«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՋԵՐԱԼԴ ՔԱՖԵՍՋՅԱՆԸՙ «ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԲԱԺՆԵՏԵՐ

Ամերիկյան գործարար շրջանակներում եւ սփյուռքահայության մեջ լայնորեն հայտնի մեծահարուստ Ջերալդ Քաֆեսջյանը օրերս ձեռք է բերել «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետոմսերի մեկ մասը եւ Սարգսյանների ընտանիքի հետ դարձել է նրա չորս սեփականատերերից մեկը:

Ինչպես հավաստում էր ինքըՙ պրն Քաֆեսջյանը, իր նպատակը ոչ թե շահ ստանալն է, այլ այդ անկախ լրատվամիջոցի հզորացմանը նպաստելովՙ հայրենի պետության ներքին կայունությանը, ժողովրդավարությանը սատարելն այն հաշվով, որ ողջ աշխարհի եւ առաջին հերթին Ամերիկայի հայությունը հնարավորություն ունենա ոչ պետական լրատվամիջոցից օբյեկտիվ տեղեկություն ստանալու հայրենիքի մասին: Մինչեւ «Արմենիայի» բաժնետոմսերը գնելը Ջերալդ Քաֆեսջյանը տեւականորեն ուսումնասիրել է հայաստանյան մասնավոր հեռուստաընկերությունները եւ տեխնիկական զինվածությունը, հաղորդաշարերի բազմազանությունը, եւ թողարկումների մակարդակն ու այլ հատկանիշներ հաշվի առնելովՙ կանգ է առել այս հեռուստաընկերության վրա: Երեկ, «Երեւան» հյուրանոցում կայացած հրաժեշտի ընթրիքի ժամանակ, որին «Արմենիայի» առաջատար աշխատակիցներից ու լրագրողներից բացի մասնակցում էին նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ այլ պաշտոնատարներ, Ջերալդ Քաֆեսջյանը, հրաժարվելով իր մասին խոսելուց, բառացիորեն նկատեց. «Չեմ ուզում, որ որեւէ կերպ ինձ գովազդեն: Սիրում եմ, երբ արածս մնում է մարդկանց, իսկ ես չեմ երեւում: Եթե ինձ նույնիսկ հեռուստացույցով տեսնում եմՙ անջատում եմ. Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ձեռք բերեցի «Արմենիա» TV-ի բաժնետոմսերը, ասեմ, որ ուզում եմ ինքս էլ մի նոր բան բերել հեռուստատեսության ոլորտ: Սակայն իմ ամենամեծ ավանդն այն կլինի, որ օգնեմ Բագրատին («Արմենիա»-ի նախագահ Բագրատ Սարգսյանին) իրականացնելու իր ծրագրերը, քանզի տեսնում եմ, որ հեռուստատեսությունը նրա կյանքն է: Նրան հենց դրա համար էլ սիրում եմ, որովհետեւ շատ բան է ուզում անել, եւ ակամա օգնելու ցանկություն է առաջանում: Հիմա երկուսով աշխատում ենք, որ ամերիկահայությունը որքան հնարավոր է շուտ սկսի դիտել «Արմենիա» TV-ի հաղորդումները.»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4