«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Անդրկովկասում երբեւէ նշանավոր համարվող Շուշիի ռեալական ուսումնարանն այսօր, ցավոք, ավերակների է վերածված ռազմագործողությունների հետեւանքով: Դա չի խանգարում սակայն լայնորեն նշելու կրթօջախի հիմնադրման 120-ամյակը:

ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների, ինչպես նաեւ Երեւանի եւ Արցախի պետհամալսարանների, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովը նպատակ ունի վերարժեքավորել ոչ միայն Շուշիի ռեալական ուսումնարանի նշանակությունը, այլեւ դպրոցների պատմության դերը միասնական կրթական տարածքի ձեւավորման գործում: Գիտաժողովի ծրագիրը ներառում է երկօրյա բազմաբովանդակ միջոցառումներ, որին մասնակցելու համար հյուրեր էին ժամանել Հայաստանից ու արտասահմանյան տարբեր երկրներից: Երեկ գիտաժողովի մասնակիցները Շուշի մեկնելուց առաջ ծաղիկներ դրեցին Ստեփանակերտի հուշահամալիրի պատվանդանին, իսկ Շուշիումՙ նորօրյա սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց եկեղեցական արարողություն, որից հետո գիտաժողովի մասնակիցների հոծ խումբը եղավ ռեալական ուսումնարանի կիսավեր շենքի մոտ:

Այնուհետեւ Շուշիի մշակույթի տանը ժողովականները դիտեցին Արցախի նկարիչների ցուցահանդեսը, իսկ հետո ձեռնամուխ եղան գիտաժողովի աշխատանքներին:

Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ԱրՊՀ ռեկտոր Կառլեն Ադամյանը:

«Շուշիի ռեալական ուսումնարանի դերն արցախահայության կրթամշակութային կյանքում» թեմայով զեկուցում կարդաց ԼՂՀ ԿԳ նախարար Համլետ Գրիգորյանը: Եղան նաեւ ուշագրավ այլ ելույթներ, որոնց մեջ հատկանշական է դոկտ. Իհայաթ Ռզայի (Իրան) ելույթը: Այն նվիրված էր հայ-պարսկական առնչություններին եւ ընդգծում էր հայ ժողովրդի պատմական կարեւոր առաքելությունը տարածաշրջանում:

Գիտաժողովը թեմատիկ մասնաբաժանումներով կշարունակվի այսօր: Կլսվեն ավելի քան չորս տասնյակ զեկուցումներ, իսկ վերջում տեղի կունենա ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի արտագնա նիստՙ ԼՂՀ-ում:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4