ԲԱՔՈՒ, 23 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 22-ին, ինչպես հաղորդում է Բաքվի ANS հեռուստաալիքը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ընդունել է Եվրոպական Միության ադրբեջանա-եվրոպական բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանըՙ խմբի համանախագահ Ուրսուլա Շլայխերի գլխավորությամբ: Համաձայն հաղորդման, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հետ կապված վերջին իրադարձությունները:
Բարձրաստիճան եվրոպական հյուրերը հետաքրքրվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացների մանրամասներով: Զրույցի ընթացքում նախագահ Ալիեւն ընդգծել է, որ հենց Հայաստանը պետք է առաջին քայլն անի փոխզիջման հասնելու ճանապարհին, «քանի որ հայկական բանակը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը»: Ալիեւն հաստատել է իր մտադրությունը «չստորագրել որեւէ փաստաթուղթ, եթե նրանում հաշվի առնված չեն լինի ադրբեջանական ժողովրդի բոլոր օրինական պահանջները»: Կողմերը քննարկել են նաեւ Ադրբեջանի եւ Եվրամիության հետագա համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ՏՐԱՍԵԿԱ նախագծի իրականացման հետ կապված խնդիրներ, հաղորդում է ANS-ը: