«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


«ԲԵՌԸ ԵՍ ԵՄ ՏԱՆԵԼՈՒ, ՓԱՌՔԸ ԲԱՇԽՈՒՄ ԵՄ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ». ԱՍՈՒՄ Է ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ

<20019202.jpg>

Չափից ավելի մեծ կրքեր բորբոքած Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարն ի վերջո ավարտվեց: Շաբաթ օրը երեկոյան հայտնի դարձավ 13-րդ նախագահը: Իրենց թեկնածությունն առաջադրած վեցից երկուսըՙ Գառնիկ Անանյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, հենց ուրբաթ օրը ինքնաբացարկ հայտնեցին: Քվեարկությունից անմիջապես առաջ նրանց հետեւեց նաեւ ամենահավանական թեկնածուներից մեկըՙ Ռուբեն Հովսեփյանը:

- Ցավոք, ինձ համար կարեւոր ու սիրելի մարդիկ մինչ այս պահն էլ բաժանված են, ասաց նա: Եվ այսպես բաժան-բաժան էլ շարժելու են իրենց գրիչը քվեաթերթիկի վրա, եւ ես ստիպված եմ նրանց միավորվելու կոչ անել:

Գրողական այս բաժանվածությունը պարզապես ոգեւորել էր մի շարք ժուռնալիստների, որոնք ամենածայրահեղ մեկնաբանությունները տվեցին համագումարին: Համագումարում հնչած ամեն խոսք, ամեն միջամտություն այնպիսի կրքոտությամբ էր մատուցվում ընթերցողին կամ հեռուստադիտողին, ասես թամաշայի էին դուրս եկել: Ամեն ինչի մասին խոսվում էր, բացի գրականությունից: Ցավոք, ոչ ոք չնկատեց, որ համագումարի ամենամեծ թերությունն էլ այն էր, որ գրականության մասին գրեթե բան չասվեց (բացառություն կարելի էր համարել գրականագետ Սեյրան Գրիգորյանի ելույթը, որը վերլուծեց վերջին տասը տարիների հայ պոեզիան): Հավաքվել էինք գրականության այսօրվա ու վաղվա մասին խոսելու, խոսեցինք մեր եւ մյուսների Գրողների տանն ու նրա շուրջ պտտվող պատմությունների մասին: Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը ցավով նկատեց, որ այսօր մենք հրապարակում չենք տեսնում տասնութ, քսան, քսանհինգ տարեկան որեւէ բանաստեղծի, որը մեզ զարմացնի իր գրով: Ավելացնենք նաեւ, որ չենք տեսնում հենց գրական-ստեղծագործական մթնոլորտը: Հենց սա է պատճառը, որ Հրանտ Մաթեւոսյանը ցավով է դիտում իր հաջորդի դժվար կացությունը. «Ով էլ լինի հաջորդ նախագահը, մեծ բեռ է կրելու»:

Ու ահա այս բեռն ընկավ Լեւոն Անանյանի ուսերին: Գրողների միության նախագահի եւ վարչության անդամների ընտրությանը ՀԳՄ 350 անդամներից մասնակցեցին 250-ը: Աբգար Ափինյանի օգտին քվեարկեց 111, Լեւոն Անանյանի օգտինՙ 131 մարդ: ՀԳ միության նորընտիր նախագահ Լեւոն Անանյանն իր հետագա աշխատանքի մասին «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասաց.

- Ես, իհարկե, գիտեի, թե ինչ վիճակ է տիրում գրողական ընտանիքում, թե ինչ կրքեր են այստեղ եռում, թե ինչ կարող է համագումարն արեւերես հանել: Բայց այն, ինչ մենք տեսանք այս երեք օրվա ընթացքում, վեր էր ամեն պատկերացումից: Ինձ մի փոքր ամրության է կոչում այն, որ այդուհանդերձ իմ շուրջը տեսա շատ կարգին մարդկանց: Տասը տարիների ընթացքում ամրության մի պաշար է կուտակվել, որը թույլ կտա անհամաձայնությունները, դժվարությունները հաղթահարել: Այն մարդիկ, ովքեր բացի գրականությունից ուրիշ շահ չունեն, նրանց, որոնց ես եմ վստահում եւ որոնք ինձ են վստահում, հուսով եմՙ ինձ հետ կտանեն այդ ծանր բեռը: Նորից ասեմՙ ես բեռն եմ տանելու, իսկ գրական փառքը բաշխում եմ նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն: Մենք միասնաբար պետք է մաքրենք մեր տունը, միասնաբար լուծենք մեր հոգսերը:

Ու ահա, նոր նախագահով Հայաստանի գրողների միությունը նոր հազարամյակում է: Ինչ կլինի հետո, ինչպես կլինիՙ ցույց կտա ժամանակը:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4