Նշելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում ու գրվում ղարաբաղյան բանակցություններում զգալի առաջադիմության մասին, կասկած հայտնելով բերված տեղեկությունների ճշմարտացիության մեջ, քանի որ իրականում ոչ ոք դեռ չգիտի սպասվող համաձայնության մանրամասնությունները, եւ մանավանդ համոզված լինելով, որ վաղաժամ դատողությունները միայն վնաս կհասցնեն ինչպես Հայաստանին, այնպես էլ Ղարաբաղին, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ տնօրեն, «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մշտական սյունակագիր Հարութ Սասունյանն իր մայիսի 13-ի հոդվածում մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի ճշգրիտ ծրագրման եւ պատշաճ ներկայացման վերաբերյալ: Նա գրում է. «Բոլորն էլ պաշտպանում են խաղաղության հասնելու ջանքերը: Հայաստանն էապես օգտվելու է կարգավորումից: Սակայն եթե խաղաղության համաձայնությունը ճիշտ չկազմակերպվի եւ պատշաճորեն չներկայացվի հանրությանը, ապա մեծ վնաս է հասցնելու Հայաստանի ներքին կայունությանն ու տնտեսական բարգավաճմանը: Կուզեի այստեղ նշել 3 հիմնական մտահոգություններ.
1. Հնարավոր է, որ Հայաստանի պետական այրերը չկարողանան ժողովրդին ճիշտ ներկայացնել վերջնական առաջարկության պայմանները սոսկ այն պատճառով, որ նրանք բավականաչափ հմտացած չեն հասարակական հարաբերություններում: Նույնիսկ ամենանպաստավոր ելքը կարող է մերժվել ժողովրդի կողմիցՙ այդպիսի փորձի պակասի հետեւանքով:
2. Սա կարող է տանել դեպի անկայունություն կամ քաղաքացիական խժդժություն, որն էլ իր հերթին կնվազեցնի տարածաշրջանում խաղաղության հասնելու հեռանկարները: Երկու կառավարությունների եւ բանագնացների պարտքն է նախքան երկու ժողովուրդներին ներկայացնելը, ամենայն մանրամասնությամբ կշռադատել իրենց առաջարկած համաձայնության հետեւանքները:
3. Նույնիսկ ամենանպաստավոր առաջարկը կարող է պարունակել շատ լուրջ եւ չմտածված հետեւանքներ: Դրանցից մեկը սերտորեն կապված է շրջափակման վերացման հետ: Հենց Հայաստանի սահմանները բացվեն, հավանական է, որ թուրք գործարարները ներխուժեն եւ հայկական շուկան բառացիորեն հեղեղեն էժանագին թուրքական սպառողական ապրանքներովՙ վնաս հասցնելով տեղական արտադրանքին: Հնարավոր է նաեւ, որ մեծահարուստ թուրքերն էժան գներով Հայաստանում գնեն ինչպես հողատարածքներ, այնպես էլ գործարաններ:
Առաջարկում եմ, որ Հայաստանի կառավարությունը, այս հարցով մտահոգված սփյուռքահայերի հետ, ձեռնարկի հետեւյալ միջոցներն ապահովելու Հայաստանի ազգային անվտանգությունը.
1. Մասնագետների միջոցով պարզել ժողովրդի հակազդեցությունը Ղարաբաղի հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
2. Օգտագործել հասարակական հարաբերությունների հմուտ մի ֆիրմայի ծառայությունները հայ պաշտոնական այրերին խորհուրդ տալու գործումՙ հակամարտության կարգավորման վերջնական տեքստը ժողովրդին ճիշտ ձեւով ներկայացնելու համար:
3. Կազմել տնտեսագետների մի հանձնախումբ, որը կուսումնասիրի, թե ինչպես հայկական շուկան զերծ պահել թուրքական ապրանքների ներխուժումից: Հայաստանը պետք է պահպանի իր ներքին, տեղական արդյունաբերությունը եւ պայքարի էժանագին օտար ներմուծումների, ինչպես նաեւ մարտավարական հաստատությունների սեփականաշնորհման դեմ: Շատ այլ երկրներ դիմել են նման քայլերիՙ թույլ չտալով օտարներին տիրանալ իրենց մարտավարական հաստատություններին:
Անհրաժեշտ է, որ նման սահմանափակումներն ու միջոցները ձեռնարկվեն ինչքան հնարավոր է շուտՙ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, իրականում Հայաստանի տնտեսության պահպանման հարցը պետք է ցանկացած համաձայնության նախապայմանը կազմի:
4. Մ. Նահանգներն ու արեւմտյան մյուս երկրները Հայաստանի առաջնորդների առաջ բազմիցս գցել են «խաղաղության եւ դրանից օգտվելու» խայծը: Նախքան խաղաղության ցանկացած առաջարկի ընդունումը, Հայաստանի ղեկավարներն ամենայն լրջությամբ եւ սրտացավությամբ պետք է բանակցեն ու ճշտեն երկրին եւ Ղարաբաղին անհրաժեշտ տնտեսական որոշակի դրդապատճառները:
Եթե այս քայլերը ձեռնարկվեն, խաղաղությունը կարող է հաստատվել տարածաշրջանում առանց նվազագույն ապակայունացման ցնցումների եւ տնտեսական առավելագույն օգուտներով: