«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ»

Ամբաստանյալն իր արարքը «հիմնավորելու համար» դատարանին կներկայացնի եւս 250 էջանոց մի նյութ

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Իմ կարծիքով, բռնությունները գործադրվել են հստակ մի նպատակովՙ որպեսզի հոկտեմբերի 27-ի իրադարձություններն օգտագործվեն իբրեւ զենք Ռոբերտ Քոչարյանի դեմ, միաժամանակ ժողովրդի ուշադրությունից շեղեն իրական դրդապատճառները: Մենք ոչ մեկի թելադրանքով չենք կատարել, այլ չունենալով ելք ու միջոց, դիմել ենք զենքինՙ խնդիր ունենալով օգնել ժողովրդին թոթափելու պետական իշխանության պարտադրած վախը, ոտքի ելնելու եւ տեր կանգնելու իր իշխանությանը.», իր դատաքննական ցուցմունքներն ամփոփելով մայիսի 23-ին հայտարարեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանը: Ասվածը հիմնավորելու համար ամբաստանյալն անդրադարձավ նախաքննության ընթացքին, իր եւ մյուս ամբաստանյալների դեմ գործադրված բռնություններին եւ դրանց դրդապատճառներին:

Ն. Հունանյանը հայտնեց, որ հրաժարվում է նախաքննական արհեստածին ցուցմունքներից, որոնք տվել է հայտնի անձանց վերաբերյալ եւ կամովին հրաժարվել է նախաքննության ավարտին: Ճշմարիտ համարեց քննության սկզբում եւ վերջում տված, ինչպես նաեւ դատաքննական ցուցմունքները: Ցուցմունքների հակասականությունը բացատրելու նպատակով նա ներկայացրեց 1999 թ. նոյեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազին գրած բացարկը, որը տեղ չի հասել, սակայն բուռն իրադարձությունների առիթ է տվել: Ամբաստանյալը նշեց, որ նոյեմբերի 26-ին բացարկ է հայտնել քննչական խմբին եւ նրա ղեկավարին ու հրաժարվել է ցուցմունք տալ, որի պատճառով քննիչ Այվազյանը զանգահարել է քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանին եւ հրավիրել ԱԱՆ մեկուսարան:

Ա. Հարությունյանը մոտ 15-20 րոպեից եղել է ԱԱՆ մեկուսարանում եւ հետաքրքրվել, թե ինչու է բացարկ հայտնել հանրապետության զինդատախազին ու քննչական խմբին: «Քննիչ Այվազյանը տեսնելով, որ ես գրում եմ բռնությունների եւ կեղծ, շինծու ցուցմունք կորզելու մասին, ինձ ասաց, որ անմիջական բռնություն գործադրողների անուններն էլ նշեմ, եւ ես սկսեցի գրել նաեւ այդ անունները»: Որպես այդպիսին զինդատախազության քննիչներից նշել է Սամվել Հովհաննիսյանի, Հրաչ Այվազյանի, Նարեկ Ամբարյանի, Խաչիկ Ղալթախչյանի անունները: Ամբաստանյալի ասելով, բռնություններ գործադրողների խմբում եղել են նաեւ օպերատիվ քննչական խմբի 4-5 անդամներ, որոնց բոլորին ճանաչում է. ոմանց անուններով, մյուսներինՙ դեմքով:

Ն. Հունանյանը նշեց, որ այդ ամենը գրում էր մեկուսարանի քննչական սենյակում, որտեղ մնացել էր կես ժամ, սակայն այդ ընթացքում ոչ մի ցուցմունք չի տվել, ոչ էլ քննչական խմբի ղեկավարին դիմում է գրելՙ լրացուցիչ ցուցմունքներ տալու պատրաստակամության մասին: Սակայն հետագայում ցուցմունքների ժամանակագրությունը խախտվել է, եւ քննչական խմբի կողմից ձեւակերպվել, թե սկզբում հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն 10 րոպե հետո խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել: Ամբաստանյալն ավելացրեց, որ բացարկի դիմումը կիսատ է թողել այդ ժամանակ եւ այդ վիճակում հանձնել մեկուսարանի աշխատակիցներից մեկին, որպեսզի հետագայում ավարտին հասցնի: Ալեքսան Հարությունյանի դեմ այդ օրը տված ցուցմունքները, նրա ասելով, գրել է կեսգիշերին մոտՙ իր դեմ գործադրված բռնություններից հետո, որը սկսվել էր նոյեմբերի 26-ին, ժամը 18-ին:

«Քննչական խմբի անդամները երեկոյան բռնությունների գործադրման պահին իրենց ձեռքում ունեին բացարկի չավարտված դիմումը եւ որոշ չափով պատռել էին այն: Ճմռթված վիճակում փորձում էին ստիպել ուտել, այնպես արեցի, որ այդ կարծիքին էլ մնան»: Հարցաքննության սենյակում, որտեղ երկաթյա պահարան է եղել, բռնությունների ընթացքում կիսապատռված վիճակում ճմռթել է դիմումը եւ հասցրել թաքցնել երկաթյա պահարանի ոտնակի անկյունում: Քննիչները փնտրել են փայտով ու ավելով, ստուգել պահարանի տակ, բայց չեն գտել: Ցուցմունքները գրելուց հետո առերեսում է կատարվել իր եւ Ալեքսան Հարությունյանի միջեւ, որը սկսվել է նոյեմբերի 26-ի լույս 27-ի ողջ գիշերը եւ ավարտվել առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Ա. Հարությունյանի հետ 2000 թ. մայիսի 23-ին, առերես հարցաքննության օրը, պատռված դիմումը հանձնել է նրան, հետագայումՙ 2000 թ. հունիսին այդ մասին առանձին ցուցմունք է տվել քննիչ Մարսել Մաթեւոսյանին, սակայն «քրեական գործում ոչ այդ դիմումը կա, ոչ դրա վերաբերյալ ցուցմունքը»:

Ամբաստանյալը նշեց նաեւ, որ նոյեմբերի 16-ին ԱԱՆ մեկուսարանում հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ նրան ուղղված դիմումներից մեկում գրել է, թե Նաիրի Բադալյանը դեպքերի հետ ոչ մի առնչություն չունի: Հայտնեց, որ մինչեւ նոյեմբերի կեսերը Ն. Բադալյանի դեմ ինքը ցուցմունք չի տվել եւ անհայտ է, թե նա ինչ հիմքերով է կալանքի տակ գտնվում ու մեղադրվում: Դատավարության մասնակիցներից հետաքրքրվեցին, թե իրեն որտեղից էր հայտնիՙ Ն. Բադալյանը կալանքի տակ էր: «Ինֆորմացիան Գագիկ Ջհանգիրյանն էր տվել, ասում էրՙ ինչ որ հարմար էր գտնում», տեղեկացրեց ամբաստանյալը:

Շարունակելով բռնությունների թեման, Ն. Հունանյանն ասաց, որ 2000 թ. մայիսի 24-ին գրավոր դիմել է ՀՀ նախագահին եւ գլխավոր դատախազին, նշելով, որ Ա. Հարությունյանի, Մ. Մովիսիսյանի, Ն. Բադալյանի, Հ. Հարությունյանի, Հ. Բաբուխանյանի վերաբերյալ ցուցմունքները եղել են բռնությունների հետեւանք: Հուլիսի 1-ին այդ առիթով նրան հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազը, ՆԳ եւ ԱԱ նախարարները, որոնց գրավոր տեղյակ է պահել բռնությունների եւ ՀՀ նախագահի ու այլ բարձրաստիճան անձանց դեմ կեղծ ցուցմունքներ տալու պարտադրանքի մասին: «Նշել եմ, որ այդ ողջ գործողությունները ղեկավարել եւ ուղղություն է տվել Գագիկ Ջհանգիրյանը: Այդ ամենի արդյունքում կրկին բացարկ եմ հայտարարել Ջհանգիրյանին եւ քննչական խմբում զինդատախազությունից ընդգրկված բոլոր քննիչներին»:

Ն. Հունանյանը նշեց, որ այդ կապակցությամբ քննիչ Ջոն Բարխոյանն իրենից առանձին ցուցմունք է վերցրել, որի ընթացքում ստիպված է եղել մինչեւ վերջ չբացել փակագծերը, որպեսզի բոլոր հնարավոր հետքերը չվերացնեն եւ հետագայում որեւէ բան ապացուցելն անհնար չլինի: Սակայն, նրա տպավորությամբ, անգամ իր հայտնած տեղեկություններն ու փաստերը ողջ ծավալով չեն արտացոլվել ցուցմունքներում: Նա գտնում է, որ այդ կապակցությամբ քննչական գործողությունները թերի են կատարվել, մասնավորապես հարցաքննություններ չեն արվել այն անձանց հետ, որոնք իրեն տեսել են խոշտանգումների ակնհայտ հետքերով, անտեսվել են իրեղեն ապացույցներըՙ իր արյունոտ հագուստները, որի արդյունքում քննիչ Ջոն Բարխոյանը գրել է, որ ասվածները հաստատող հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել: Նրա տեղեկություններով, նախաքննության ընթացքում բռնությունների են ենթարկվել ամբաստանյալներ Էդ. Գրիգորյանը, Վ. Գալստյանը, Ն. Հունանյանը, Դ. Բեջանյանը, Վ. Ստեփանյանը, ինչպես նաեւ Ա. Հարությունյանը, Հ. Հարությունյանը, Մ. Մովսիսյանը եւ Ն. Բադալյանը: «Նշածս անձանց նկատմամբ բռնություններ գործադրելու մասին տեղեկացել եմ նախաքննության ընթացքում զինդատախազից, զինդատախազության քննիչներից, օպերատիվ խմբի անդամներից, թիվ 1 մեկուսարանի աշխատակիցներից եւ նույն մեկուսարանի կալանավորներից իմ այնտեղ գտնվելու մեկամսյա ժամկետում», տեղեկացրեց ամբաստանյալը: Ավելացրեց, որ բռնությունները սկսվել են այն օրը, երբ նոր վարչապետ է նշանակվել, միայն ֆիզիկական բնույթի չեն եղել, այլեւայլ բնույթի, օրինակՙ հատուկ ներգործության դեղեր են ջրով կամ սուրճով հրամցրել, եւ տեւել են մինչեւ 2000 թ. փետրվարի վերջը: Ամբաստանյալը գրեթե չէր կասկածում, որ իր ասածները կհաստատվեն մյուս ամբաստանյալների եւ վկաների հետ հարցաքննության ժամանակ:

Ավարտելով իր դատաքննական ցուցմունքները, Ն. Հունանյանը դատարանին հայտնեց, որ ասվածներից բացի նաեւ 250 էջանոց գրավոր ցուցմունք ունի, որը վերաբերում է Հայաստանին սպառնացող վտանգներինՙ Հայաստանի հանցավոր իշխանությունների գործողության հետեւանքով, եւ ընթերցելուց հետո կներկայացնի քրեական գործին կցելու համար: Ամբաստանյալը դատարանից ցանկանում էր ճշտելՙ արդյոք ավելի նպատակահարմար չի՞ լինի ծավալուն նյութն ընթերցել մյուս ամբաստանյալների ներկայությամբՙ նույն գործողությունը չկրկնելու համար: Թեպետ ամբաստանյալն այդ մասին տեղեկացրել էր մի քանի օր առաջ, սակայն երեկ այն մեծ վրդովմունք առաջացրեց դահլիճում: Մեղադրող կողմը եւ տուժողների փաստաբան-ներկայացուցիչները սկսեցին բողոքել ամբաստանյալի ծավալուն շարադրանքի դեմՙ փորձելով կանխել դրա հրապարակումը:

Նախ քննարկվեց, թե արդյոք ներկայացվելիք նյութը ցուցմո՞ւնք է, թե՞ դարձյալ ազատ շարադրանք, որ հարկադրված են եղել ընթերցելու օրեր շարունակ: Նշված 250 էջը նախորդի կրկնությունը չէ՞, առնչվո՞ւմ է մեղադրանքին, թե՞ ոչ: Մեղադրողի կողմից հիշատակվեցին քր. դատ օր.-ի հոդվածները, ըստ որոնց ամբաստանյալը միջնորդություն անելիս պետք է հիմնավորի դրա կարեւորությունը: Նույն օրենսգրքին հղում անելով Ն. Հունանյանը հիմնավորում էր, որ օրենսդիրն իրեն տվել է այդ հնարավորությունը: Եզրահանգման չգալով, մեղադրող կողմի առաջարկով նախագահողը 10 րոպեանոց ընդմիջում հայտարարեցՙ կողմնորոշվելու հնարավորություն տալով նրանց: Նախագահողը գտնում էր, որ չեն կարող արգելել ամբաստանյալին ինչ-որ բան ներկայացնելու հարցում եւ, քանի որ իրեն հայտնի չէՙ ինչ նյութի մասին է խոսքը, պետք է ընթերցվի բոլորի ներկայությամբ, հետո քննարկվի քրեական գործին կցելու նպատակահարմարությունը: Որոշվեց հաջորդ դատական նիստում հնարավորություն տալ ամբաստանյալին ընթերցելու իր արարքի հիմնավորումները, սակայն հետեւողականորեն ընդմիջել, եթե կրկնություններ լինեն ազատ շարադրանքում: Հիշյալ 250 էջանոց նյութն ամիսներ առաջ ամբաստանյալը հանձնել էր ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքի հարցերի հանձնաժողովինՙ մեկուսարան այցելելու ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4