Ինչպես հաղորդեց «Ազգի» թղթակիցը Մոսկվայից, կիրակի օրը Ռուսաստանի թեմի նախկին հոգեւոր առաջնորդ, այժմ կարգալույծ Տիրան (Ղազարոս) Կյուրեղյանը նոր անկարգություն է հրահրել Մոսկվայի հայոց Սուրբ Հարություն եկեղեցում եւ բակում, որտեղ կարգուկանոնը պահպանելու համար նախօրոք, սուրբ պատարագից առաջ, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ էր ժամանել:
Պատարագից հետո, այն պահին, երբ Մայր աթոռ Ս. Էջմիածնից ժամանած եկեղեցական պատվիրակությունը հոգեւոր ճեմարանի տեսուչ հայր Եղիշեի գլխավորությամբ ընթերցում էր Հայրապետական հրամանը Տիրան Կյուրեղյանին կարգալույծ հռչակելու մասին, վերջինս ու նրա կողմնակիցները սուլոցներով փորձ են արել ընդհատելու հրամանի ընթերցումը: Նույնը կրկնվել է արդեն եկեղեցու բակում, որտեղ Տիրանի կողմնակիցները փորձել են հարձակվել Վեհափառի որոշումը ծափահարողների վրա: Ոստիկանության սաստող ներկայության շնորհիվ աղմկարարները հեռացել են առանց արյունահեղության: