Հազիվ ոտք դրած հայրենի հողինՙ արեւելյան մարտարվեստի Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանն ու իրեն ընկերակցող հոգեւորական, հայր Ներսես Սաֆայանը լծվեցին աշխույժ գործունեության: Այս տարվա հոկտեմբերին քաղաքամայր Երեւանում տեղի ունենալիք ուշուի աշխարհի առաջնության կազմակերպության հարցերով Կ. Քեբաբջյանը եւ Հայ սեւ գոտիների միության Հայաստանի նախագահ Ս. Սարոյանը հանդիպեցին Հայաստանի ուշուի ֆեդերացիայի համանախագահ Տիգրան Չոբանյանի հետ: Ապա նոր կենտրոնների բացման հանդիսությունները Գյումրիում, Գորիսում, Ղափանում: Հանդիպելով Մեծ վարպետին, հարցրեցինք ՀՍԳՄ-ի վերջին ամիսների գործունեության մասին սփյուռքում եւ հայրենիքում:
«Նկատի առնելով ամերիկահայության կարեւորությունը որպես սփյուռքի մեծագույն գաղթօջախի, որոշեցինք աշխուժացնել մեր գործունեությունն այնտեղ: Մեր ընկերների աջակցությամբ այսօր ABBA-ի կենտրոնները գործում են ԱՄՆ-ի տարածքում, որտեղ արեւելյան մարտարվեստի գաղտնիքների հետ մատղաշ սերունդը հայրենասիրական ոգիով է դաստիարակվում: Շնորհակալությամբ կարելի է հիշել Գեւորգ Մինասյանի անունը, որը ջանք ու ճիգ չխնայեց մեր ծրագրերի իրագործման համար: Այժմ այնտեղ է աշխատում ՀՍԳՄ-ի ճանաչված մարզիչ Հայկ Հարությունյանը:
Հալեպում նույնպես բացեցինք նոր կենտրոն: Իսկ Լիբանանի ուշուի առաջնությունում մեր մարզիկ-մարզուհիները բացարձակ առավելության հասան նվաճելով շուրջ երկու տասնյակ բազմագույն մեդալներ: Աշխարհի երեւանյան առաջնությունում Լիբանանի ազգային թիմը կհամալրվի ՀՍԳՄ-ի անդամներով: Մենք ուշուի այդ պատմական իրադարձության գլխավոր հովանավորներից ենք ու մեր կարողություններն ի սպաս ենք դնում Հայաստանի այդ մարզաձեւերի պատասխանատուների եւ կազմակերպիչների նվիրյալ աշխատանքներին: Միացյալ ուժերով ուշուի աշխարհի առաջնությունը պսակելու ենք փայլուն հաջողությամբ», խոստանում է Կ. Քեբաբջյանը:
Այսօր ՀՍԳՄ-ի մարզիկ-մարզուհիները Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում հայրենասիրական մի կամուրջ են, որի նպատակն է ծառայել մայր հայրենիքին, նեցուկ կանգնել հայ ժողովրդին ու երկրի վերակառուցման պայքարին: Հիշեցնենք, որ արաբական «Ալ Շաբաբ» մարզական-երիտասարդական հեղինակավոր ամսագիրը Կ. Քեբաբջյանին ընտրել է 2000 թ. արեւելյան մարտարվեստի Մերձավոր Արեւելքի «Տարվա մարդ»ՙ որպես գնահատանք հայ եւ արաբ ժողովուրդների մեջ տարած օգտաշատ աշխատանքների: Հայրենիքից մեկնելուց առաջ ՀՍԳՄ-ն սահմանամերձ Ղափանում կբացի իր նոր կենտրոնը, որի մասին կանդրադառնանք հետագայում:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ