Բարեմաղթում են «Ոսկեգործություն-2001» տոնավաճառի մասնակիցները
«Ազգի» ընթերցողներն արդեն տեղեկացել են կառավարության դահլիճում մայիսի 17-21-ը բացված «Ոսկեգործություն-2001» տոնավաճառի մասին: Մայիսի 21-ին, տոնավաճառի փակման արարողության ժամանակ, մասնակից 60-ից ավելի կազմակերպությունների ու մասնակիցների հանձնվեցին դիպլոմներ ու հուշանվերներ: Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը փակման հանդիսությանը նշեց, որ «այս տոնավաճառի հիմնական նպատակն է մոտեցնել արտադրողին առեւտրականի հետ, նրան ցույց տալ բոլոր հնարավորությունները, մի խոսքովՙ ծրագրերի ցուցադրման տոնավաճառ եւ առեւտրի միջոցով կողմնորոշվել տվյալ մոդայի, ապագայի հարցերում»: Այս տարվա տոնավաճառին մասնակցում էին Ռուսաստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Կանադան, Իտալիանՙ երեք տարբեր ֆիրմաներով, Թուրքիան եւ Երեւանի ոսկեգործության ու ակնագործության միության անդամ կազմակերպություններ ու ֆիրմաներ: Կանադայի «Լիլի-Ջոներ» ոսկերչական գործարանն առաջին անգամն էր մասնակցում տոնավաճառին եւ նրանց երկու ներկայացուցիչներիՙ Արամ Իշնարի, Ռուբեն Մնացականյանի (Տորոնտո) կարծիքով, «կարեւոր ձեռնարկ էր, որ հնարավորություն տվեց կանադական ոսկեգործների աշխատանքները ցույց տալ ու համագործակցության դաշտ ստեղծել: Կարեւոր էր նաեւ, որ մեր ցուցանմուշների 3/4-ը Հայաստանի Մալիշկա գյուղի մասնաճյուղի արտադրանքն էր: Մեր նպատակն է, որ Հայաստանի այս տոնավաճառը ինտերնացիոնալ բնույթ կրի»:
Սանտինո Մորետին, որը Իտալիայի «Կրո» ֆիրմայի ներկայացուցիչն էր, պարզապես հիացած էր թվով IV-րդ տոնավաճառից եւ այն համարում էր եվրոպական մակարդակով, բարձր ճաշակով, որակով կազմակերպված: Նա հատկապես նշեց երիտասարդների մասնակցությունը, որոնք շատ ու շատ նոր նմուշներ էին բերել: Նա նշեց նաեւ. «Ձեր ոսկերչությունը մեծ ապագա ունի աշխարհը գրավելու»:
Ռուսաստանից «Ցեմես» առեւտրի տան տնօրեն Սերգեյ Ֆեոդորովը ներկայացրել էր Սանկտ Պետերբուրգի գործարանների արտադրանքները: Նա գոհունակությամբ նշեց նման տոնավաճառների կարեւորությունը եւ ցավով նշեց, որ Ռուսաստանի մաքսային մարմինների քաշքշուկների պատճառով իրենք չեն կարողացել վաճառք կազմակերպել:
Տոնավաճառի ավարտին Էմիլ Գրիգորյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի մաքսային վարչությանըՙ մեծ աջակցություն ու հնարավորություն ստեղծելու համար, որի արդյունքում էլ կայացավ այս տոնավաճառը: Հաջորդ տոնավաճառի համար երեւի սրահի տարածքը չբավարարի, այդ կարծիքին էին կազմակերպիչները: Տոնավաճառում ներկայացված էին մի քանի տասնյակ հազարների հասնող նմուշներ, որոնց մոտ 1/3-ն իրացվել է (թվերը վերջնական չեն):
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ