«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀԵՏ

Վեհափառ հայրապետը շարունակում է հովվապետական առաքելությունը

Մայր աթոռ Սբ. Էջմիածին, Տեղեկատվության համակարգ, 24 մայիսի, 2001թ.: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որն իր հովվապետական առաքելությունն է շարունակում ԱՄՆ հայոց Արեւելյան թեմում, Վաշինգտոն այցի հաջորդ օրըՙ մայիսի 23-ին, Սպիտակ տանը ավելի քան կեսժամյա հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հետ:

Նույն օրը Վեհափառ հայրապետն այցելել է ԱՄՆ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, ուր ամերիկյան սենատորներն ու կոնգրեսականները պատիվ են ունեցել իրենց աշխատանքն սկսել Ամենայն հայոց հայրապետի աղոթքով:

Կեսօրից հետո Նորին Սրբությունը մեկնել է Նյու Ջերսի: Օդանավակայանում Վեհափառ հայրապետին դիմավորել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր դեսպան Մովսես Աբելյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի հոգեւորականաց դասը, առաջնորդարանի թեմական խորհրդի, ազգային, մշակութային եւ բարեսիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Նյու Ջերսիի Հովնանյան ամենօրյա վարժարանի աշակերտներն ու ուսուցիչները:

Հովվապետական այցի ընթացքում Հայոց հայրապետի նախագահությամբ Արեւելյան թեմում տեղի են ունենալու Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված թեմի գլխավոր հանդիսությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4