Ներմուծվող համանման ապրանքների ինտերվենցիայից
Ցանկացած քիչ թե շատ զարգացած երկիր իր ներքին շուկան պաշտպանելու խնդիր ունի: Պաշտպանելու անբարեխիղճ մրցակցությունից, ներմուծվող ապրանքային ինտերվենցիայից, դեմպինգային գներից: Այս երեք գործոնները շատ հաճախ հանդես են գալիս փոխկապակցված, եւ դրանց դեմ ազդու միջոցներ չձեռնարկելու դեպքում վտանգի է ենթարկվում տվյալ երկրի տնտեսական ինքնուրույնությունը: Հայաստանում, հատկապես վերջին մի քանի տարիներին, երբ ճգնաժամային իրավիճակը տնտեսության մեջ փոփոխվեց դեպի քիչ թե շատ կայուն կացություն, նման քայլերի անհրաժեշտությունն ակնառու դարձավ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, համապատասխան հանձնաժողովը ձեւավորվել եւ սկսել իր գործունեությունը: Ի դեպ, այդ փաստաթղթին «Ազգն» անդրադարձել է («Հանձնաժողովի ներկայությունը բոլորը կզգան», 20 մարտի, 2001 թ.): Երկրորդ անհրաժեշտ օրենքըՙ «Ներքին շուկայի պաշտպանության մասին», ընդունվեց օրերս: Եթե առաջին օրենքը կոչված է թույլ չտալու շուկայում գերիշխող դիրք (մենաշնորհ) ունեցողներին չարաշահել այդ դիրքը, ապա երկրորդ դեպքում խնդիրը տեղական արտադրությունը ներմուծման պատճառով լուրջ վնասից պաշտպանելն է: Խոսքն այստեղ այն ապրանքատեսակների մասին է, որոնց արտադրությանը սպառնում են դրսից ներմուծվող համանման ապրանքները: ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արմեն Գեւորգյանը, որին որպես օրենքի հեղինակի խնդրեցինք ներկայացնել այն, հատուկ ընդգծեց, որ պաշտպանական միջոցառումներ կիրառվելու են միայն համանման եւ մրցակից ներմուծվող ապրանքների դեպքում: Մեզ մտահոգող այն հարցին, թե արդյոք այս օրենքը տեղական արտադրությանը չի՞ մղի ցածրորակ եւ բարձր գին ունեցող ապրանքներ արտադրելու, փոխնախարարը բացասական պատասխան տվեց: Այսինքն, եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ արտադրության այս կամ այն ճյուղը խարխլվում է միայն այն պատճառով, որ արտադրվող ապրանքը ցածրորակ է եւ չարդարացված բարձր գին ունի, ապա նրան պաշտպանելու որեւէ միջոցառում չի կիրառվելու:
Հաջորդ մտահոգությունն այն էր, թե արդյոք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամագրվելու նախաշեմին նման օրենքը չի՞ խոչընդոտի անդամակցությանը: Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ օրենքը հենց ԱՀԿ-ի պահանջներից մեկն է: Կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրներն էլ ունեն նմանատիպ օրենքներ, որոնք սահմանում են «խաղի կանոնները»: «Փորձեք Եվրահամայնքի շուկա մտնել: Այնտեղ բոլոր ապրանքները որոշակի քվոտա ունեն: Ընդ որում, Եվրահամայնքի անդամ երկրների համար այդ քվոտան տարբեր է ոչ անդամ երկրների քվոտայից»: Ըստ փոխնախարարի, եթե Հայաստանն ինչ-որ միջոցառումներ ձեռնարկի ներմուծվող ապրանքների նկատմամբ առանց օրենքի, ապա նույն քայլերը կկիրառեն մեր դեմ, եւ կհայտնվենք շատ վատ վիճակում:
Վերջապես կոնկրետ միջոցառումների մասին: Երբ, ինչպես արդեն նշեցինք, հարաճուն ներմուծման պատճառով լուրջ վնաս է հասցվում կամ լուրջ վնաս է սպառնում արտադրության այս կամ այն ճյուղին, ըստ օրենքի կիրառվում են երեք ձեւի միջոցառումներ. տարիֆային (մաքսատուրքերի բարձրացում), քվոտաների սահմանում (քանակական սահմանափակումներ) եւ այդ երկուսի զուգակցումը: Օրինակ, երբ սահմանվում են ապրանքի ներմուծման որոշակի քանակներ, որից հետո գործելու են այլ մաքսատուրքեր: Առաջին անգամ սահմանափակումները կարող են կիրառվել մինչեւ 4 տարի ժամանակահատվածով, երկրորդ անգամՙ եւս 4 տարով: Ընդհանուր առմամբ, այդ ժամկետները չպետք է գերազանցեն 8 տարին: Կարեւոր դրույթ է ժամանակավոր միջոցառումների մասին դրույթը: Այս դեպքում, ի տարբերություն նախորդ պաշտպանական միջոցառումների, որոնք կառավարությունը կիրառում է Ազգային ժողովի որոշմամբ, գործադիր իշխանությունը օրենքի ուժ ունեցող որոշմամբ արագ կիրառում է միջոցառումը: Այդ ընթացքում ուսումնասիրությունները շարունակվում են, եւ եթե պարզվում է, որ միջոցառման կիրառումն արդարացված է, այն շարունակվում է, եթե ոչՙ դադարեցվում:
Արմեն Գեւորգյանը «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքի կարեւոր արժանիքներից է համարում, որ այն սահմանում է գործողությունների հստակ ընթացակարգ եւ այդ ամենը սկզբից մինչեւ վերջ բաց եւ հրապարակային է: Մինչ պաշտպանական միջոցառումների կիրառումը կատարվում են ուսումնասիրություններ, անց են կացվում խորհրդակցություններ շահագրգիռ բոլոր կողմերի (ապրանք ներմուծողներ, օտարերկրյա պետությունից արտահանողներ, օտարերկրյա արտադրողներ, երկրների կառավարություններ) եւ միայն այդ ամենից հետո պետության կողմից ստեղծված լիազոր մարմինը հրապարակում է իր եզրակացությունը: Ի դեպ, այդ մարմինը չի լինելու նորաստեղծ հանձնաժողով կամ կոմիտե: Նրա գործառույթները վերապահվելու են տնտեսական նախարարություններից որեւէ մեկին (բացառված չէՙ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը):
Այսպիսով, կարող ենք ասել, որ սույն օրենքի ընդունմամբ ներքին շուկան կարգավորելու եւ տեղական արտադրողին խրախուսելու հերթական քայլն է արվել: Տեսականորեն կարծես թե ամեն ինչ հնարավոր է կենսագործել, իսկ գործնականում խնդիրն, անշուշտ, ավելի բարդ է: Բացի օբյեկտիվ դժվարություններից, առկա են բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, որոնք հաղթահարման համար օրենսդրական դաշտի ստեղծումն անհրաժեշտ, բայց միակ բավարար պայմանը չէ: Իմիջիայլոց, վերադառնալով օրենսդրական դաշտին, կցանկանայինք նշել, որ այս ոլորտի համապարփակ կարգավորման համար դեռեւս թափուր է մնում երրորդՙ «Հակադեմպինգի մասին» օրենքի տեղը: Այս օրենքը, ինչպես մեզ հայտնեց արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը, գտնվում է մշակման փուլում: Այս երեք օրենքները կազմում են տնտեսական կյանքի այն կարեւոր բաղադրիչները, առանց որոնց Հայաստանը չի կարող միջազգային հանրության կողմից ընկալվել որպես քաղաքակիրթ գործընկեր:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ