Վերջերս Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը վերադարձավ Մոսկվայից, ուր մեկնել էր մասնակցելու Ամենայն հայոց հայրապետի ու Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ի նախաձեռնությամբ կազմակերպած հանդիսավոր համերգ-միջոցառումներին, որոնք նվիրված էին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակին: Առաջին իսկ համերգն աչքի ընկավ իր բացառիկ կատարողական գրավչությամբ: Հայ եւ ռուս կրոնապետների ողջույնի ջերմագին խոսքը տեղի տվեց հոգեւոր երաժշտության անզուգական նմուշներին, որոնց թվում էին Մ. Եկմալյանի «Պատարագը», «Հայոց աշխարհը», Պ. Չայկովսկու «Աղոթքը», «Քրիստոս հարյավ»-ի կիեւյան ձայներգությունից հատվածը. Երկու ժողովուրդների դարավոր հոգեւոր մշակութային կապերը խորհրդանշող համերգին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի Դաշնության պետական ակադեմիական կամերային երգչախումբը, Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի եւ սեմինարիայի արական երգչախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի սաները, ճանաչված անհատ կատարողներ:
Մոսկվայի երաժշտական եռուն կյանքի անդաստանում այս համերգը, որ տեղի ունեցավ Կրեմլի Համագումարների պալատում, նշանավորվեց որպես առավել վառ եւ հուզական միջոցառումներիցՙ արժանանալով բազմահազարանոց հանդիսականի բուռն ընդունելությանը: Իսկ հաջորդող երկու երեկոների ընթացքում երաժշտասեր հանրությունը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մոսկվացի վաղեմի երկրպագուները հնարավորություն ունեցան ըմբոշխնելու փառապանծ կոլեկտիվի եւ նրա անխոնջ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ խմբերգային արվեստի ռահվիրա Հովհաննես Չեքիջյանի զմայլելի արվեստը: Համբավանուն Սյունազարդ դահլիճում կայացած համերգները, որոնցում բացի Ռոսինիի, Վերդիի եւ Գունոյի խմբերգերից, ամփոփված էին հայ խմբերգային երաժշտության գոհարներից, եւս մեկ անգամ հավաստեցին մաեստրո Չեքիջյանի բեմական մոգական հմայքը եւ երգչախմբի արդի կատարողական մակարդակի բարձր պրոֆեսիոնալիզմը: Իսկական արվեստի այն գրավականը, որի զորությամբ Ռուսաստանին նախորդող համերգներին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը գերեց հույն հասարակության սրտերը: Հիշեցնենք ընթերցողին, որ վերջերս երգչախումբը փառահեղ հաջողությամբ ելույթներ ունեցավ Աթենքում, եւ այդ համերգային շրջագայությունը նույնպեսՙ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունման 1700-ամյակի հանդիսավոր միջոցառումների ծիրում էր:
Մաեստրո Չեքիջյանի արխիվն ինչպես միշտ կազմված, համալրված է բացառիկ բծախնդրությամբ, ներքին կուլտուրայով: Դրանում արդեն իսկ իր պատվավոր տեղն է գտել հունական մամուլը: Թերթում եմ «Նոր աշխարհ» եւ «Ազատ օր» պարբերականները: Ապրիլյան մի շարք համարների մեծադիր էջեր նվիրված են Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին: Արդարացի ցանկություն է առաջանում Հայաստանի ընթերցողին անմասն չթողնել հայ արվեստի կարկառուն ներկայացուցիչներինՙ երգչախմբին եւ Հովհաննես Չեքիջյանին դրանցում ուղղված գնահատանքներից: Գնահատանքներ, որ ոչ միայն սոսկ կատարողականի վերլուծություններ են, այլեւՙ հայրենակարոտ զգացմունքների ջերմ եւ թրթռուն տարափ.
«Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին համերգը Աթէնքի մէջՙ հայ ժողովուրդի մշակոյթի եւ բարձրորակ արժէքներու հաստատումը հանդիսացաւ: Հայերըՙ քիչ մը աւելի սիրեցին իրենց հայրենիքը, քիչ մը աւելի սիրեցին հայ երգն ու մշակոյթը: Հայ մշակոյթի քաղաքակրթութեան շարունակութեան ու յարատեւման փաստըՙ հսկայամարմին ու հսկայարժէք Տորք Անգեղի մը պէս բարձրացաւ ու բարձրացուց երաժիշտ մեծ հերոսըՙ Յովհաննէս Չէքիճեանը եւ հերոսներըՙ իր երգչախումբը: Երգչախումբը այժմէական, շնչող ու կենդանի իրականութիւն մըն է: Հայ երգի գլխաւոր աւանդապահը նոյնինքն իր ղեկավարն է, իսկ երգողներըՙ տոկուն ու անխոնջ. Հայաստանի պետական երգչախումբը ազգին կը ծառայէ. Այս երգչախումբը կարելի է անհունօրէն սիրել ու կապուիլ իրեն, ինչպէս կարելի է դիւրիւթեամբ կապուիլ ու սիրել Արարատը.»:
«Ազատ օր» թերթի առաջնորդող հոդվածը նաեւ մեկ այլ ճշմարիտ եւ կարեւոր դիտարկում է անում. «Իր ժամանակի գեղարուեստական ու հաղորդակցական ամուր նեարդերով կապուած մեր նոր դարաշրջանի խռովքներն ու յոյզերը կը փոխանցուին երգչախումբի երգի ճամբով, ազգային փիլիսոփայութիւն, խտացած սէրեր, բարքեր, անլռելի բողոքներ, ինչպէսՙ «Զէյթունցիներ», դպրութեան հոգեխռով հրայրքով, ինչպէս «Սուրբ-սուրբ»-ը, ճառագայթող հերոսապատումով, ինչպէսՙ «Սարդարապատ»-ը եւ դեռ իրականացված ու չիրականացված ազգային իմաստութիւններով.» («Ազատ օր», թիվ 16952, 2001 թ.):
Խորիմաստ եւ նրբանկատ ամփոփում է սա: Քանզի Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տասնյակ տարիների կատարողացանկն իրապես ներկացնում է հայ երաժշտարվեստի անդաստանում դրսեւորված ազգային մշակույթի քաղաքականության բարձրագույն, հնարավորինս բովանդակ նկարագիրը: Աշխարհի բեմերում համաշխարհային խմբերգային արվեստի մեծ ու փոքր կտավի դժվարին եւ հոյակերտ նմուշներ բազմիցս հնչեցնելով հանդերձ, Հովհաննես Չեքիջյանի յուրատիպ մեկնաբանմամբ Հայաստանի, արտերկրի եւ սփյուռքի լայն զանգվածներին բարձրակարգ կատարումով մատուցվել են հայ ազգային ոգու հմայիչ երաժշտական կոթողներՙ Կոմիտասից, Չուխաջյանից մինչեւ Ա. Խաչատրյան, Ա. Բաբաջանյան: Ներկայացնել հայ արվեստն աշխարհին, մյուս կողմիցՙ հայեցի պահել տարիների իր բազմահազարանոց ունկնդրինՙ սրանում է նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի առաքելությունը:
Աթենքի «Փալլաս» սրահումՙ երգչախմբի ընդունելությունը բացառիկ էր: Ներկա հանդիսատեսի, որոնց թվում էին նաեւ կառավարության անդամներ, հայ եւ հույն եկեղեցիների բարձր հոգեւորականներ, միաբերան կարծիքն ամփոփեց «Ազատ օր» թերթի մեկ այլ համարը (թիվ 16953, 2001): «Աթէնքահայութիւնը բացառիկ օրեր ապրեցաւ. Հայաստանի պետական երգչախումբի ելոյթը անմոռանալի էր»: Հիշյալ շրջագայության վառ եւ հիշարժան համերգներից մեկը հանդիսացավ երգչախմբիՙ Թեսաղոնիկեի (Սելանիկ) սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած ելույթը դիրիժոր Նիքոս Աթինեոսի ղեկավարությամբ, երբ հնչեց Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի եւ աթենքցիների հիշողության մեջ վառ կմնան ջերմագորով հանդիպումները, որոնց ընթացքում հայաստանցիներին հնարավորություն ընձեռվեց այցելելու Աթենքի տեսարժան վայրերը: ...Ասենք, ի դեպ, որ հուլիսի 22-ին Վերդիի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հանդես կգա հռչակավոր Ակրոպոլի բացօթյա տարածքում:
Հայաստան վերադառնալուց առաջ մաեստրո Հովհաննես Չեքիջյանը հոգու գոհունակությամբ դիմեց հույն հասարակությանը. «Եթե մենք կարողացանք ջերմացնել հայերի եւ հույների սրտերը, նշանակում էՙ մեր առաքելությունը հատուկ իմաստ ստացավ եւ նպաստեց հայ մշակույթի տարածմանն ու սփյուռքի հայությանը նրա արժեքների ծանոթացմանը»:
Այն, ինչով գեղեցկորեն իմաստավորվում է հայ խմբերգային արվեստի երախտավոր Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու գործունեությունը: Նաեւՙ 40 տարիներից ի վեր նրա ղեկավարած երգչախմբի կատարողական նկարագիրը:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու