«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ՎԻՃԱԿԸ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ խոստման համաձայն իրենք հետեւողական ու անակնկալ այցելում են հանրապետության զորամասեր: ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասնակցությամբ հանձնաժողովը եղել է 9 զորամասում (Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում): Հանձնաժողովի նախագահն ուրախությամբ փաստեց, որ չնայած որոշակի խնդիրներին, բոլոր տեղերում իրենք դրական տեղաշարժ են արձանագրել: Պ. Հայրիկյանը տեղեկացրեց, որ նախատեսվում են նաեւ անակնկալ գիշերային այցելություններ զորամասեր:

Պ. Հայրիկյանը հայտնեց, որ գրություն է կազմվել մի հիվանդ զինծառայողի վերաբերյալ, սակայն, ընդհանուր առմամբ հանձնաժողովը հիվանդ զորակոչիկների հարցով վիճակագրություն չի կատարել:

Անդրադառնալով օրեր առաջ Մոսկվայում կայացած Հելսինկյան համաձայնագրի 25-ամյակին եւ ՌԴ Եվրախորհրդի անդամ դառնալու 5-ամյակին նվիրված խորհրդաժողովին, Պ. Հայրիկյանը նշեց, որ ամենակարեւոր հարցը 21-րդ դարում մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունն էր: Ըստ նրա, մարդու իրավունքների տեսանկյունից զգալի ուսանելի հարցեր կային: Ըստ նրա, ՌԴ դաշնային բոլոր կառույցներում առանձին օմբուդսմենի հաստատություն կա:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, ՄԱԿ-ը պատրաստվում է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների ազգային ծրագրի իրականացման հարցում: ՄԱԿ-ը նպատակահարմար է գտնում, որ ծրագիրն առաջարկվի մեր պետության կողմից, իսկ իրենք ընդամենը աջակցեն: Պ. Հայրիկյանը ենթադրում է, որ դա մասամբ պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի ձգձգումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4