Տագնապ է փորձում առաջացնել նախկին ԱԱ նախարար Դավիթ Շահնազարյանը
«Լոկկումում անցկացված կոնֆերանսի դրական շերտերից մեկն այն է, որ կազմակերպիչները հնարավորություն են ընձեռել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լսել բազմապիսի կարծիքներ եւ որ անչափ կարեւոր էՙ Ադրբեջանի եւ Հայաստանի ընդդիմությանը», մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Պրահայի տնտեսագիտական համալսարանում միջազգային դիվանագիտության մեջ մասնագիտացող Հռիփսիմե Նալբանդյանը, ով գիտական թեզ է գրում ղարաբաղյան հակամարտության մասին: Մեր նախորդ հրապարակումներում արդեն խոսել ենք կոնֆերանսում առկա տրամադրությունների մասին, մասնավորապես փոխանցելով, որ, մեր անմիջական տպավորությամբ, բարձրախոսներից հնչող կառավարամետ կարծիքները գերակշռում էին:
«Մինչեւ հիմա չգիտենք, թե իրականում որքա՞ն ձայն է ստացել Ալիեւը», Ադրբեջանի նախագահի ոչ լեգիտիմության մասին ընդդիմության անընդհատ հնչող անհանգստությունը հարկ համարեց ընդգծել Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը ներկայացնող Արիֆ Յունուսովը: Նույնՙ լեգիտիմության հարց փորձեց առաջ մղել Ազգային-ժողովրդավար 21-րդ դար կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը: Մեզ հետ ունեցած զրույցում ՀՀ նախկին ԱԱ նախարարը համոզմունք հայտնեց, թե ղարաբաղյան հակամարտության հարատեւ լուծումը կապված է ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված իշխանությունների հետ, ու լուծման բանալին հենց տարածաշրջանում է, իսկ չի լուծվում, որովհետեւ իշխանությունները փորձում են հակամարտությունն օգտագործել սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Որքան էլ նախագահի լեգիտիմության առաջնայնությունը կամրջում է երկու երկրների ընդդիմադիրներին, այդուհանդերձ, մեր հարցն ուղղելով պրն Շահնազարյանին, փորձեցինք պարզել, թե «Ադրբեջանի եւ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների ասածի մեջ որո՞նք են էական նմանություններն ու տարբերությունները»:
- Մեր դիրքորոշումների մեջ սկզբունքային տարբերություն կա, որովհետեւ ըստ էության Հայաստանի ներքաղաքական դաշտում հանդես ենք գալիս ավելի մեղմ դիրքերից, քան ներկա իշխանությունները: Կոնֆերանսին նշեցի, որ բոլոր հիմքերը կան այնուամենայնիվ կասկածելու այն լավատեսությանը, որ ունեն համանախագահները, մասնավորապես Քերի Քավանոն, որ մի քանի ամսվա ընթացքում համաձայնագիր կստորագրվի: Մեր խորին համոզմամբ եւ մեր վերլուծություններով, Քոչարյանն ընդհանրապես չի պատրաստվում որեւէ համաձայնագիր ստորագրել, եւ նրա միակ խնդիրը ժամանակ ձգելն է:
- Իսկ Ալի՞եւը:
- Չէի ուզենա մանրամասն վերլուծել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, դա կթողնեմ Ադրբեջանի ներկայացուցիչներին: Համենայն դեպս Քոչարյանը չի պատրաստվում դա ստորագրել: Երկրորդՙ Հայաստանում, ըստ էության, այս իրավիճակը սառեցված պահելու օգտին խոսում են բացառապես իշխանությունների ներկայացուցիչները եւ իշխանամետ հասարակական-քաղաքական կազմակերպությունները:
- Եթե չեմ սխալվում, Վազգեն Մանուկյանն էլ կարծես կողմնակից էր դրան:
- Ճիշտն ասած, վստահ չեմ, որ այդպես է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ընդդիմությանը, այստեղ պատկերը հակառակն է: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի ընդդիմությունը հանդես է գալիս ավելի ծայրահեղական դիրքերից, քան իշխանությունները: Դա բավական սկզբունքային տարբերություն է, եւ իմ խորին համոզմամբ, Ալիեւի հետ պայմանավորվելն ավելի հեշտ է լինելու, քան ցանկացած հաջորդ իշխանության հետ, որ գալու է Ադրբեջանում: Մյուսՙ ամենակարեւոր հարցը, որ այստեղ նշեցի, հետեւյալն է. ինչքան էլ Հայաստանի ներկա իշխանությունները փորձեն արհամարհել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես կողմի, ԼՂ-ն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր է, եւ ԼՂ հակամարտության մեխանիզմը հետեւյալն էՙ կա 2 ռազմական, բայց 3 քաղաքական կողմ: Համանախագահներին կոչ արեցի հաշվի առնել ԼՂ իրողությունը տարածաշրջանում եւ կարգավորման հարցում նրա կարեւորագույն դերը: Ո՚չ Քավանոյի, ո՚չ Գրիբկովի կողմից կոնֆերանսում դրա մասին չհնչեց: Բացառապես խոսվեց երկու կողմերի մասին, որ երկու նախագահներին պիտի բերել համաձայնության եւ դրանից հետո համաձայնագիրը պիտի ներկայացվի երկու երկրների հասարակություններին: Հայաստանում բազմիցս ասել եմ, որ ՀՀ ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության մեծ սխալն էր, որ նրանք ըստ էության հրաժարվեցին ինքնորոշման հարցից եւ հակամարտությունը փոխադրեցին վիճելի տարածքի հարթություն: Այստեղ արդեն շատ ծանր հետեւանքներ են մեզ սպասում:
- Ձեր կարծիքով, այստեղ ուրվագծվեցի՞ն, թե ի՞նչ չափի ճնշումներ կլինեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա:
- Ղարաբաղի վրա ընդհանրապես ճնշում չի լինելու, Ղարաբաղի հետ չեն էլ խոսելու, վստահ եմ, առայժմ դա ՀՀ իշխանություններին դուր չի գալիս: Ճիշտն ասած, չեմ կարծում, որ մեծ չափի ճնշումներ կլինեն, որովհետեւ հակամարտությունը ոչ միայն ձեւափոխվել, այլեւ ընդլայնվել է աշխարհաքաղաքական իմաստով, եւ այսօր մեր տարածաշրջանը, մասնավորապես Հայաստանը վերածվել է գերտերությունների շահերի բախման կիզակետի, ինչ մի քանի տարի առաջ Հարավսլավիան էր: Սա շատ վտանգավոր է: Եթե Հայաստանի վարած այս անհեռատես արտաքին քաղաքականությունը շարունակվի, եւ ինքնորոշման հարցը տարածքային վեճ ներկայացվի, ապա Ադրբեջանը Թուրքիայի հետ բազմաթիվ փորձեր է անելու, որ մեզ ագրեսոր ճանաչի այն գործողությունների համար, որոնք կատարվել են 8 տարի առաջ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա, Լոկկում