<20019304.jpg>
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Ղազախստանի արտաքին գործերի, պաշտպանության, տրանսպորտի եւ հաղորդակցության, էկոնոմիկայի ու առեւտրի նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտոնատար այլ անձինք:
Նուրսուլթան Նազարբաեւը նույն օրն առանձնազրույց կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը զուգահեռ տեղի կունենան հայ-ղազախական բանակցություններՙ ընդլայնված կազմով: Նախատեսվում է նաեւ համատեղ փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաեւ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի համատեղ մամուլի ասուլիսը:
Պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանի նախագահը կայցելի Երեւանի պետական համալսարան, հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նրա գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Մատենադարանում եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
Մայիսի 25-ին Նուրսուլթան Նազարբաեւը կմասնակցի Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի աշխատանքին: