<20019201.jpg>
Միջնորդների հոռետեսությունն ու լավատեսությունը խաչաձեւում են միմյանց
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները բանակցային այս փուլում պարզապես չկարողացան համատեղել երկու ծայրաստիճան անհամատեղելինՙ «լուծել» ղարաբաղյան հակամարտությունը եւ միաժամանակ Ադրբեջանում իշխանությունը Ալիեւից ժառանգել իր Իլհամին:
Ժնեւում, ինչպես ակնարկում էին միջնորդները, Քոչարյանի եւ Ալիեւի առջեւ դրվելու էր կարգավորման նոր փաստաթուղթ, որը, ինչպես Ալիեւը նշեց ուրբաթ օրը համանախագահների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, «խայտառակություն» էր, եւ պաշտոնական Բաքուն մերժելու էր: Միջնորդների կողմից իսկ ստեղծած իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կար. կամ Ժնեւում նոր փաստաթուղթ չդնել սեղանին, կամ անորոշ ժամանակով հետաձգել հանդիպումը: Երեկ նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ե՚ւ Քավանոն, ե՚ւ Գրիբկովը, ե՚ւ Սյուրմեյնն ակնարկեցին ժնեւյան հանդիպման հետաձգվելու մեծ հավանականությունը: Ռուսաստանցի համանախագահն ասաց. «Ինչ վերաբերում է ժնեւյան հանդիպմանը, մեր համոզմամբ, պետք է լավ նախապատրաստված լինի: Մենք պետք է վստահ լինենք, որ ժնեւյան հանդիպումը բանակցային գործընթացը մեկ քայլ առաջ կտանի: Այս հակամարտության վերջնական կարգավորումը շատ եւ շատ բարդ է»: «Խաղաղության ճանապարհը ոչ միշտ է հարթ եւ նման է Լաչինի ճանապարհին, որտեղ մի շարք խոչընդոտներ կան», նշեց Քավանոն իրեն բնորոշ լավատեսությամբ հույս հայտնելով, թե Ժնեւի հանդիպումը չի հետաձգվի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան արշավանքի մասին պատմող մեր թղթակցի ռեպորտաժը կարդացեք «Ազգի» 5-րդ էջում: