«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ԱՄԵՆ ԻՆՉՙ ՀԱՆՈՒՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՅԱՑՄԱՆ

Արժեթղթերի պետական հանձնաժողովը համառորեն շարունակում է իր դժվարին գործը

«Հայաստանում կա՞ն ընկերություններ, որոնք բաժնետոմսերի իրական տեղաբաշխում են անում, եւ որոնցում առանց Հայաստան գալու կարելի է ներդրում կատարել ու դիվիդենտ ստանալ», Նյու Յորքում կայացած ներդրումների համաժողովին այս հարցով բազմաթիվ սփյուռքահայեր են դիմել ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանինՙ ՀՀ-ում արժեթղթերի շուկայի, մասնավորապես բաժնետերերի պաշտպանվածության համակարգի ներկայացումից հետո: Ինչպես երեկ խոստովանեց իր ասուլիսում պրն Մուրադյանը, ամենադժվարը այդ հարցի դրական պատասխանը գտնելն էր, քանի որ հանձնաժողովի նախագահն ինքն է գնահատում, որ Հայաստանում այդ շուկան թերզարգացած է: Ահա այդ շուկայի, նրա ենթակառուցվածքների կայացման, թողարկողներին թափանցիկ ու կանխատեսելի դաշտ բերելու, արժեթղթերի արդար գնագոյացում ապահովելու դժվարին գործին (ու էլի շատ խնդիրների) էլ լծվել է անցյալ տարի օգոստոսից գործող ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովը:

Հանձնաժողովի 2000 թվականի հաշվետվության մեջ անցյալ տարվա պատկերը թվերով այսպիսին է. բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3,7 մլրդ դրամ, որը ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը 0,4 տոկոսն է, կապիտալիզացիանՙ 17,9 մլրդ դրամ, այսինքն ՀՆԱ ընդամենը 1,7 տոկոսը: Ֆոնդային բորսաներում իրականացվել է 2 մլրդ դրամի առուվաճառք, որը, ճիշտ է, 99 թ.-ի 897 մլն-ից զգալիորեն ավելի է, սակայն շատ չնչին գումար է, որը ոչ թե շուկայի ինտենսիվ աշխուժության արդյունք է, այլ ընդամենըՙ մի քանի միանվագ խոշոր գործարքների: Հանձնաժողովը հասցրել է նաեւ գնահատել անցյալ տարիներին բաժնետիրական ընկերություններում տիրող վիճակըՙ մոտ 400 ընկերություններում կատարած ուսումնասիրությունների օրինակով: Արդյունքում արձանագրված պատկերը եւս տխուր է ու մտահոգիչՙ 400-ից 152-ը ռեեստր ընդհանրապես չի վարում, 58-ը վարել է, բայց ոչ սահմանված կարգով, 199-ում բաժնետերերին չեն տրամադրվել բաժնետոմսերի հավաստագրերը, 110-ում զուտ ակտիվները փոքր են եղել կանոնադրական կապիտալի մեծությունից, 329-ում աուդիտ չի իրականացվել, 340-ի ֆինանսական հաշվետվություններն ու հաշվապահական հաշիվները չեն հրապարակվել, 273-ում չեն պահպանվել ԲԸ-ների ընդհանուր ժողովների ընթացակարգերը... Ցուցակը շատ երկար է ու ապացուցում է, որ հայաստանյան ԲԸ-ներում քաոս է ու անարխիա: Այդ իրավիճակում տուժել են առաջին հերթին մանր բաժնետերերը, որոնց թիվը հասնում է մինչեւ 150 հազարի. նրանք զրկված են ոչ միայն ընկերության կառավարումից, այլեւ գոնե նվազագույն ինֆորմացիայից, էլ չենք ասում դիվիդենտ ստանալու հնարավորությունից (եթե դրանք եղել են): Ընդհանրապես, Հայաստանում կան ձեւավորված մի քանի տխուր ավանդույթներ, որոնցից մեկը բաժնետերերին խաբելու ավանդույթն է: Ահա այս պայմաններում շուկան, համակարգը, իրավահարաբերությունները կարգավորողի դերը ստանձնած հանձնաժողովը շարունակում է աշխատել:

Հայաստանում գրանցված 1350 ԲԸ-ներին (նաեւՙ չգրանցվածներին) գտնելու ու «թափանցիկ» դաշտ բերելու գործը բացատրական փուլից անցել է վարչական փուլի: Սակայն, ինչպես երեւաց պրն Մուրադյանի ներկայացրած թվերից, գրանցումն ընթանում է բազմաթիվ խոչընդոտներով, շատ դանդաղ: 64 ընկերություն վարչական տույժ է ստացելՙ գրանցումը օրենքի սահմաններում չհասցնելու պատճառով: Տույժերին կհաջորդեն տուգանքները:

«Ինչն է դանդաղեցնում ԲԸ-ների գրանցումը», «Ազգի» հարցին ի պատասխան պրն Մուրադյանը նշեց, որ հանձնաժողովն ամեն ինչ արել է, որ գրանցումը «ողջամիտ բարդ» լինի, ԲԸ-ներից իրականում պահանջվում են տեղեկություններ ընկերության իրական ֆինանսական վիճակի մասին, ինչը, սակայն, զգուշությամբ ու վախով է ընդունվում նրանց կողմից: ԲԸ-ների մոտ ամենից շատ բացակայում է գրանցվելու ցանկությունը: Միգուցե օրե՞նքն է անկատար կամ վարչական մեթոդները սխալ: Է. Մուրադյանը ամենեւին չի կարծում, թե գրանցման մեթոդները սխալ են, օրենքը ենթադրում է դաժանություններ, անսահման լիազորություններ եւ այլն, խնդիրը, ըստ նրա շատ ավելի գլոբալ էՙ ընդհանրապես երկրի թափանցիկությունը:

Մեր կողմից ավելացնենք, որ շուկայի կայացման դանդաղ տեմպերն արագացնելու համար, թերեւս, պետք է մտածել ոչ թե հետեւանքների, այլ առաջին հերթին պատճառների մասինՙ կաշառակերության երեւույթների, տարբեր մարմինների կողմից բյուրոկրատական քաշքշուկների, վարչարարության: Ընդհանրապես, քանի դեռ չկա լիակատար ազատության, բաց ու թափանցիկ աշխատանքի մթնոլորտ, ընկերությունները, ինչքան ջանքեր թափվեն ու միջոցներ ծախսվեն, կուզենան մնալ ստվերում ու աչքի չընկնել:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4