Ասում ենՙ ծառ տնկելը օրհնություն է, եւ ասում ենՙ բարի են ծառ տնկող ձեռքերը, քանի որ ծառն անշահախնդրորեն, անվարձահատույց եւ մշտապես բարիք է տալիս: Ուզում եմ պատկերացնեք մի մարդու, որ ուսանողների հետ կազմակերպել եւ մասնակցել է 200 հազար ծառերի տնկմանը Հայաստանում եւ Արցախում: Դժվար չէ զգալ հոգու այդ շռայլ բարությունը, երբ տեսնում ես նրա դեմքին ճառագող ժպիտը: «Չեմ հուսահատվում, երբ մտածում եմ, որ դեռ այս կյանքում ձեզ նման մարդիկ կան, հասկանում եմ, որ աշխարհը կփրկվի կործանարար ուժերից», այսպես են ընկալում ուսանողները ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին, մի մարդու, որն ուսանողության եւ ընդհանրապես մարդու ու աշխարհի հանդեպ զարմանալիորեն բաց է եւ բացարձակորեն անքեն:
- Մեր այս փլուզվող ժամանակներում ծառատունկն ինչպիսի՞ իմաստավորում ունի ձեզ համար:
- Անկախ, թե ինչպիսին են իշխանավորները, մենք պարտավոր ենք այս հողը շենացնել: 70-ականներից ուսանողների հետ ծառատունկ ենք կատարում: Ասեմ Լեւոն-Զավեն Սյուրմելյանի խոսքերով. «Մեռելներուն իբրեւ խաչՙ ես այս ծառը տնկեցի»: Սա հավերժացում է հողի վրա, կենսաձեւ է, որ մեր ազգին վայել է, ոչ քոչվոր ցեղերն այսպես են ապրում: Ասում ենՙ Շահ Աբասը Նախիջեւանից երբ մեր հայրենակիցներին բռնի տեղափոխում էր, նրանք չէին հարմարվում որեւէ տեղ եւ երբ 2-3 տարի անց սկսեցին ծառ գողանալ եւ պարսիկները բողոքեցին շահին, նա ասաց. «Ես կվճարեմ, նրանց հետ գործ չունեք, ուրեմն նրանք մնում են այս հողի վրա»:
Արցախյան շարժման սկզբին առաջին գործը, որ կատարել ենք, ծառատունկն է եղել, եւ այսօր էլ շարունակում ենք, մենք հավատում ենք մեր գործին, սա ուժ է հաղորդում մարդկանց: Հայաստանում եւ Արցախում 200 հազար ծառ ենք տնկել անցած տարիներին: Վերջին երկու տարիներին միայն 4000 ընկուզենի տնկել ենք Բերձորում: Ընկուզենին ես համարում եմ ստրատեգիական, իբրեւ երկարակյաց, դարավոր եւ խիստ արժեքավոր ծառ: Հիմա ծառատունկը Ղարաբաղում ենք անում: Այս տարի որոշել ենք Ռասուլ Համզատովի անվան պուրակ ունենալ: Ռասուլ Համզատովը շատ հետաքրքիր մոտեցում է ունեցել մեր պայքարի նկատմամբ: «Թուրքերը մեր հարեւաններն են, ասում էր նա, ճիշտ է, նրանք ասում են, թե կորցրել են իրենց հողերի 20 տոկոսը, բայց հայերն իրենց հայրենիքն են ձեռք բերել»: Ծառատունկը հայրենիքի հասկացողություն է: Սրբապղծված հողը մենք սրբացնում ենք մեր ձեռքերով եւ այդ մարդկանց կապում հայրենիքի հետ: Տեղի վարչակազմը մեզ տրամադրել է 4 հա նոր տարածք, նախատեսում ենք տնկել կեռասենի, ընկուզենի, ծիրանենի: Ոռոգման հարցը լուծված է, անցած տարի մեր հիմնադրամը 700 հազար դրամ է փոխանցել ոռոգման համար: Պետք է ասեմ, որ ծառատունկը նաեւ աշխատատեղեր է ստեղծում: Աշխատատեղեր մենք ստեղծել ենք տարբեր մեթոդներով: Մարդիկ ձեռագործ գորգեր եւ նախշազարդ սփռոցներ են գործում, տրամադրում մեզ: Երբ վաճառվում է, այդ աշխատողները հիմնադրամից ստանում են աշխատավարձՙ այս ամենը վավերացված համապատասխան փաստաթղթերով: Որոշ գումարներ ենք ներդրել, եւ այժմ թաղարների մեջ 500 ծառ ունենք: Ցանկացողները կարող են վերցնելՙ օգտակար լինելով հիմնադրամին:
Արցախյան պատերազմում զոհվել են 23 համալսարանական ազատամարտիկներ: Բերձորումՙ Սբ. Համբարձում եկեղեցի տանող ճանապարհի երկու կողմում հասակ են առնում նրանց անուններով տնկված ծառերը, այս տարի աշնանը յուրաքանչյուր ծառ կկոչվի մի անուն ազգանունովՙ հավերժացնելով զոհված համալսարանականների հիշատակը:
Ծառը խնամք է պահանջում, չպետք է տնկել եւ բավարարվել դրանով: Ծառերը նման են այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մենք օգնում ենք: Երբ վեր են բարձրանում, այդ կարիքը չունեն, իրենք են օգնում մյուսներին:
Իր խոսքում Գուրգեն Մելիքյանը բազմիցս անդրադարձավ հիմնադրամի աշխատանքներին: «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» բարեգործական հիմնադրամն արդեն մի քանի տարի գործում է արտերկրի եւ Հայաստանի բարերարների ֆինանսավորմամբ: Հիմնադրամն ազատագրված շրջանների բնակչությանը ցուցաբերում է օգնություն դրամով, հագուստով, սննդով, հիգիենիկ պարագաներով: Այս շրջանների ավելի քան 200 ընտանիք գտնվում է «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի հոգածության ներքոՙ յուրաքանչյուր երեխայի համար ստանալով ամսական 1500 դրամ օգնություն, իսկ ընտանիքի գլխավորին կորցրածները լրացուցուցիչ ստանում են 5000 դրամ, երբեմն գումարը կարող է փոխարինվել սննդով կամ հագուստով: Շուտով կընդգրկվի նաեւ Քարվաճառըՙ 32 բազմազավակ (5-15 երեխա) ընտանիքներով: Հոգաբարձության որոշմամբ, անձը 18 տարեկանից հետո պիտի դադարի ստանալ օգնություն, բայց եթե ծառայում է ազգային բանակում կամ սովորում է պետական կրթական համակարգում, շարունակում է ստանալ:
«Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը համալսարանում եւս իրականացնում է որոշակի ծրագրեր, մասնավորապես գրահրատարակչության բնագավառումՙ ֆինանսավորելով մի շարք գիտական ուսումնասիրություններ, ինչպես Ալբերտ Խրոմովին նվիրված ժողովածուն, «Շիիզմի հիմունքները», շուտով լույս կտեսնի «Ծննդոց» գրքի ամենավաղ (X դ.) պարսկերեն թարգմանությունըՙ նվիրված քրիստոնեության 1700-ամյակին: Ֆոնդն աջակցում է արդեն 9 տարի անընդմեջ լույս տեսնող «Իրան Նամե» արեւելագիտական հանդեսին, ֆինանսավորում է ֆակուլտետի երիտասարդ գիտնականների գործուղումները:
ԵՊՀ-ում թուրքերենը դասավանդվում է 1940-ականներիցՙ մեծ հայագետ եւ արեւելագետ Հր. Աճառյանի նախաձեռնությամբ: Սակայն մինչեւ այսօր թուրքերենով որեւէ բուհական դասագիրք չկար: Առաջին նման դասագիրքը ստեղծվեց Գուրգեն Մելիքյանի մասնագիտական, բարոյական եւ նյութական աջակցությամբ: Այս ստվարածավալ ուսումնական ձեռնարկը բաղկացած է թուրքերեն-հայերեն ուսումնական, լեզվաբանական եւ ժամանակակից թուրքերեն հապավումների բառարաններից:
Հիմնադրամը 2001 թ. ծրագրերում նպատակ ունի «Ջավախք» հայրենակցական միության հետ կրթաթոշակ տրամադրել Հայաստանի պետական բուհերում սովորող եւ սոցիալապես անապահով 12 ջավախքահայ ասպիրանտների եւ ուսանողներիՙ 6 մլն դրամի չափով, Երեւանի պետհամալսարանի բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներինՙ 2 մլն դրամի չափով: Քաշաթաղի Հարհար եւ Միջնավան գյուղերի միջնակարգ դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին տրամադրել օգնություն շուրջ 1 մլն դրամի չափով, շարունակել արեւելագիտական գրականության հրատարակումը, դրամական օգնություն ցույց տալ Քաշաթաղի 79 ընտանիքներին (8 մլն 400 հազար), Ախալքալաքի, Ստեփանակերտի «Արփեն» կենտրոնի, Քարվաճառի եւ Շահումյանի շրջանների բազմազավակ անապահով ընտանիքներին անհատույց տրամադրել սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կատարել Գորիս-Ստեփանակերտ մայրուղու երկարությամբ ծառատնկման եւ խնամքի աշխատանքներ:
Այս տարիներին հիմնադրամը հետեւողականորեն իրականացնում է բարեգործական ստրատեգիական ծրագիր որոշակի ուղղվածությամբՙ օգնել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու գործընթացին, խրախուսել երիտասարդներին ծառայելու ազգային բանակում, նպաստել բնակչության դեմոգրաֆիկ աճին, սատարել գիտության որոշակի ստրատեգիական ճյուղերի զարգացմանը:
Բարեգործությունը որոշակի ոգի է պահանջում, բարոյական մեծ լիցք կրում: Գուրգեն Մելիքյանն իր շուրջը համախմբել է բնավ ոչ պատահական մարդկանց կամ բարերարների, այլ նրանց, ովքեր համոզված են, որ այս գումարները նպատակային են ծախսվում, ոչ մի կոպեկ չի վատնվում, դեռ ավելանում է: Գուրգեն Մելիքյանը ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որտեղ դաստիարակվում է բարեգործությունը կյանքի կարգախոս դարձրած մարդկանց մի խումբ: Նրա բարեգործությունըՙ իբրեւ բարոյականության եւ ներքին կուլտուրայի արտահայտություն, չի ընդունում հատկապես թմբկահարում: Բայց երբեմն հարկ է խոսել այս մասին ըստ արժանվույն, չնայած եւ արված գործն ինքնին խոսուն եւ մնայուն է:
Հիմնադրամի գործունեությունն ընդհանրապես, իսկ ծառատունկը մասնավորապեսՙ իբրեւ հող հայրենին սրբացնելու խորհուրդ ունի նաեւ մեկ այլ, մասնահատուկ դերՙ երիտասարդության մեջ առ հայրենին սեր զարգացնելու առումով: «Երբ ինձ հարց եմ տալիս, թե ինչ է հայրենիքը, պատասխանն է հետեւումՙ հայրենիքը ես եմ, դու ես, Մելիքյան Գուրգենն է, մեր ավտոբուսի վարորդն է: Հայրենիքը միակ անփոխարինելին է», գրում է ծառատունկ հայրենագիտություն արշավի (Երեւան-Նորավանք-Գորիս-Բերձոր-Շուշի) մասնակից ուսանողուհի Լուսինե Հարությունյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ