«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՎԱՆՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ բնապահպանության նախարարությունը հանդես է եկել հերքմամբՙ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ Վանյա Մխիթարյանի այն հայտարարության առնչությամբ, որ փայտի եւ ձկան անօրինական առեւտրից ստացվող ստվերային գումարը տարեկան հասնում է 40 մլն դոլարի:

Բնապահպանության նախարարի տեղակալ Հրայր Թովմասյանը «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում համաձայնեց, որ խնդիրները բնապահպանության ոլորտում շատ են, այդ թվում եւ կապված ստվերային եկամուտների հետ: Սակայն, նրա կարծիքով, Մխիթարյանի ներկայացրած թվերը կասկած են հարուցում, առաջին հերթին այն պատճառով, որ դրանք չեն կարող ստուգվել: Օրինակ, ըստ Թովմասյանի, եթե վաճառվեին ձկան ամբողջ պաշարները (պաշարները Սեւանա լճում կազմում են մոտ 10 հազար տոննա), ապա գոյություն ունեցող սակագներով ստացված գումարը չէր գերազանցի 48 մլն դրամը (այսինքն 90 հազար դոլարը):

Իսկ ապօրինի անտառահատումների առնչությամբ, նշեց նա, բացահայտվել են խախտումներ, որոնցով ներկայումս զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Թովմասյանն ընդգծեց, որ նախարարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնի հասցնի այդ բնագավառում առկա խախտումները:

Փոխնախարարը հատուկ անդրադարձավ ընդերքի վերահսկողությանը, ընդգծելով, որ ներկայումս այդ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Նա նշեց, որ ընդերքի հետազոտման եւ օգտագործման համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ամրապնդման հարցով ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունը կնպաստի բյուջե հավելյալ գումարներ ուղղորդելուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4