իրավիճակի մասին. «Զավթված տարածքները մեր տնտեսական զարկերակն էին: Ժամանակին 80-90 հազար տոննա խաղող էր մթերվում: Գինու հինգ գործարան կար: Մարտակերտի ավերակները մաս-մաս վերականգնում ենք: Զավթված հինգ գյուղերի փախստականներըՙ 11 հազար մարդ, ցրված են ԱՊՀ տարածքում: Նրանք մաս-մաս վերադառնում են: Հիմնական խնդիրը տների պակասն է, եթե կարողանանք ապահովել, բոլորը կվերադառնան»: Գրիբկովը զարմացավ, երբ լսեց, որ Մարտակերտի շրջանում կա մեկ հունական, մեկ ռուսական գյուղ: Քավանոն հարցրեց Հյուսիս-հարավ ճանապարհի մասին, որին ի պատասխան Ս. Բարսեղյանն ասաց. «Դա մեր հանրապետության զարկերակն է լինելու»:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշխատանքներն արդեն սկսվել են: Վանք գյուղից մայրուղուն կապող 10 կիլոմետրանց հատվածը հովանավորել է գործարար Լեւոն Հայրապետյանը: Համանախագահները այցելեցին արմատներով վանքցի, ռուսաստանցի գործարարի փայտամշակման գործարան, որի արտադրանքը սպառվում է ԱՄՆ-ում: Պրն Հայրապետյանի գործունեությունը հայրենասիրության լավ օրինակ է, ապացույց, որ առանց միջազգային կազմակերպությունների օժանդակության խոստումների էլ հնարավոր է զարգացնել ԼՂՀ տնտեսությունը: Պարզապես հոգատարություն է պետք է:

Նիկոլայ Գրիբկովին ասացի. «Տեսնո՞ւմ եք, Դուք անընդհատ օտար ներդրումների մասին եք խոսում, բայց հնարավոր է ղարաբաղցիների ներդրումներով ծաղկեցնել հանրապետությունը»: Ռուս դիվանագետը կիսով չափ համաձայնեց. «Բայց նկատեցի՞ր, տեխնոլոգիան գերմանական էր»:

Երեկոյան գործարանի տարածքում համանախագահների եւ մյուս հյուրերի համար մեծահարուստ գործարար Լ. Հայրապետյանը ընթրիք տվեց: Հոգնածությունից համանախագահների ախորժակը բացվել էր. խորովածն ակնհայտորեն նրանց դուր էր եկել: Թերեւս սա միակ դեպքն էր, երբ համանախագահների կարծիքը միմյանցից չէր տարբերվում: Կենացի ժամանակ Լ. Հայրապետյանը հումորով հարցրեց. «Երեք երկրներից առաջինը որի՞ անունը նշեմ»: Քավանոն նույնպես հումորով նկատեց. «Հայերենում մեր պետության անունը սկսվում է այբուբենի առաջին տառով»:

Գանձասար

Եկեղեցին Ֆիլիպ դը Սյուրմեյնի վրա ազդեցիկ տպավորություն էր թողել: Պարգեւ սրբազանը մեկ փայլուն անգլերենով, մեկ փայլուն ռուսերենով Գանձասարի պատմությունն էր անում:

Եկեղեցին ներկա տեսքով հիմնադրվել է 13-րդ դարում, մինչ այդ նույն տեղում եղել է փոքր եկեղեցի: Հասան Ջալալյան տոհմի ժառանգներից մեկը ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ եւ այնտեղից բերել Հովհաննես Մկրտչի գանգը, թաղել եկեղեցու գերեզմանոցում, ապա կառուցել Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ նույն Գանձասարն է: Այստեղ պահպանվում է նաեւ Գրիգոր Լուսավորչի ծնոտի մի մասնիկը: Եկեղեցին լինելով Աղվանից կաթողիկոսության նստավայր, եղել է ոչ միայն մշակութային, այլ նաեւ քաղաքական կենտրոն, որտեղից սկիզբ է առնում Արեւելյան Հայաստանի ռուսական կողմնորոշումը: Այստեղից պատվիրակություններ են ուղարկվել Ռուսաստանՙ Պետրոս Մեծի եւ Եկատերինա թագուհու մոտ, Իսրայել Օրուն այստեղից հանձնարարություն է տրվել, որպեսզի հայոց ազատագրական պայքարում ստանա ռուսական աջակցություն: Գանձասարն իր բազմադարյա պատմության ընթացքում երբեւիցե չի ընկել օտար նվաճողների տիրապետության տակ: Խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է, որոշ չափով տուժել. ադրբեջանցիները գանձ գտնելու հույսով պղծել են Ջալալյանների գերեզմանները, եկեղեցու շրջակայքը:

Դիվանագետները, լրագրողները հիացած էին Գանձասարով: ՌԻԱ-«Նովոստի»-ի թղթակիցը տասն անգամ կրկնեց, որ այսպիսի բնություն աշխարհի որեւէ անկյունում չի տեսել: Չնայած հոգնածությանը եւ ԼՂՀ իշխանությունների հետ սպասվող հանդիպմանը, միջնորդները չէին շտապում հեռանալ:

Համանախագահները Հ.Ալիեւի հետ ունեցել են «չափազանց բարդ» բանակցություններ

Համանախագահների եւ Հ. Ալիեւի հանդիպումը տեւել է երեք ժամ, որից մեկ ժամըՙ լրագրողների ներկայությամբ, երկու ժամըՙ փակ դռների հետեւում: ՌԻԱ-«Նովոստի»-ի թղթակցի վկայությամբ, հանդիպումը եղել է «չափազանց բարդ»: Նույն բանն ինձ ասաց «Ֆայնենշլ թայմսի» թղթակիցը: «Դուք Ադրբեջանին խայտառակ պայմաններ եք առաջադրում», ասել է Ալիեւը: Քավանոն Ալիեւին հիշեցրել է Քի Վեսթը. «Դուք չէիք կարողանում նավակը ղեկավարել, եւ ես Ձեզ օգնեցի»: «Հիմա էլ պիտի ասեքՙ ինչպես պտտեմ ղեկը», Բաքվում նշել է Ալիեւը: Գանձասարից իջնելիս Քավանոյին հարցրեցի. «Ճի՞շտ է, որ նախագահ Ալիեւի հետ հանդիպումը շատ ծանր է եղել»: «Նախագահ Քոչարյանի հետ էլ հեշտ չի անցնում: Ուղղակի Հայաստանում եւ Ադրբեջանում ընդդիմությունը չի պատկերացնում, թե խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ի՜նչ լավ է լինելու: Եթե իմանային, այդպես չէին աղմկի», ասաց Քավանոն: Շուշիում, երբ արդեն ուղղաթիռ էինք բարձրանում, ամերիկացի դիվանագետին կրկին հիշեցրի իր լավատեսությունը, որ իբր մինչեւ 2001 թ. վերջը հնարավոր է հասնել խաղաղության: «Ես մտահոգված եմ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները պատրա՞ստ են փոխզիջումների: Նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը պատրաստ են փոխզիջման: Շատ դժվար է հասնել փոխզիջման, որովհետեւ պատերազմի վերքերը շատ ծանր են, հիշողություններըՙ թարմ: Այդ մասին մենք այսօր լսեցինք Շուշիում, երեկՙ Բաքվի փախստականների ճամբարներում»:

Նիկոլայ Գրիբկովը կասկածում է, թե մոտակա ժամանակներում հնարավոր է խաղաղության հասնել: Ռուս դիվանագետը շատ ավելի «ստատուս քվոյի» մասին էր խոսում. «Ստատուս քվոն» լավ իրավիճակ է այն առումով, որ թույլ չի տալիս վերսկսելու ռազմական գործողությունները: Բայց, միեւնույն ժամանակ, «ստատուս քվոն» դեռեւս խաղաղություն չէ, այլ միայն հրադադար: Ահա թե ինչու մենք փորձում ենք, անում հնարավորը, որպեսզի հրադադարը դարձնենք ամուր, երկարատեւ խաղաղություն»: Ի տարբերություն Քավանոյի, Գրիբկովն ավելի շատ էր կարեւորում ԼՂ-ն որպես հակամարտության կողմ. «Ուզում են, թե չեն ուզումՙ Ղարաբաղը հակամարտության կողմ է: Մեր կարծիքով, ԼՂ-ն լուրջ գործոն է, եւ առանց ԼՂ-ի շահերը հաշվի առնելու անիմաստ է խոսել ամուր եւ երկարատեւ խաղաղության մասին: Ե՞րբ կարելի է խոսել խաղաղության հասնելու ռեալ հնարավորությունների մասին: Այդ հարցին չեմ պատասխանի»:

Շուշեցիները գրոհում են Քավանոյի, Գրիբկովի վրա

«Պրն Քավանո, Դուք այցելեցիք Բաքվի փախստականների ճամբար, չե՞ք ուզում Շահումյան, Գետաշեն գնալ», շրջափակման մեջ հայտնված դիվանագետին հարցրեց մի շուշեցի: Մի ծեր կին թոռնիկի հետ էր եկել եւ պատմում էր, որ ինքը Սումգայիթից փրկվածներից է: «Չե՞ք ուզում ետՙ Սումգայիթ գնալ», հարցրեց Քավանոն: «Ո՜չ: Չենք էլ ուզում, որ այստեղ բերեք ադրբեջանցիներին: Մեր վերքերը Դուք փորփրում եք: Մենք չենք ուզում Սումգայիթ վերադառնալ, թույլ չենք տա, որ ադրբեջանցիներին Շուշիում բնակեցնեն», սրտնեղած պատասխանեց կինը: «Մենք ոչ մի ադրբեջանցի ննջեցյալի գերեզմանի չենք դիպել, իսկ նրանք Բաքվում պղծել են հայերի գերեզմանները», վրա բերեց մեկ այլ փախստական: Իսկ մի ծերունի, որ 43 տարի աշխատել էր Բաքվում, Քավանոյին ցույց տվեց խնայբանկի «կնիժկան»ՙ 50 հազար ռուբլի էր թողել Ադրբեջանում. «Մենք նրանց հետ չենք ապրելու, ոչ ոքի թույլ չենք տա վերադառնալ Շուշի: Շուշին հայկական է»:

Շուշեցիների մեկ այլ խումբ շրջափակել էր Գրիբկովին: «Ալիեւը մեզ ֆաշիստ է անվանում, ինքը գլխակեր է: Այս վառված տները, որ տեսնում եք, իրենք են հեռանալուց առաջ վառել», ասաց մի երիտասարդ կին: Գրիբկովը պաշտպանվում էր, նրան ուղղակի թույլ չէին տալիս խոսել: «Նույն քաղաքում հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել: Դուք ուզում եք 88-ը կրկնվի՞: Թողե՚ք հանգիստ ապրենք մեր հողի վրա, տառապենք մեր ցավերով, մեզ ամերիկացիների օգնությունը պետք չէ: Թողե՚ք մեզ հանգիստ: Շուշիում ադրբեջանցի չի ապրի», հեկեկախառը բղավում էր մեկ այլ շուշեցի:

Ուղղաթիռում ֆրանսիացի մի դիվանագետ ինձ հարցնում էր. «Դու, որպես լրագրող, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու հնարավոր չէ Շուշիում հայերի եւ ադրբեջանցիների կողք-կողքի բնակվելը»:

Ասացիՙ չեմ կարող:

«Հայ եւ թուրք ժողովուրդների վերջին շփումները եղել են 1915 թվին», Ախուրյանի կայարանում ասաց Քավանոն:

Համանախագահների, նրանց ուղեկցող դիվանագետների եւ լրագրողների խումբը Շուշիից ուղղաթիռով մեկնեց Սպիտակ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ Ադրբեջանից բռնագաղթած հայերի հետ: Հաջորդ կանգառը հայ-թուրքական սահմանամերձ Ախուրյան կայարանն է: Շիրակի մարզպետ Փիրումյանը ոգեւորությամբ ամերիկացիներին պատմում էր, թե Հայաստանին ի՜նչ օգուտ կբերի երկաթգծի վերագործարկումը: Գրիբկովը լուռ էր, Սյուրմեյնըՙ չեզոք: Ոգեւորված խոսում էր Քավանոն. «Այստեղից ընդամենը 2 կմ հեռու Թուրքիան է: Երկու հարեւանների միջեւ չկա որեւէ շփում, եւ մեծ տխրությամբ պետք է նշեմ, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ վերջին շփումները եղել են 1915 թ.: Կարճ ժամանակով երկաթգիծը բացվեց, բայց ղարաբաղյան հակամարտության պատճառով կրկին փակվեց: Ողջ տարածաշրջանի համար երկաթգծի բացումը կարեւոր նշանակություն կունենա, որին անպայման պետք է նախորդի խաղաղության համաձայնագիրը»:

Քավանոյին հարցրեցի. «Ձեր կարծիքով, երկաթգծի բացումը ծաղկում, բարգավաճում կբերի՞ Հայաստանին»: «Ես կարծում եմ, տարածաշրջանում բարգավաճում ունենալու համար նախ եւ առաջ պետք է հասնել խաղաղության: Երկաթգծի բացումը, մեծ տնտեսական ներդրումները կհետեւեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Խաղաղությունը մեծապես կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը, որը շահեկան կլինի ոչ միայն Հայաստանի, այլ Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների համար», վստահեցրեց ամերիկացի դիվանագետը:

Միտքս եկավ մեր նախկին նախագահըՙ լավ չենք ապրի, մինչեւ ԼՂ հարցը չլուծվի: Քավանոյի ասածը փոքր-ինչ տարբեր էր. հայ ժողովուրդ, լավ չես ապրելու, քանի դեռ հայ-թուրքական երկաթգիծը չի բացվել: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն անուղղակիորեն նաեւ հաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը եւ ԼՂ հարցը շաղկապված են: Այն, ինչ տարիներ շարունակ պնդում է Անկարան:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Աղդամ-Շուշի-Գյումրի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4