Էդվարդ Միրզոյանի 80-ամյակի առթիվ
Արվեստագետի կենսագրությունը ոչ միայն ստեղծագործական բացահայտումների շղթա է, այլեւ բնորոշ կենսագործունեություն, որի կարեւորությունը որոշվում է սոցիալական գործընթացի համատեքստում: Թեւավոր դարձած «հասարակական գործիչ» արտահայտությունը սովորաբար օգտագործվում է որպես արվեստագետի կյանքի լրացուցիչ բնութագիր: Դա բնական է եւ վիճարկման ենթակա չէ: Սակայն գոյություն ունի արվեստագետի նաեւ ուրիշ, այժմ հազվագյուտ մի տեսակ, որի ամբողջ կյանքի ուղին հագեցած է ստեղծագործությամբ, ստեղծարար իմաստով. այստեղ անձնականի եւ պետականի հասկացությունները ներկայացնում են մեկ ամբողջություն: Նրանց թվին է պատկանում փառքով պսակված Էդվարդ Միրզոյանը:
Նրա կյանքի կեսը կապված է եղել Հայաստանի կարեւորագույն մշակութային օջախիՙ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հետ. 35 տարի Միրզոյանը գլխավորել է վարչությունը: Հետադարձ հայացքն ի հայտ է բերում այդ ստեղծագործական կազմակերպության դերը հանրապետության երաժշտական կյանքի զարգացման մեջ, թույլ է տալիս խոսել 70-80-ական թթ. ամբողջ ազգային կոմպոզիտորական դպրոցի բարգավաճման, դրա միջազգային հեղինակության աճի մասին: Էդվարդ Միրզոյանի հասարակական հետաքրքրությունները, որոնք թելադրված էին ժամանակի առաջադիմական պահանջներով, մեծապես նպաստեցին երաժշտական մշակույթի փայլուն նվաճումներին, որոնց ակնհայտ լինելը մեր հանրապետությունը դասեց առաջավորների շարքին:
Միրզոյանի հասարակական գործունեության ընդգրկումը (10 տարի նա Հայաստանի Խաղաղության ֆոնդի նախագահն է), երեւույթների գնահատման մեջ նրա առանձնահատուկ խորաթափանցությունը, դրանց զարգացման հեռանկարները տեսնելու կարողությունը, երաժշտական բազմաթիվ խոշոր նախաձեռնություններին մասնակցելիս հանդես բերած ակտիվությունը, վերջապես մարդկանց հետ շփվելու եղանակը վկայում են, որ նա անկրկնելի անհատականություն է եւ անմնացորդ նվիրված է արարման արվեստին: Անհատը եւ ժամանակըՙ սա է այն թեման, որը մշտապես մտահոգում է Միրզոյան ստեղծագործողին եւ Միրզոյան քաղաքացուն: Այն հագեցնում է նրա գեղարվեստական խոսքը նշանակալիությամբ, համապարփակ մտքով, ուստի մշտապես տրամադրում է ակտիվ ապրումակցության:
Մարդկային վեհ զգացմունքների աշխարհին ուղղված Միրզոյանի երաժշտությունն ասես խտացնում է ինչ-որ պատմական փորձ: Երաժշտական պատումը ստանում է վերանձնական բնույթ. այն յուրաքանչյուր մարդու մասին է եւ միաժամանակ բոլորի մասին: Սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ճանաչողության հավերժական դիալեկտիկայից ծնունդ առած հենց այդ դիապազոնը, թերեւս, միրզոյանական աշխարհընկալման հիմքն է:
Նման ընկալման համոզիչ օրինակներից մեկը կարող է լինել Թավջութակի ու դաշնամուրի սոնատը (1967), որը բարձր են գնահատել Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռոդիոն Շչեդրինը: Փիլիսոփայական այդ ստեղծագործությունն ընկալվում է որպես դրամատիկ մենախոսություն: Սակայն խոր բացահայտման հասցվող անձնական ամբողջ ուղղվածությամբ հանդերձ (սոնատի երկրորդ մասը) երաժշտությունը տպավորություն է գործում վերանձնականի, համընդհանրականի ձգտմամբ:
Կոմպոզիտորը գեղարվեստական ձիրքի լավագույն հատկանիշներն արտահայտեց 40-50-ական թթ. երաժշտության մեջ, դրանք գագաթնակետին հասցնելով 60-ական թթ.: Լարային կվարտետի համար գրված Վարիացիաներով թեման, Տոնական նախերգանքը եւ Սիմֆոնիկ պարերը մտել են ազգային երաժշտության դասական ֆոնդի մեջ: Լարային նվագախմբի ու գոսերի սիմֆոնիան դարձել է 20-րդ դարի հայկական լավագույն սիմֆոնիաներից մեկը: Կոմպոզիտորի ստեղծագործություններից շատերը մնայուն տեղ են գտել տարբեր նվագախմբերի եւ մենակատարների նվագացանկերում, իսկ հետազոտական գիտությունը վաղուց սահմանել է դրանց պատմական նշանակալիությունը: 1948 թ.-ից մինչ օրս Միրզոյանը կոմպոզիցիա է դասավանդում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (այստեղ 1972-86 թթ. նաեւ ամբիոնի վարիչ էր): Անհնար է թվարկել բոլոր նրանց, ովքեր Միրզոյանի մանկվարժական դպրոցի սաներն են եղել, բայց պահպանել են կոմպոզիտորական յուրօրինակ անհատականությունը:
Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունը ձեւավորվել է մի կողմից հայ դասականներիՙ Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Ա. Խաչատրյանի ավանդույթների, իսկ մյուս կողմից Սերգեյ Պրոկոֆեւի, Դմիտրի Շոստակովիչի, Բելա Բարտոկի ազդեցությամբ: Նշված աղբյուրներից յուրաքանչյուրը նշանակալի է որոշակի հատկանիշներով: Այսպես, Կոմիտասից եւ Մելիքյանից բխում էր ներդաշնակության յուրօրինակ ընկալումը, որն ազդում է ազգային ոճի մաքրության վրա: Խաչատրյանը Միրզոյանին, ինչպես նաեւ նրա մի շարք ժամանակակիցներին մոտիկ էր երաժշտության արտահայտչականության քնարական-դրամատիկ պաթոսով, որը կանխորոշում է գեղարվեստական կերպարների խոշորացումն ու տիպավորումը: Ռուս վարպետներ Պրոկոֆեւի եւ Շոստակովիչի համապարփակ արվեստը եւս մշտապես գտնվել է հայ կոմպոզիտորների տեսադաշտում, ընդհուպ վերջին տարիները. դա վերաբերում է Պրոկոֆեւի դաշնամուրային երաժշտության մեջ վառ արտահայտված սրությանն ու գրոտեսկին եւ Շոստակովիչին բնորոշ ձեւի կոնցեպտուալիզմին: Իսկ Բարտոկը 20-րդ դարի երաժշտության համար դարձել է բանահյուսության եւ պրոֆեսիոնալիզմի նոր համադրության յուրօրինակ մանիֆեստ:
Միրզոյանը մշակել է ինքնուրույն դրամատիկ ոճ, որին բնորոշ են բախումային դրամատուրգիան եւ կերպարների հոգեբանական սրությունը: Այդ գծերն առավել լրիվ չափով են արտահայտվել Լարային կվարտետում, Սիմֆոնիայում, Թավջութակի սոնատում եւ Ա. Խաչատրյանի հիշատակին նվիրված Պոեմ-էպիտաֆիայում (1988):
Լարային կվարտետը (Արամ Ղարաբեկյանի շնորհիվ այժմ կա դրա տարբերակը լարային նվագախմբի համար), որը պատերազմի ավարտից երկու տարի անց գրվել է սիմֆոնիկ նվագախմբի Տոնական նախերգանքի հետ միաժամանակ, ոճական առումով դարձավ մեկնարկային: Հատկանշական է, որ հենց կամերային ոլորտում Միրզոյանը գտավ գաղափար-հայեցակարգի այն հղկվածությունը, որը տիպար դարձավ հայ կոմպոզիտորների ապագա սերունդների համար: 50-60-ական թթ. կամերային-գործիքային երաժշտության վրա Կվարտետի ազդեցության արգասավորությունը բացատրվում է հուզական եւ բանական գործոնների միջեւ ստույգ գտնված համակշռությամբ: Հիմնական դրամատիկ կերպարն այստեղ հարստանում է նոր զուգորդումների, ժանրային ելեւէջների հակադրություններով: Մեծ նշանակություն են ստանում պոլիֆոնիան, կվարտետի ձայների հակադրման ինտենսիվությունը եւ դրանց ռիթմիկ ինքնօրինականությունը: Եվս մեկ մանրամասնություն է 26-ամյա կոմպոզիտորի երաժշտության քնարական աշխարհը: Քնարերգությունն ի հայտ եկավ առանձնահատուկ ինտոնացիոն ներդաշնակության, ժողովրդական երգի տարրերի վերաիմաստավորման մեջ, ինչպես նաեւ բանաստեղծականացման ձգտման մեջՙ այն, ինչն ավելի ուշ արտահայտվեց նրա բոլոր ստեղծագործություններում, այդ թվում «Քաոս» կինոնկարի երաժշտության հրաշալի «Քնարական պատկերում», «Պոեմ» եւ «Ալբոմ թոռնուհուս համար» դաշնամուրային գործերում:
Կվարտետից մինչեւ բոլոր առումներով կատարյալ եւ հայկական երաժշտության մակարդակի չափանիշ դարձած Սիմֆոնիան, կամերային-համույթային եւ մեկ գործիքի համար գրված ստեղծագործություններից դեպի Պոեմ-էպիտաֆիա ընկած ուղին ոչ այնքան զարգացման, որքան ստեղծագործական սկզբունքների կատարելագործման ուղի է: Փոխարենը մշակվել են վարպետի երաժշտությունն ու գաղափարները, նստվածք տալով եւ յուրացվելով տարբեր հեղինակների ստեղծագործություններում, վկայելով ավանդույթների ժառանգորդության եւ դպրոցի մասին:
Էդվարդ Միրզոյանն ամենաբարձր կոչումների, պարգեւների ու մրցանակների ասպետ է, նա միջազգայնորեն ճանաչված երաժշտական հեղինակություն է: Մեզՙ նրա ժամանակակիցներիս համար սիրելի կոմպոզիտորը մնում է բարձր անհատ, որի անվան հետ մշտապես կապված են նախաձեռնողականությունը, մարդկանց եւ երաժշտությանն անմնացորդ ծառայելու արվեստը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր