«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԻ ԾԱՎԱԼՎՈՒՄ

<20019402.jpg>

Վաղը Երեւանումՙ անվտանգության գագաթաժողովը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի աշխատանքային ծանոթությունը տեղի է ունեցել 1991 թ. սեպտեմբերին, Ժելեզնովոդսկ քաղաքում: Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների միջնորդությամբ ընդունվեց ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փաստաթուղթըՙ հուշագիր-կոմյունիկեն: Այդ հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Այազ Մութալիբովը, ղարաբաղյան կողմը ներկայացնում էին ԼՂ գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Ջաֆարովը: Այդ ժամանակից Ղազախստանի նախագահը ԱՊՀ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում տասնյակ հանդիպումներ է ունեցել ե՚ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՚ւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Պաշտոնական այցերով Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները 1993 եւ 1999 թթ. ժամանել են Ղազախստան, մինչդեռ երեկ Ն. Նազարբաեւը, որը երկրի նախագահն է արդեն 10 տարի, ոչ միայն առաջին պաշտոնական այցը կատարեց Հայաստան, այլեւ առաջին անգամ տեսավ Երեւանը:

Պրն Նազարբաեւը առանձնազրույց ունեցավ Ռ. Քոչարյանի հետ, երկու երկրների ղեկավարների հանդիպմանը զուգահեռ տեղի ունեցան հայ-ղազախական բանակցություններ: Նախորդ տարիներին ՀՀ-ի եւ ՂՀ-ի միջեւ ստորագրված 20 պայմանագրերին երեկ ավելացան եւս 6-ը:

Ինչպես Ադրբեջանում եւ Վրաստանում, Ղազախստանը Հայաստանում նույնպես չունի դեսպանություն, ինչը բացասաբար է անդրադառնում հայ-ղազախական ե՚ւ քաղաքական, ե՚ւ տնտեսական, ե՚ւ մշակութային հարաբերությունների վրա: Քաղաքական առումով ՀՀ-ն եւ ՂՀ-ն ունեն, այսպես ասենք, «չեզոք» հարաբերություններ, մշակութային կապեր գրեթե չկան, իսկ առեւտրատնտեսական հարաբերությունները չափազանց ցածր մակարդակում են: Այսպես, 2000 թ.-ին ՀՀ-ն ՂՀ է արտահանել 1 միլիոն 268 հազար 800 դոլարի ապրանք (ալկոհոլային խմիչքներ, քացախ, ծխախոտ, թանկարժեք մետաղներ), ներմուծելՙ 869 հազար 700 դոլարի (հացահատիկ, նավթ, նավթամթերք): Նախագահների առանձնազրույցից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում կարեւորվեց տնտեսական հարաբերությունների խորացումը: Նաեւ ակնարկվեց, թե ԼՂ հակամարտության պատճառով Ղազախստանը եւ Հայաստանը դժվարություններ ունեն ապրանքափոխանակության ծավալները մեծացնելու, քանի որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի շրջափակումը: Ապա Նազարբաեւը հիշեց, որ Կասպիցի ղազախական հատվածում է գտնվում Ակտաու նավահանգստային բեռնահամալիրը, իր հերթին Քոչարյանը հիշեց, որ Կասպիցի իրանական հատվածում է գտնվում Էնզելի նավահանգիստը: «Ակտաուից Էնզելի, ապա Իրանից Հայաստան (եւ հակառակ ուղղությամբ) կարելի է իրականացնել բեռնափոխադրումներ», նկատեց ՀՀ նախագահը, որին հետեւեց Նազարբաեւի պատասխանը. «Մենք Ակտաու Էնզելի ճանապարհով արդեն ապրանքներ ենք արտահանում եւ ներմուծում»: Այնպես որ ԼՂ հակամարտությունը եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը այնքան էլ չեն կարող, կամ չեն կարող ազդել հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության վրա:

Այսօր ավարտվում է Ն. Նազարբաեւի պաշտոնական այցը, իսկ արդեն վաղը Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից 6 երկրների նախագահների գագաթաժողովը: Նուրսուլթան Նազարբաեւին եւ Ռոբերտ Քոչարյանին կմիանան Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Էմոմալի Ռահմոնովը եւ Ասկար Ակաեւը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4