«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ ՊՈՒՏԻՆ- ՔՈՉԱՐՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՈՒՄ

<20019301.jpg>

Վալերի Նիկոլայենկոն կարեւորում է երեւանյան գագաթաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից երկրների երեւանյան գագաթաժողովը շատ կարեւոր փուլ է ռազմաքաղաքական ինտեգրման ուղղությամբ: Այս մասին ասաց մայիսի 22-ին Երեւան ժամանած ՀԱՊ Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն:

Գագաթաժողովին ստորագրվելիք փաստաթղթերից նա կարեւորեց Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ արձագանքման ուժերի ստեղծման վերաբերյալ արձանագրությունըՙ հատկապես հաշվի առնելով ներկայիս իրավիճակը այդ տարածաշրջանում: Պակաս կարեւոր չէ նաեւ հավաքական անվտանգության ամբողջ համակարգի շրջանակներում արագ արձագանքման ուժերի կազմավորման եւ գործունեության վերաբերյալ արձանագրությունը, քանի որ դրանով սկիզբ կդրվի երեքՙ հայկական, բելառուսական եւ կենտրոնասիական ուղղությունների միավորմանը անվտանգության միասնական համակարգի մեջ: Նիկոլայենկոն նշեց, որ այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, սակայն կարեւորը սկիզբն է, առավել եւս, որ արձանագրությունը կստորագրվի կովկասյան ուղղության ակտիվ զարգացման ֆոնի վրաՙ ռուս-հայկական պայմանավորվածությունների հիմքի վրա: Նա հիշեցրեց, որ վերջերս ուժի մեջ է մտել հակաօդային պաշտպանության համատեղ հերթապահության համակարգը, ձեւավորվում են տարածաշրջանային համատեղ ուժեր այլ զորատեսակներում:

ՀԱՊ անդամ երկրների ղեկավարները կանդրադառնան նաեւ պայմանագրի գործունեության տարածքում տիրող իրավիճակին, հատկապես այնպիսի թեժ կետերում, ինչպիսին է Աֆղանստանը: Կընդունվի ծավալուն քաղաքական հայտարարություն, որտեղ կարտահայտվի մասնակից երկրների ընդհանուր դիրքորոշումը առավել կարեւոր տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Նիկոլայենկոն շեշտեց, որ բոլոր քննարկվելիք փաստաթղթերը պաշտպանական բնույթի են, քանի որ ՀԱՊ-ը քաղաքական կառույց է, որը հանդիսանում է զսպող գործոն, այլ ոչ թե սպառնալիք որեւէ կողմի համար: Այդ պատճառով հիմնական ուշադրությունը դարձվում է քաղաքական լծակներին, եւ այն հայտարարությունը, որը մշակվում է նախագահների համար, հանդիսանում է արտաքին աշխարհին ուղղված քաղաքական ուղերձ:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկոլայենկոն հայտնեց, որ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Քոչարյան-Պուտին առանձնազրույցին կքննակվեն նաեւ ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր: «Պայմանագիրն անմիջականորեն չի զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, սակայն մենք ողջունում ենք ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում», ասաց նա: ՀԱՊ Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի շփումները, որոնք «եղել են եւ կլինեն», կբերեն վստահության ամրապնդմանը եւ փոխըմբռնմանըՙ ի վերջո հանգեցնելով խնդրի կարգավորմանը: «Քի Վեսթի հանդիպումները որոշակի լավատեսություն են ներշնչում: Ներկայումս նախապատրաստվում են կովկասյան քառյակի, ինչպես նաեւ Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպումները: Կարծում եմ, բոլոր ձեռնարկվող քայլերը նպատակամղված են նրան, որպեսզի ամեն անգամ նոր շարժեր լինեն», նշեց Նիկոլայենկոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4