<20019502.jpg>
ՀՀ նախագահի նստավայրում երկու երկրների առաջնորդների հանդիպումըՙ փակ դռների հետեւում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ, երեկոյան 17:45-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ռուս պաշտոնակցին դիմավորեց հենց օդանավի սանդղահարթակի մոտ:
Այսօր Երեւանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Երեւան էր ժամանել դեռ մայիսի 24-ի վաղ առավոտյան: Մյուս չորս նախագահների ինքնաթիռները «Զվարթնոցում» վայրէջք կատարեցին երեկՙ կեսօրից հետո: Նախօրեին ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանն «Ազգին» տեղեկացրել էր, որ նախագահ Քոչարյանը «Զվարթնոց» օդակայանում չի դիմավորի հինգ նախագահներից եւ ոչ մեկին: Ենթադրաբար, վերջին պահին Քոչարյանը որոշել էր անձամբ դիմավորել Պուտինին: Սա ճշգրիտ քայլ էր ե՚ւ քաղաքական, ե՚ւ բարոյական առումներով: ՌԴ-ն եւ ՀՀ-ն ունեն սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ, ռազմավարական դաշնակիցներ են, Հավաքական անվտանգության պայմանագրի ողնաշարը հենց Ռուսաստանն է: Բացի այդ, Պուտինը Երեւան էր ժամանում Յակուտիայից, որտեղ բնական աղետից (ջրհեղեղ) երկրամասը մեծ վնաս է կրել:
Օդակայանից Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ուղեւորվեցին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանց դեմ առ դեմ հանդիպումը տեւեց շուրջ 40 րոպե: Նախքան հանդիպումը Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Քոչարյանն ու Պուտինը պատրաստվում էին քննարկել հայ-ռուսական երկկողմ տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային հարցեր եւ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբՙ քննարկվել են հայ-ռուսական քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացման հարցեր, ԼՂ խնդիրը:
Երեկ առավոտյան հետաքրքիր եւ երկիմաստ հայտարարություն էր արել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Պրիխոդկոն: ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ին նա ասել էր, թե Մոսկվան ցանկանում է իմանալ Հայաստնի տնտեսական դժվարին վիճակի մասին, քննարկել ԼՂ հարցը: «Քոչարյանը Պուտինին տեղեկացնելու է ԼՂ հակամարտության կարգավորման քիվեսթյան բանակցությունների արդյունքները», նշել էր Պրիխոդկոն: Հիշեցնենք, որ Քի Վեսթից անմիջապես հետո նախագահ Քոչարյանը բանակցությունների մասին տեղյակ էր պահել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, ապա Փարիզ վերադառնալովՙ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին: Սպասվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդիպեր նաեւ Ռուսաստանի նախագահին, քանի որ բացի այն, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկն է, հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է խաղալ ամենագլխավորՙ առանցքային դերը: Միայն ենթադրել կարելի էր, թե ինչու այդ օրերին տեղի չունեցավ Պուտին-Քոչարյան առանձնազրույցը: Նույն ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ին ուշագրավ բացատրություն է տվել նաեւ ՌԴ արտգործնախարարության բարձրաստիճան մի անանուն աղբյուր, նշելով, թե Ռուսաստանը ակտիվ դերակատարություն ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ «Մոսկվան ցանկանում է դա անձամբ ճշտել Հայաստանի իշխանություններից»: Հիշեցնենք նաեւ, որ երեք օր առաջ նախագահ Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացում հատուկ կարեւորել էր Մոսկվայի դերակատարությունը:
Գաղտնիք չէ, որ Մոսկվան տարբեր առիթներով իր մտահոգությունն է հայտնել հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում նկատվող որոշակի պասիվությունից: Այս մասին դեռ նախորդ տարվա սեպտեմբերին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հիշեցրել էր ՌԴ վարչապետ Կասյանովը, ընդսմին նշելով Հայաստանիՙ Ռուսաստանին ունեցած շուրջ 120 մլն դոլար պարտքը: 120 մլն դոլարը դժվար թե սպեղանի լինի Ռուսաստանի համարՙ վերջինիս արտաքին պարտքերը սպասարկելու առումով: Ակնհայտ է, պաշտոնական Մոսկվան մտահոգված է ոչ այնքան ՀՀ տնտեսական բավականին ծանր իրավիճակով, որքան այդ իրավիճակից Հայաստանին դուրս բերելու ԱՄՆ-ի եւ Համաշխարհային բանկի խոստումներով: Մոսկվան նաեւ աղոտ է պատկերացնում ինչ ասել է «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականություն, այդ բառի տակ տեսնելով Հայաստանի Արեւմուտք թեքվելու միտում:
Հայաստանի անկախության 10-ամյա պատմության ընթացքում այս օրը աննախադեպ է. Երեւանում են միաժամանակ հինգ պետությունների ղեկավարներ: Մասնավորապես ռուսական պատվիրակությունը, բացի նախագահ Պուտինից, ընդգրկում է արտգործնախարար Ի. Իվանովին, պաշտպանության նախարար Ս. Իվանովին, Անվտանգության խորհրդի քարտուղար Վ. Ռուշայլոյին, Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ն. Պատրուշեւին:
Այսօր Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների նախագահների գագաթաժողովը: