Կիպրական վավերաֆիլմինՙ առաջին մրցանակ
«Ոչ ականատեսների հիշողություններ» կիպրական վավերաֆիլմը, որը պատմում է, թե ինչպես են երիտասարդներն ընկալում 1974-ի թուրքական զավթման երեւույթը, արժանացել է առաջին մրցանակի Հյուսթոնում (Տեխաս), ապրիլի 20-29-ը կայացած «Ուորլդֆեսթ» միջազգային կինոփառատոնում, հաղորդում է «Սայփրս ուիքլի» կիպրական շաբաթաթերթն իր մայիսի 4-10, համարում:
Ֆիլմը, որն ընտրվել է առաջինն աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 58 վավերագրական ֆիլմերից, նկարահանվել է 2000 թ. ռեժիսոր Աթենա Իքսեհիդուի կողմից: Ցարդ ներկայացվել է 5 միջազգային կինոփառատոների, որոնց թվում նաեւ Ամստերդամինը, որտեղ բովանդակության եւ կառուցվածքի համար «հատուկ նշանակության» է արժանացել: Բովանդակության հիմքում ընկած են վկայակոչումներն ութ երիտասարդների, որոնք դեռ չէին ծնվել 1974-ին եւ թուրքական զավթման մասին իմացել են այն ամենից, ինչ իրենց պատմել են:
Հ. Ծ.