«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2001-05-19 | #92, 2001-05-22 | #93, 2001-05-23


ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՇՈՇԱՓԵԼՈՒ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԸ

Ի՞նչ գործառույթներ տալ նրան

Հայաստանում տնտեսական ոլորտն արտացոլող թերեւս միակ քիչ թե շատ կայացած կառույցը Գործարարների եւ արդյունաբերողների միությունն է: Գործող առեւտրաարդյունաբերական պալատը ոչ հեղինակություն ունի այստեղ, ոչ էլ կարողանում է համակարգում էական դերակատարում ստանալ: Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում հենց պալատներն են համակարգում ողջ տնտեսական դաշտի տեղաշարժերըՙ արտահայտում գործարարների, արդյունաբերողների շահերը, նույնիսկ միջնորդ դատարանի դեր կատարում: Պալատների կարեւորության մասին է խոսում նաեւ այն, որ աշխարհում այսօր գործում է Առեւտրաարդյունաբերական միջազգային պալատը, որին անդամակցում է նաեւ Հայաստանի նույնանուն կառույցը:

Բավականին հեղհեղուկ հեղինակություն ունենալու պատճառներից մեկն այն է, որ չի եղել պալատի գործունեությունը համակարգող որեւէ օրենք, հստակ չեն եղել նրա գործառույթները, կարգավիճակը եւ այլն:

Նախորդ շաբաթ խորհրդարան էր ներկայացվել «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին» օրենքի նախագիծըՙ մշակված կառավարության եւ մի խումբ պատգամավորների կողմից: Առանցքային գաղափարը, որ դրվել է նախագծի մեջ, պալատին ոչ պետական, այսինքն հասարակական բնույթ տալն է: Այս դրույթը տրամաբանորեն ենթադրելու է, որ կառույցին անդամակցող ամենատարբեր ձեռնարկությունները, ընկերություններն առաջնորդվելու են կամավորության սկզբունքով եւ իրենց ցանկությամբ միայն կարող են անդամակցել կամ չանդամակցել: Նախագծում տեղ գտած դրույթները սակայն անորոշություն են մտցնումՙ թե իսկապես կարո՞ղ է պալատն ինքը միավորել Հայաստանում գործող բոլոր տնտեսվարողներին, թե՞ վերջիններս իրենք են պալատը ձեւավորողը: Հոդվածներից մեկը հստակ առաջինի մասին է խոսում, մյուսըՙ երկրորդի, ինչն առաջացրեց խորհրդարանականներիՙ հատկապես բիզնեսի աշխարհի ներկայացուցիչների դժգոհությունը: «Ժողովրդական պատգամավորներ» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի բնորոշմամբՙ նախագիծն առաջնորդվում է այսպես կոչված դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, որն ինքնին անհեթեթ է եւ անհարիր Հայաստանի որդեգրած տնտեսական ապակենտրոնացման քաղաքականությանը: Ըստ Կարապետյանի եւ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանի, պետք է հստակ նշվի, որ պալատը ձեւավորվում է ներքեւիցՙ տնտեսվարողների կողմից, իրենց ցանկությամբ, առանց պարտադրանքի կամ ուղղորդման:

Կարեւոր հարցադրում է նաեւ, թե ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա պալատը եւ ի՞նչ ենթակառույցներ: Ըստ օրինագծի, չնայած տեղ գտած հակասությանը, տեղերում տնտեսվարողները ստեղծում են տեղական առեւտրաարդյունաբերական պալատներ, որոնցից ստեղծվում է արդեն Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատը, որը որոշակիորեն լիազորված է լինելու պետական գործառույթներով: Որպես այդպիսին պալատը իրավունք է ունենալու ձեռնարկություններին տրամադրել ապրանքի ծագման սերտիֆիկատներ: Սակայն թե ի՞նչ կարգովՙ գրված չէ, թեեւ ամենահիմնական հարցը հենց դա պետք է լիներ: Այսինքն շատ հնարավոր է, որ տեղական պալատներն իրենց հայեցողությամբ, փող աշխատելու նպատակով սկսեն սերտիֆիկատներ թողարկելՙ դառնալով կոռուպցիոն տիպիկ երեւույթ:

Առեւտրաարդյունաբերական պալատը ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող կառույց է լինելու, որի կառավարման բարձրագույն մարմինը 4 տարին մեկ հրավիրվող համագումարներն են: Դրանց ընթացքում ձեւավորվում է պալատի խորհուրդը, ընտրվում է նախագահ: Առանձին տեղական պալատներ ստեղծվում են իրենց հերթին հիմնադիր համագումարների միջոցով: Խորհրդի անդամներն իրավունք ունեն արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի մատուցած ծառայություններից:

Առեւտրաարդյունաբերական պալատի հիմնական նպատակն է լինելու օժանդակել տնտեսության զարգացմանը, տեղի եւ օտարերկրյա ձեռնարկությունների հարաբերությունների ձեւավորմանն ու հաստատմանը: Պալատն օժանդակելու է անհատական ձեռներեցության եւ առեւտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների պաշտպանությանը, անդամակցողներին տեղեկատվություններ է հաղորդելու տնտեսական ոլորտում ընթացող գործընթացներից: Սակայն գլխավորն այն է, որ պալատը հնարավորություն է ունենալու մասնակցել տնտեսությանն առնչվող օրինագծերի, ծրագրերի, հայեցակարգերի մշակմանն ու քննարկմանը, այսինքն էական ազդեցություն է ունենալու տնտեսությանն առնչվող ցանկացած հարցի լուծման վրա:

Պալատի ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացվելու է անկախ աուդիտորական կազմակերպության միջոցով, որի ընտրությունը կատարում է առեւտրաարդյունաբերական պալատի նախագահությունը: Պալատը գործելու է այս օրենքով, իր կանոնադրությամբ, իրավական այլեւայլ ակտերով, որոնք չեն հակասի ո՚չ երկրի սահմանադրությանը, ո՚չ էլՙ օրենքներին: Չնայած նշված դրույթներին, նախագիծը լուրջ, հավելյալ քննարկումների կարիք ունի, որին կառավարությունը եւ պատգամավորները կարող են ձեռնամուխ լինել մինչեւ երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4