1989 թ. Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայից ատոմակայանին (ՀԱԷԿ) բաժին էր ընկնում 25 տոկոս, ՋԷԿ-երինՙ 60 եւ ՀԷԿ-երինՙ 15 տոկոս: 2000 թ. տվյալներով պատկերը հետեւյալն է. ՀԱԷԿՙ 40 տոկոս, ՋԷԿ-երՙ 40, ՀԷԿ-երՙ 20 տոկոս: Հաշվի առնելով բնապահպանական, անվտանգության, այլ պետությունից ուղղակի կախվածության խնդիրները, Հայաստանը փորձում է էներգետիկ նպատակներով առավելագույնս ռացիոնալ օգտագործել երկրի ջրային ռեսուրսները: Պիտի նշենք, որ ՀԱԷԿ-ի եւ ՋԷԿ-երի համեմատ հիդրոէլեկտրակայաններում արտադրված էներգիան անհամեմատ էժան է:
Հայաստանի ՀԷԿ-երը հիմնականում կենտրոնացված են Սեւան-Հրազդան եւ Որոտանի կասկադների վրա, մինչդեռ Արաքսի ջրերը էներգետիկ կամ այլ նպատակներով արդյունավետ չեն օգտագործվում:
Վերջին տարիներին հայ-իրանական համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում փաստաթղթայինից անցել է գործնական բնույթի: Ինչպես վերջերս մի քանի անգամ գրել է «Ազգը», Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու մտադրությունը երկար պատմություն ունի: Վերջին շրջանում այս հարցի շուրջ իրանական եւ հայկական կողմերի բանակցություններն ակտիվացել են: «Հայհիդրոէներգոնախագիծը» եւ իրանական շատ խոշոր, հայտնի «Մաաբոց» ընկերությունը տեխնիկատնտեսական հիմնավորումների վրա են աշխատում: Հայկական եւ իրանական կողմերը ստեղծել են տեխնիկական կոմիտե, որի կազմում են հայ, իրանցի մասնագետներ», մեզ հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Կարեն Կարապետյանը: Ըստ փոխնախարարի, որը վերջերս Թեհրանում բանակցություններ է վարել իրանցի իր գործընկերների հետ, դեռեւս հստակեցված չէ, թե ի՞նչ հզորություն է ունենալու ՀԷԿ-ը, Արաքս գետի հայ-իրանական սահմանի ո՞ր հատվածում է կառուցվելու, ինչքա՞ն է գնահատվում ծրագրի նախնական արժեքը, ե՞րբ է սկսվելու եւ ավարտվելու շինարարությունը եւ այլն. «Այս հարցերի պատասխանը պետք է տա տեխնիկական կոմիտեն, այդ ժամանակ կարող ենք խոսել թվերի մասին: Ի՞նչ տարբերակով կկառուցվի ՀԷԿ-ըՙ երկու առանձինՙ հայկական եւ իրանական կայաննե՞ր, թե՞ հայ-իրանական համատեղ մեկ կայան, դեռեւս պարզ չէ: Հաջորդ հարցը, որ քննարկել ենք Թեհրանում, համատեղ գլխավոր պատվիրատուի գաղափարն է: Այս խնդրով հայկական կողմից աշխատում է «Հայէներգո» ՓԲԸ-ն, իրանական կողմիցՙ խոշոր «Աբնեռու» ջրային ընկերությունը: Արդեն հունիսին Երեւանում տեղի է ունենալու տեխնիկական կոմիտեի հաջորդ նիստը»:
Պաշտոնական Բաքուն Արաքսի վրա ՀԷԿ-ի կառուցման լուրն ընդունեց ջղաձգությամբ: Արտգործնախարար Գուլիեւը հայտարարել է, թե պետք է հաշվի առնվեն նաեւ Ադրբեջանի շահերը: Փոխնախարար Կ. Կարապետյանից փորձեցինք ճշտելՙ Մեղրու ՀԷԿ-ի կառուցումով Հայաստանը խախտո՞ւմ է միջազգային որեւէ նորմ: «Անշուշտՙ ոչ, Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը տնտեսական խնդիր էՙ ուղղված էներգետիկ անվտանգությանը, մեր երկրի տարածքի հիդրոպոտենցիալի օգտագործմանը: Չկա միջազգային որեւէ փաստաթուղթ, որն արգելում է որեւէ երկրիՙ իր տարածքում գետերի պոտենցիալն օգտագործել», նշեց փոխնախարարը: Հայկական կողմը ՀԷԿ-ի կառուցման ո՞ր տարբերակին է հակվածՙ առանձին հայկակա՞ն, թե՞ համատեղ հայ-իրանական: «Որ տարբերակն առավել օպտիմալ լինիՙ դրան էլ հակված ենք: Տեխնիկատնտեսական հաշվարկը ցույց կտաՙ առանձին հայկական եւ իրանական ՀԷԿ-ե՞ր կառուցել, թե՞ համատեղ: Այս հարցում Իրանը եւս առաջնորդվում է տեխնիկատնտեսական հաշվարկներով», ասաց ՀՀ էներգետիկայի փոխնախարարը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ