<20019403.jpg>
Եվ նույնիսկ տեղավորվում է Վաշինգտոնի հարավկովկասյան քաղաքականության մեջ
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Ն. Գրիբկովն ուղղաթիռում (Շուշիից-Սպիտակ) հարցրեց. «Քո կարծիքով, ե՞րբ կլուծվի ԼՂ հակամարտությունը»: Սովորաբար հակառակն է լինում. նման հարցով լրագրողն է դիմում դիվանագետին: Պատասխանեցի. «Կարծում եմ, կարգավորման մասին շատ վաղ է խոսել, քանի դեռ դուք եւ ամերիկացիները չեք որոշել, թե ինչ է ձեր ուզածը»: Մինչ այդ ֆրանսիացի համանախագահողի օգնականը բացատրել էր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ԼՂ հարցում որեւէ հակասություն չունեն եւ հաջողության հասնելու դեպքում ղարաբաղյան մոդելը կարելի է օգտագործել գերտերությունների միջեւ խնդրահարույց այլ տարածաշրջաններում: ԼՂ հարցն արդեն միջազգայնացվել է եւ եթե նույնիսկ հենց վաղը հայերն ու ադրբեջանցիները, երկու երկրների իշխանությունները ստորագրեն ԼՂ կարգավորման փոխադարձ ընդունելի համաձայնագիր, միեւնույնն է, ռուսներն ու ամերիկացիները չեն համաձայնի:
Այսօր Հարավային Կովկասում զարգանում են իրադարձություններ, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հետ չունեն ուղղակի կապ: Այս տարածաշրջանում խաչաձեւվում են ռուսական մեծապետականությունն ու ամերիկյան կայսերապաշտությունը, ինչպես նաեւ եվրոպական «չեզոքությունը», որը երբեմն ընդունում է ամերիկամետ դրսեւորում, իսկ ԼՂ հարցը նրանց իղձերի իրականացման համար շահարկման հրաշալի միջոց է: Սա, իհարկե, նորություն չէ: Միեւնույն ժամանակ այս ամենի հետ մեկտեղ տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ: Վաշինգտոնը տարածաշրջանում իրականացնում է հստակ քաղաքականություն, որը հենվում է Բժեզինսկի-Թալբոթ-Սեստանովիչ դոկտրինայի վրա, ինչը ենթադրում է. ա) մի կողմից լարվածության մեջ պահել վրաց-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից Վրաստանին ռազմական, տնտեսական առումներով հնարավորինս կախյալ վիճակի մեջ դնել Թուրքիայից, բ) մի կողմից լարվածություն հրահրել հայ-ռուսական հարաբերություններում, մյուս կողմից Թուրքիայով միջնորդավորված տնտեսական կախվածության մեջ պահել Երեւանին, Անկարայի վերահսկողությանը հանձնել Հայաստանիՙ արտաքին աշխարհ դուրս գալու կոմունիկացիաները, գ) բուն Ռուսաստանում եւ Հյուսիսային Կովկասում հրահրել անջատողականություն, երրորդ երկրների միջոցով հովանավորել Ռուսաստանի նկատմամբ ահաբեկչություն եւ անհանդուրժողականություն, նրա ուշադրությունը շեղելով Հարավային Կովկասից եւ Կասպիցի ավազանից, դ) Կասպիցում չեղած նավթի եւ գազի պաշարների շուրջ ստեղծել առասպելՙ օգտագործելով որպես ճնշման միջոց Բաքվի հնարավոր ռուսամետ հակումների պարագայում:
Մոսկվայի «ղարաբաղյան» քաղաքականությունը եւս շատ հեռու է մաքուր լինելուց: Ըստ էության, Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականությանը փորձում է միայն հակակշռել, չունենալով տարածաշրջանում իր հստակ առաջնահերթությունները: Այսպես, վրաց-թուրքական ռազմական, տնտեսական մերձեցմանը Մոսկվան պատասխանում է Թբիլիսիի նկատմամբ տնտեսական ճնշումներով (գազի մատակարարումների հաճախակի ընդհատումներով) եւ Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանները դուրս բերելը ձգձգելով անորոշ ժամանակով: Նույն բանն էր արվում նաեւ Հայաստանի նկատմամբ, հանկարծ հիշում է Հայաստանի կուտակած պարտքերը, ամրապնդում հայ-թուրքական սահմանում մարտական պատրաստակամության հերթապահությունը: Այս գործընթացները, մեղմ ասած, չեն տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների շրջանակում: Ճիշտ է, վերջին ամիսներին առավել հաճախակի են դարձել ռուս բարձրաստիճան զինվորականների այցելությունները Հայաստան, սակայն, մեր կարծիքով, պաշտոնական Երեւանը դրան կպատասխանի համարժեք «կոմպլեմենտար» քայլերով: Մոտ ապագայում կամ կակտիվանան ՆԱՏՕ-ական ու ամերիկյան բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների այցելությունները Հայաստան, կամ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները կայցելեն ՆԱՏՕ-ական երկրներ: Եթե մեր ենթադրությունը չիրականանա, ուրեմն Հայաստանը չի վարում «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականություն: Եվ ամենագլխավորը. Ռուսաստանն այս քաղաքականությանը հակակշռում է Ադրբեջանի հետ օր-օրի մերձեցումով: Մոսկվան գործնական քայլերով պատրաստ է ղարաբաղյան կարգավորման հարցում որդեգրել ադրբեջանամետ դիրքորոշում, եթե Բաքուն համաձայնի Ադրբեջանում ռուսական զորքեր տեղաբաշխելուն: Մի բան, որ դեռ 1993 թ. փորձում էր անել այն ժամանակվա ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Կազիմիրովը: Ենթադրաբար Շուշին ադրբեջանցիներով վերաբնակեցնելու ծրագիրը եւս ծնվել է Մոսկվայում, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Երեւանին ճնշելու միջոց եւ Բաքվին ուղղված ժեստ: Ռուսները, անշուշտ, պատրաստակամ կլինեն Շուշիի հայերի եւ ենթադրյալ ադրբեջանցիների միջեւ կարգուկանոն պահպանողի դեր ստանձնել: Մոսկվան մեզ առաջարկում է կարկանդակ. գինը Հայաստանն է որոշում:
Որքան մերձենան ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այնքան ավանդական ռուսամետ կողմնորոշում ունեցող հայ ժողովուրդը կհիասթափվի Մոսկվայից: Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ նկատվող տնտեսական ճնշումները եւս բխում են ԱՄՆ շահերից, այսպիսի պայմաններում հայ մարդուն առավել հեշտ է «հասկացնել», որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը Կարս-Գյումրի երկաթգծի գործարկումը, որին ձգտում է Վաշինգտոնը, կենսական անհրաժեշտություն է, բարգավաճ երկիր ունենալու միակ երաշխիք: Հայ մարդու ուղեղում այս ամենը տեղավորելու համար պակասում է հզոր քարոզչություն:
Անցյալ կիրակի լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ Երեւանից մեկնեցին Մ. Նահանգներՙ ման գալու:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ