«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


«ՀՐԱԶԴԱՆԸ» 30 ՏԱՐԵԿԱՆ Է

1971 թվականի մայիսի 19-ին տեղի ունեցավ կարեւոր իրադարձությունՙ մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտի բացումը: Ինքնատիպ ու գեղեցիկ մարզակառույցն այդ օրը հյուրընկալեց Խորհրդային Միության առաջնության երկու մասնակիցներինՙ Երեւանի «Արարատին» ու Ալմա Աթայի «Կայրաթին»: Արարատցիները մարզադաշտի բացումը նշեցին յուրովի. մեր ֆուտբոլիստները ոչ միայն գեղեցիկ խաղ ցուցադրեցին, այլեւ հաղթանակ տարան 3-0 հաշվովՙ մեծ ուրախություն պատճառելով բազմահազար մարզասերներին: Հիշեցնենք, որ առաջինՙ պատմական գոլը խփեց Ալեքսանդր Կովալենկոն: Այնուհետեւ հյուրերի դարպասը գրավեցին Նիկոլայ Ղազարյանն ու Հովհաննես Զանազանյանը:

Անցած տարիների ընթացքում «Հրազդանը» տոնական օրեր շատ է տեսել: Այստեղ անցկացվել են միութենական ու միջազգային խաղեր, թեթեւատլետիկական ամենաբարձր մակարդակի մրցումներ, մարզադաշտը նաեւ բազմիցս հյուրընկալել է տարբեր մշակութային միջոցառումների մասնակիցների: Իհարկե, «Հրազդանն» իր պայմաններով մեծապես նպաստել է հայկական ֆուտբոլի վերելքին, մասնավորապեսՙ «Արարատի» տպավորիչ նվաճումներին:

...Ցավոք, վերջին շրջանում մարզադաշտը լավ օրեր չի ապրում: Այն հիմնավոր վերակառուցման կարիք ունի, անհրաժեշտ է արդիականացնել տիրբունաները, օժանդակ հարմարությունները, բոլոր ծառայությունները:

Հուսանք, որ դժվարությունները կհաղթահարվեն, ու «Հրազդանը» կրկին մեծ սպորտի հիանալի մրցավայր կդառնա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4