«Լեռնային Ղարաբաղը հակամարտության սկզբից ի վեր գործել է ԽՍՀՄ օրենքների, իսկ ԽՍՀՄ տրոհումից հետո միջազգային իրավունքի պահանջներից ելնելով: Երբ Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից իր դուրս գալու մասին, եւ հռչակեց իրեն 1918-20 թթ. Ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել, ԼՂԻՄ-ը համաձայն «ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին» 1990 թ. ապրիլին ընդունված օրենքի, հանրաքվեով որոշեց դուրս գալ ընդհանուր միութենական պետությունը լքող Ադրբեջանի կազմից եւ մնալ ԽՍՀՄ կազմում, որպիսի իրավունք վերապահում էր հիշյալ օրենքն արգելելով միութենական հանրապետություններինՙ ԽՍՀՄ կազմից դուրս «տանել» ինքնավար կազմակերպություններին իրենց կամքին հակառակ»:
Այս տրամաբանությամբ հայաստանյան տասնվեց կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀԴԿ-ն, ՍԻՄ-ը, ԳիԱրՔՄի-ն եւ ուրիշներ, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումն առաջարկում են տեղափոխել իրավական հարթություն:
Այս ուժերի համոզմամբ, բոլոր մակարդակների բանակցություններում պետք է հիմք ընդունել իրավական հայեցակարգը: Նրանք պահանջում են, որ ՀՀ նախագահն աշխարհին հայտարարի, թե արցախահայությունը, ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ հասնելով անկախության, չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ի վերջո պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետությունների հարաբերություններին եւ չի կարող որպես գործիք ծառայել որեւէ պետության մեջ մեկ ազգի բռնատիրությունը մյուսի վրա հավերժացնելու նպատակին: