<20019304.jpg>
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Ադրբեջանում 9 տարիների ընթացքում դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել: Մայիսի 22-ի ասուլիսում այս մասին հայտարարեց «Ընդդեմ իրավական բռնությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, որը ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ «Երիտասարդ իրավաբանների միության» ներկայացուցիչների հետ մասնակցել է մայիսի 17-18-ին Բաքվում կայացած համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրախորհրդի միգրացիայի, փախստականների եւ ժողովրդագրության կոմիտեի կողմից եւ նվիրված էր Հարավային Կովկասի երկրներում փախստականների եւ տեղահանված անձանց հիմնախնդիրներին:
Լ. Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանում վերջին տարվա ընթացքում ի հայտ են եկել մի քանի բացասական «նորույթներ». մասնավորապես շրջանառության մեջ է մտցվել նոր ձեւակերպում, իբր Ադրբեջանից ոչ ոք բռնի չի տեղահանվել: Մշակվել են նաեւ այսպես կոչված «պատմական հիմքեր», ըստ որոնց ադրբեջանցիները ճգնում են այս տարածաշրջանում հայերի հայտնվելը «տեղափոխել» 19-րդ դարի երկրորդ կես: Բացի այդ, նրանք գտնում են, որ կոնֆլիկտի լուծման միակ ճանապարհը Հայաստանի կողմից ազատագրված հողերի վերադարձն է Ադրբեջանին, ու նաեւ նշում, թե Հայաստանի իշխանություններն եւս այդ հողերն ընկալում են որպես բռնազավթածՙ նկատի ունենալով ՀՀ արտգործնախարարի հայտնի խոսքերը: Ըստ տիկին Ալավերդյանի, հարեւան երկրում միակ դրական փոփոխությունը ԶԼՄ-ների ազատականացումն է, ինչի մասին է վկայում նաեւ այն, որ Լարիսա Ալավերդյանը հարցազրույցի էր հրավիրվել ուղիղ եթերումՙ ադրբեջանական անկախ հեռուստաընկերություններից մեկի կողմից:
Գագիկ Եգանյանը նշեց, որ չնայած ադրբեջանցիներն իրենք էին հյուրընկալող կողմը, սակայն բացառում էին որեւէ համագործակցություն հայկական կողմի հետ, ինչը բացասական արձագանքներ է ունեցել միջազգային կազմակերպությունների պատվիրակների մոտ: Վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտենՙ ադրբեջանցիները նույնիսկ հայտարարել են, թե Հայաստանում գտնվում են մոտ 700 պատանդներ, ինչին ի պատասխան Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք Հայաստանում որեւէ պատանդի չեն այցելում եւ չգիտեն նրանց մասինՙ խոսքը կարող է գնալ միայն անհետ կորածների մասին:
Եգանյանը հայտնեց, որ ադրբեջանական քարոզչությունն անընդմեջ ներկայացնում է կեղծարարություններ, որոնց ի պատասխան հայկական կողմը համաժողովի մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել դրանք ժխտող տեղեկանք: