Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում ընդգրկված է եւ մայիսի 26-ին մեծ շուքով տոնվելու է եւս մի հոբելյանՙ Ավարայրի ճակատամարտի 1550-ամյակը: Շուրջ 1,5 ժամ տեւողությամբ թատերականացված հանդիսությունը, որ կազմակերպվել էՙ նշանավորելու հայ ժողովրդի պատմության կարեւորագույն, վճռորոշ պահերից մեկը, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Այս նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորըՙ Հրաչյա Աշուղյանն, արդեն իսկ ճանաչված է իր բազմաթիվ բեմադրություններովՙ «Էրեբունի-Երեւանի» տոնահանդեսներից, Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակից մինչեւ Դավիթ Անհաղթի 1500-ամյա հոբելյանը եւ Համահայկական խաղերի թատերականացված բացումը: Ներկայումս նրա ստեղծագործական խումբն ու միջոցառման 1000 մասնակիցները զբաղված են նախապատրաստական աշխատանքների վերջին շտկումներով, քանի որ հանդիսությանը հաշվված օրեր են մնացել: «Ազգը» հանդիպեց բեմադրող ռեժիսոր Հ. Աշուղյանինՙ ներկայացման նախապատրաստական աշխատանքների եւ մասնակիցների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ քաղելու:
«Ըստ իսՙ չափազանց խորհրդանշական մի զուգադիպություն է, որ հայերիս համար ճակատագրական նշանակություն ունեցած երկու իրադարձություններիՙ քրիստոնեության 1700-ամյակի եւ Ավարայրի 1550-ամյակի հոբելյանները համընկնում են միեւնույն տարում: Ի վերջո, եթե ընդունած չլինենք քրիստոնեություն, չէր լինի եւ Ավարայրի ճակատամարտը, որը հավատքի ու գոյատեւման կռիվ էր: Ավարայրով հաստատեցինք մեր էությամբ քրիստոնյա ժողովուրդ լինելը: Եվ այսօր էլ, մեր տեսակն ու հավատքը պահպանելու կռիվ մղելիս պիտի հիշենք Ավարայրը. այն ժամանակ հայերն անկոտրում էին, որովհետեւ միասնական էին: Այս գաղափարով ոգեշնչված էլ սկսեցինք ճակատամարտի բեմականացման աշխատանքները», իր պատկերացումները ներկայացրեց բեմադրող ռեժիսորը: Ապա մանրամասնեց, որ ներկայացումը բաղկացած է յոթ դրվագիցՙ Ավարայրի ճակատամարտից, Սասունցի Դավթի ծննդից, Դավիթ-Բեկից ու Սարդարապատի հերոսամարտից մինչ Քոչարին Բեռլինում, արցախյան ազատամարտն ու մերօրյա իրադարձությունները: Ինչո՞վ է բացատրվում դրվագների այս «խայտաբղետությունը»: Հրաչյա Աշուղյանի պարզաբանմամբ բեմադրիչները միտումնավոր չեն միայն Ավարայրի ճակատամարտը պատկերել. «Հանդիսության անվանումն ինքնըստինքյան պատասխանում է այս հարցինՙ «Շառավիղք Ավարայրի»: Իրոք, ներկայացման ողջ ընթացքում ահազանգի պես ու զանգերի ղողանջի ուղեկցությամբ այս միտքն է «հնչում», մեր ժողովրդի պատմության բոլոր էջերն էլ գոյատեւման, պայքարի վկայություններ են, եւ այդ էջերի շարքում Ավարայրն առանձնանում է, քանզի գիտակցված կռիվ էր հենց հավատքի ու նախեւառաջ հավատքի համար: Պատահական չէ, որ ներկայացման ընթացքում հնչում են Սեւակի պոեզիան ու Խաչատրյանի ոգեշունչ երաժշտությունը», պատմեց բեմադրող ռեժիսորը:
Հանդիսությունը, նրա տեղեկացմամբ, բաղկացած է հիմնականում պարային տեսարաններից, մասնակցում է 700 պարող: Նրանց հետ աշխատում եւ կատարողական վարպետությունն ուղղորդում են հանրաճանաչ Վանուշ Խանամիրյանը, Կարեն Գեւորգյանը, բեմականացման աշխատանքներում առհասարակ մեծ է պարարվեստի միության դերը: «Չեմ կարող երախտագիտությունս չհայտնել միջոցառման գլխավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանինՙ հրաշալի էսքիզների համար, «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանինՙ կազմակերպչական մեծ աշխատանքի համար եւ էլի շատ-շատերին...», ասաց Հր. Աշուղյանը:
Ավելացնենք միայն, որ միջոցառման ընթացքում հնչելու է միայն հայ դասական երաժշտությունՙ Արամ Խաչատրյանի, Արմեն Տիգրանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից: Առաջին անգամ Ֆրանսիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ հնչելու է նաեւ ֆրանսահայ երգահան ու դիրիժոր Կարպիս Աֆրիկյանի «Սասունցի Դավիթ» օրատորիան:
Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ