«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑԻՆ ՃԻՇՏ ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՌԱՋ»

<20019503.jpg>

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երեկ այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր հանդիպեց ուսանողադասախոսական կազմին ու լրատվամիջոցներին, հանդես եկավ ընդարձակ զեկուցումով: Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ձեռքով Ղազախստանի նախագահին շնորհվեցին ոսկե մեդալ եւ պետհամալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Նուրսուլթան Նազարբաեւը չափազանց ջերմ ընդունելության արժանացավ: Այդ ջերմությունը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ, ինչպես իր խոսքում նշեց Ռ. Մարտիրոսյանը, Նազարբաեւը միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել առհասարակ կրթության նկատմամբ, նույնիսկ ստեղծել է իր անունը կրող կրթական հիմնադրամ, բարեփոխել է իր երկրի կրթության համակարգը: «Պետհամալսարանի ուսումնական խորհուրդը, հաշվի առնելով Ձեր երկարամյա եւ արդյունավետ գործունեությունը հասարակական-քաղաքական ոլորտներում, որոշում է ընդունել շնորհելու Ձեզ պատվավոր դոկտորի կոչում», հայտարարեց ռեկտորը: Նուրսուլթան Նազարբաեւն իր հերթին երախտագիտություն հայտնեց եւ հավաստիացրեց, որ պատվով կկրի այդ կոչումը, հետագա այցերի ընթացքում էլ անպայման կհանդիպի համալսարանի աշխատակիցներին: Այնուհետեւ նա պետհամալսարանին նվիրեց գեղանկարչական մի աշխատանք:

Ուսանողադասախոսական կազմի հետ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպման ընդարձակ մի ժամանակամիջոցը զբաղեցրեց վերջինիս զեկույցըՙ նվիրված իր երկրի ու ժողովրդի դժվարին ուղուն, անցած 10 տարիների ընթացքում: «Այս տարին տոնական է թե՚ Հայաստանի, եւ թե՚ Ղազախստանի համար, քանի որ երկու երկրներն էլ նշելու են իրենց անկախացման 10-ամյա հոբելյանը: Մեր երկրները խորհրդային հասարակարգից ժառանգեցին թերություններով լի տնտեսություն, որն այնուհետեւ ենթարկվեց անցումային շրջանի ձեւափոխումների: Ես համոզված եմ, որ մեր երկրների առջեւ մեծ ճանապարհներ են բացված, եւ մենք կառաջադիմենք: Հայաստանն ու Ղազախստանը համագործակցության լայն հեռանկարներ ունեն, միայն վերջին երեք տարիների ընթացքում մենք բազմաթիվ պայմանավորվածությունների ենք հանգել, նաեւ ստորագրել ենք բարեկամության ու համագործակցության համաձայնագիր, ստեղծել ենք բավարար իրավական հիմքՙ համատեղ ծրագրեր իրականացնելու», նշեց Ղազախստանի նախագահը:

Ապա նա խոսեց իր երկրիՙ անկախացման 10 տարիներին անցած ճանապարհների, զարգացման փուլերի մասին: Մասնավորապես արձանագրեց, որ Ղազախստանը տնտեսական առաջընթացի ուղին ոտք դրեց նախեւառաջ լայնածավալ սեփականաշնորհում իրականացնելովՙ անհրաժեշտ էր փրկել պարտքերի մեջ թաղված ձեռնարկությունները: «Վերջին տասնամյակում մեր երկրում 13 մլրդ դոլարի ներդրում է կատարվել, չափազանց բարձր մի ցուցանիշ, որը մեզ հնարավորություն տվեց ոտքի կանգնելու: Այդ ընթացքում Ղազախստանում 3 տնտեսական ռեֆորմ ենք անցկացրել: Ներկայումս կարող եմ հպարտությամբ արձանագրել, որ մեր երկրում ակնհայտ է կենսամակարդակի բարձրացումը, ինչն էլ անդրադարձել է կենսաթոշակների եւ աշխատավարձերի ավելացմանը», շարունակեց Նուրսուլթան Նազարբաեւը: Երբ նա մանրամասնեց իր տեղեկությունները Ղազախստանի մասին, հատկապես ճշտեց, թե կրթության, առողջապահության եւ իրավապահպան ոլորտների աշխատակիցներն ինչպիսի աշխատավարձեր են ստանում, հուզմունքի եւ վհատության թեթեւակի ալիք բարձրացավ դահլիճում: Այնուհետեւ Ղազախստանի նախագահը նշեց, որ հայերի թիվն իր երկրում 25 հազար է, գործում են մի քանի հայկական դպրոցներ, բազմաթիվ են երկրի կառավարման համակարգում աշխատող հայ բարձրաստիճան պաշտոնյաները:

Զեկուցմանը հաջորդեցին Ղազախստանի նախագահին ուղղված հարցեր: Այդ թվում հարց հնչեցՙ 1915-ի Հայոց ցեղասպանության հանդեպ Ղազախստանի նախագահի դիրքորոշման վերաբերյալ: Նուրսուլթան Նազարբաեւի արձագանքը բավական սառն էր, նա, չգիտես ինչու, 1,5 միլիոն բնաջնջված հայերի ճակատագիրը համեմատեց խորհրդայնացման տարիներին սովամահ եղած ղազախների ճակատագրի հետ, եզրակացնելով, որ պետք չէ կենտրոնանալ անցած-գնացած դեպքերի վերծանման վրա: «Միեւնույն է, փոխհատուցում չի լինելու», կտրուկ ամփոփեց նա: Մեկ այլ հարցի պատասխանելովՙ անդրադարձավ հայ-ադրբեջանական բախմանը եւ համոզմունք հայտնեց, որ նման խնդիրներ պիտի լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով: «Կարեւորը տնտեսական զարգացումն է: Հայաստանն ակնհայտ տնտեսական աճ կապրի միայն այն ժամանակ, երբ լիովին կվերացվի շրջափակումը», նշեց Նուրսուլթան Նազարբաեւը:

Երեկ, ավելի ուշ, Ղազախստանի նախագահն այցելեց Մատենադարան:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4