Համաշխարհային բանկը կսկսի տրամադրել գումարները
Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն անթաքույց ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների 20 ամիսների բանակցությունները Միջազգային արժութային հիմնադրամի հետ ավարտվեցին, եւ վերջինս հաստատեց Հայաստանի ծրագիրը: Այսինքն Համաշխարհային բանկը համաձայնեց ֆինանսավորել աղքատության կրճատման ռազմավարական միջանկյալ ծրագիրը եւ տրամադրել SAC-IV վարկը: Առաջին ծրագրի արժեքն է 87 մլն դոլար: Ծրագիրը պետք է իրագործվի 3 տարվա ընթացքում: Գումարը կստանա Կենտրոնական բանկը, եւ այն «կծառայի գների կայունացման հիմնախնդրին»: Երկրորդՙ SAC-IV վարկը ՀԲ-ի տնօրենների խորհուրդը հաստատել էր նախօրեին:
Ըստ Վարդան Խաչատրյանի, դա ուղղվելու է գործարար մթնոլորտի բարելավման ծրագրին: Վարկի գումարը կազմում է 50 մլն դոլար: Առաջին 15 մլն դոլարը կստացվի Ազգային ժողովի վավերացումից անմիջապես հետո, երկրորդ 15 մլն դոլարը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ վերջին 20 մլն դոլարըՙ երբ կստորագրվի բաշխիչ էլցանցերի սեփականաշնորհման պայմանագիրը:
Եթե Հայաստանի կառավարությունը բոլոր պահանջվող ցուցանիշները պահպանի, ապա գումարների ստացման հարցում դադարներ չեն լինի: Ավելին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հույս ունի ստանալ լրացուցիչ գումարներ այս տարվա հուլիսին, որոնք, սակայն, կլինեն ոչ թե վարկեր, այլՙ դրամաշնորհներ: Այդ դեպքում նա հույս ունի, որ կփակվեն սոցիալական ոլորտում կուտակված նախկին պարտքերը: Իսկ որո՞նք են այն ցուցանիշները, որ մեր կառավարությունը պետք է պահպանի հարցին ի պատասխան նախարարը սկսեց թվարկելՙ աղքատության կրճատում, նոր պարտքեր չկուտակել, հարկային մուտքերի ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար, սղաճի ներկա տեմպերի պահպանում: Ի դեպ, նա տեղեկացրեց նաեւ, որ հրապարակվելու է աղքատության կրճատման ծրագրի տեքստը, որտեղ նշվելու է, թե որ խնդիրների համար ինչ գումարներ են նախատեսված:
Վերադառնալով SAC վարկերին, Վարդան Խաչատրյանը նշեց, որ դեռեւս հայտնի չէՙ SAC-V վարկ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ առնչությամբ պետք է կայացվի քաղաքական վճիռ: Ի պատասխան «Ազգի»ՙ սեփական կարծիքը հայտնելու խնդրանքին, ֆինանսների նախարարն ասաց, որ իր կարծիքով ավելի լավ կլինի, որ եկող տարի մենք նոր վարկ չվերցնենք: Սակայն նա ավելացրեց, որ պետք է նկատի ունենալ նպաստների, թոշակների, աշխատավարձերի վճարման հնարավորությունները: «Եթե հաջողվի ստվերայնության դեմ հաջող պայքարել, միգուցե այդ հարցերը լուծվեն», իր խոսքն այսպես ավարտեց նախարարը:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի: Վարդան Խաչատրյանը հընթացս ամփոփեց իր 6 ամսվա գործունեության ծրագիրը, եւ ինչպես վարչապետը նախորդ ասուլիսի ժամանակ, այնպես էլ նա այժմ կատարված համարեց այն, ինչ որոշված էր: Այսինքնՙ նոր պարտքեր չկուտակվեցին, սեփականաշնորհման ժամանակավորապես վերցված գումարները վերադարձվեցին, աշխատավարձերի պարտքերը փակվեցին, վարկային քաղաքականությունը հաջողվեց: Վերջինիս առնչությամբ նախարարը տեղեկացրեց, որ պատրաստվում է մեկնել Վաշինգտոնՙ 32 մլն դոլարի նոր վարկ ձեռք բերելու, որը պետք է ուղղվի Եղեգնաձորի, Այրումի եւ Իջեւանի ոռոգման ինքնահոս ջրամատակարարման ցանցեր ստեղծելուն: Հաղորդվեց նաեւ, որ Հայաստանիՙ Ռուսաստանին ունեցած 114 մլն դոլար պարտքից 16,2 մլն դոլարն արդեն մարվել է: Ինչ վերաբերում է միջուկային վառելիքին, ապա նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ փոքր կանխավճարով ստանալ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ