«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ԱԼԱՎԵՐԴՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆ

Օրերս Լոռու մարզի Ալավերդու ենթաշրջանի մշակույթի աշխատողների արհմիութենական ժողովում ընդունվել է այսպիսի որոշում: Մշակույթի աշխատողները հրաժարվել են 1999-ից ի վեր չվճարված 15 ամիսների աշխատավարձերի մի մասից (6 ամսվա աշխատավարձերից) եւ որոշել են փոխանցել երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հաշվեհամարին:

Այդ նպատակով նրանք վարչապետին խնդրել են հաղորդել անձնական հաշվեհամարը: Ենթաշրջանի մշակույթի աշխատողները (ավելի քան 500 մարդ) կոչ են արել ՀՀ նախագահին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներինՙ հօգուտ պետբյուջեի հրաժարվել իրենց գոնե մեկ ամսվա աշխատավարձից: Դժվար է ասելՙ մեր իշխանավորները կհետեւե՞ն այս կոչին, թե՞ նրանց «ծանր» սոցիալական վիճակը թույլ չի տա նման «շռայլություն»: Իսկ ինչ մնում է մշակույթի աշխատողներին, ապա նրանք, չնայած անաշխատավարձ առօրյային, չեն պատրաստվում թողնել իրենց սիրելի աշխատանքը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4