«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱ՞Կ

Նախարարի մեկնաբանությունները վրդովեցրել են արժեթղթերի պետական հանձնաժողովին

«Ազգն» օրերս տպագրել էր ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի հարցազրույցը, որտեղ բավականին խիստ գնահատականներ էին տրվել ինչպես «ՀՀ արժեթղթերի կարգավորման մասին» օրենքինՙ համարելով «Հայաստանի տնտեսությանը ոչ թե նպաստող, այլ ավելի շուտ խոչընդոտող», այլեւ պետական հանձնաժողովին, Հայաստանի ֆոնդային բորսային ու ընդհանրապես արժեթղթերի շուկային, որը նախարարը գնահատում է չկայացած: Հարցազրույցում այլ գնահատականներ էին հնչել, որոնք տեղի սղության պատճառով չէինք տպագրել: Մասնավորապեսՙ «Չի կարելի ճակատային ձեւով գնալ իբր թե բորսա ստեղծել», քանի որ, ըստ նախարարի, Հայաստանում բաժնետիրական ընկերությունները կայացած չեն, դրա միտումն էլ չկա, իսկ կորպորատիվ համագործակցված աշխատանքի օրինակները մատների վրա էլ չեն հաշվվում:

Ինչպեսեւ ենթադրում էինք, համապատասխան հանձնաժողովի պատասխանը չուշացավ: Արժեթղթերի պետականի անձնաժողովի նախագահի տեղակալ Տիգրան Կարապետյանը զարմանքով ու ցավով նշեց. «Դ. Վարդանյանը կամ ա) տեղյակ չէ արժեթղթերի շուկայի կարգավորման մասին օրենքից, կամ բ) նրան իր աշխատակազմը սխալ է ներկայացրել օրենքը, կամ գ) երեւի թե «Ազգը» լավ չի հասկացել»: (Վերջին կետի հետ կապված մեր կողմից տեղեկացնենք, որ Դ. Վարդանյանի մեկնաբանությունները պահպանված են ձայնագրիչի վրա:-Գ.Մ):

Տ. Կարապետյանը առաջարկեց նախ հստակ «ֆիքսել» օրենքը տարանջատում է երկու գործընթաց, առաջինը, երբ որ արժեթղթերը նոր են դուրս գալիս շուկա, այդ դեպքում բնավ պարտադիր չէ, որ դա իրականացվի բրոքերի միջոցով, հրապարակելով ազդագիր, թողարկողը կամ տեղաբաշխողը ինքնուրույն կարող է արժեթղթերի վաճառք իրականացնել, բնավ ոչ բրոքերի միջոցով. դա պարտադիր պայման չէ: «Այլ հարց է, թե հիմա այս երկրում բոլորն ուզում են բրոքերությամբ զբաղվել», հեգնեց Տ. Կարապետանը:

Ինչ վերաբերում է բորսային, ապա, այո, պե՚տք է կառուցվի եւ, ինչո՞ւ չէ, լինի շքեղ, քանի որ բորսան այն տեղն է, որտեղ ներդնողը պատկերացում է կազմում երկրի մասին: Այդ կառույցը ենթադրում է զարգացած տեխնոլոգիաների ներդրում, որոնք բավականին թանկ արժեն: Եթե մենք ուզում ենք 100 տարի ետ գնալ ու հին տեխնոլոգիաներով աշխատելՙ «այլ հարց է»: Եթե ամբողջ աշխարհը գնում է քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծելու ճանապարհով, եւ եթե Հայաստանը որդեգրել է զարգացման քաղաքականություն, ապա չի կարող խուսափել դրանից: Եվ վերջապեսՙ եթե մենք ակնկալում ենք օտարերկրյա ներդրումների հոսք, ուրեմն պետք է հասկանանք, որ օտարերկրյա ներդնողն աշխատում է այն ստանդարտներով, որոնց ինքը սովոր է: Ներդնողին պետք է համոզել ու ապացուցել, որ այստեղ գործում է այն նույն համակարգը, որին ինքը սովոր է:

Դ. Վարդանյանի այն պնդմանը, թե օրենքը չպիտի տարածվի մասնավորեցման վրա, հանձնաժողովը պարզաբանում է. պետությունը նույնպես իբրեւ պետական բաժնետոմսերի սեփականատեր պարտավոր է իր «ապրանքը» լավ գնով ու պայմաններով վաճառելու համար վաճառքն իրականացնել ընդունված նորմերով: Այսինքնՙ ներդնողը պետք է իմանա, թե բաժնետոմսի հետեւում ի՞նչ կա: Որպես վերն ասվածի ապացույց բերվեցին Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի եւ այլ երկրների օրինակները, որոնք արժեթղթերի շուկայի կայացման ճանապարհին շատ ավելի առաջ են Հայաստանից: Տեղեկացվեց, որ մոտ ժամանակներս Վրաստանում տեղի է ունենալու կորպորատիվ կառավարման խնդիրներով միջազգային խորհրդաժողով, որին անձամբ ողջունելու է Վրաստանի նախագահ Էդ. Շեւարդնաձենՙ իբրեւ ապացույց Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության այդ համակարգին: Իսկ մեզանումՙ «նախարարը հրապարակավ քննադատում է այդ համակարգը»:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4