«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԱՅՍՕՐ ԿՀԱՆԴԻՊԻ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀԵՏ

Մայր աթոռ Սբ. Էջմիածին, Տեղեկատվության համակարգ, 23 մայիս.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ավարտելով հայրապետական այցը Կանադայի հայոց թեմ, մայիսի 22-ին, ուշ երեկոյան մասնավոր ինքնաթիռով Տորոնտոյից մեկնել է Վաշինգտոն, հովվապետական իր առաքելությունը շարունակելու ԱՄՆ Արեւելյան թեմում:

Հաջորդ առավոտյան Վաշինգտոնում Նորին Սրբության առաջին հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանըՙ Մ. Նահանգների նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

Նորին Սրբությունն իր այցը Կանադա եզրափակել է այցելելով Տորոնտո եւ Սենտ Քեթրինզ քաղաքներ:

Տորոնտոյում ներկայումս բնակվում է հիմնականում Թուրքիայից եւ Եգիպտոսից արտագաղթած շուրջ 35 հազար հայ: Քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում Ամենայն հայոց Հայրապետին դիմավորել են «Հրաշափառի» երգեցողությամբ:

«Մեծապես ուրախ եմ գտնվելու ձեր մեջ, վայելելու ձեր այսօրվա պայծառակերպությունը, որ պայման ու հիմք է հոգեւոր ու ազգային մեր ինքնության պահպանման ու զորացման», իր պատգամն ու գնահատանքը տալով Տորոնտոյի հայությանը, նշել է Վեհափառ հայրապետը:

Տորոնտոյում Նորին Սրբությունը հանդիպում է ունեցել հայ երիտասարդության հետ, այցելել քաղաքում գործող 6 հայկական վարժարաններից երեքը, հանդիպել Տորոնտոյի քաղաքապետի հետ: Տորոնտոյի Սբ. Երրորդություն եկեղեցում մայիսի 22-ին մատուցվել է հայրապետական պատարագ, որին ներկա են եղել քույր եկեղեցիների ներկայացուցիչներ: Հավարտ սբ. պատարագի բազմաթիվ հայ հավատացյալներ հաղորդություն են ստացել Հայոց Հայրապետի ձեռքից:

Մայիս 21-ին Վեհափառ հայրապետը մեկնել է Սենտ Քեթրինզ: Այս քաղաքում է ձեւավորվել, այսօր արդեն փոքրաթիվ, հնագույն կանադահայ համայնքը: Հոգեւոր հովիվն է արժանապատիվ Տ. Շնորհք քհն. Սունին: Քաղաքի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վեհափառ հայրապետը իր օրհնությունն է բաշխել հավատացյալներինՙ հորդորելով ծաղկուն ու շեն պահել համայնքը: Ապա եկեղեցու սրահի մեջ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որին ներկա են եղել Սենտ Քեթրինզի քաղաքապետը եւ նահանգային իշխանության ներկայացուցիչներ:

Նույն օրը երեկոյան Վեհափառ հայրապետն իր շքախմբով եւ քույր եկեղեցիների ներկայացուցիչների հետ մեկտեղ տեղի կաթոլիկ եկեղեցում ներկա է գտնվել «Սուրբ խաչ» օրատորիայինՙ կանադացի երգիչ - երգչուհիների կատարմամբ: Հայոց մեծ Դարձի տարեդարձին նվիրված այս ստեղծագործությունը, բաղկացած մի քանի մասերից, անդրադարձ է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն հանգրվաններին. համազգային մկրտություն, գրերի գյուտ, Վարդանանք եւ այլն:

Ներկայացման ավարտից հետո Ամենայն հայոց հայրապետին ու ներկաններին ողջունել են հույն եկեղեցու մետրոպոլիտն ու անգլիկան եպիսկոպոսը: Հանդիսությունն ավարտվել է Նորին Սրբության պատգամով, որի ընթացքում Վեհափառ հայրապետը Հայ եկեղեցու բարձր պարգեւների է արժանացրել կանադահայ նշանավոր հայորդիներիՙ շնորհելով նրանց «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» եւ «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4