ՌԴ ՊՆ իրազեկ մի աղբյուր «Նեզավիսիմայա գազետային» ասել է, թե «Ռուսաստան-Բելառուս» միությանը Մոլդովայի անդամակցության դեպքում Քիշնեւը կհամաձայնի Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունում (ՄՄՀ) ռուսական զորքերի առկայությանը: Այդ դեպքում ռուսական 14-րդ բանակի ստորաբաժանումները Դնեստրի ափերին կմնան օրինական հիմունքներով: 1999 թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում ՌԴ-ն պարտավորություն է վերցրել մինչեւ 2001 թ. վերջը ՄՄՀ-ից դուրս բերել ռուսական չորս էշելոնները: Այսօր ռուսական 14-րդ բանակի պահեստներում կան 49.476 միավոր զենք, 805 հրետանային համակարգ, 655 միավոր հետեւակային ռազմական մեքենա: ՄՄՀ նախագահ Իգոր Սմիռնովն օրերս հայտարարել է, թե թույլ չի տա Մոսկվային իր տարածքից դուրս բերել ռուսական զենքը: Իրենց հերթին ռուս զինվորականները հայտարարում են, թե ՄՄՀ-ից «ուժով ոչինչ դուրս չեն բերի»: Տիրասպոլի իշխանությունները պաշտոնական Քիշնեւին առաջարկել են ընդունել որոշումՙ ՄՄՀ-ից ռուսական զորքերը դուրս բերելու անթույլատրելիության մասին: Դիտորդների կարծիքով, մերձդնեստրյան հակամարտության կարգավորման եւ Մոլդովայիՙ ռուս-բելառուսական միությանը միանալու դեպքում, ինչը, հավանական է, Քիշնեւը կհամաձայնի իր տարածքում, փաստորենՙ ՄՄՀ-ում, ռուսական զորքերի առկայությանը: Սա, անշուշտ, ԵԱՀԿ-ին եւ ՆԱՏՕ-ին դուր չի գա, մինչդեռ բխում է Ռուսաստանի շահերից:
ԱՊՀ տարածքում մեկ այլ չճանաչված հանրապետությանՙ Աբխազիայի նախագահ Վ. Արձինբան հայտարարել է, որ վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղաբաշխված ռուսական խաղաղարարները, որոնք պաշտոնապես համարվում են ԱՊՀ ուժեր եւ ունեն միջազգային ստատուս, խաղաղությունը պահպանող գլխավոր երաշխիքն են:
Ինչ վերաբերում է չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետությանը (ՀՕՀ), ապա այստեղ ռուսական զորքերը ներկայացված են յոթ շարժական պարեկախմբով, որոնք կրում են «ռուսական խաղաղարարներ» անունը: Խոսակցություններ կան, որ դրանց թիվը կարող է ավելանալ, եթե «չեչեն ահաբեկիչները շարունակեն ՀՕՀ-ի տարածքն օգտագործել որպես տարանցիկ ճանապարհ»:
Դե ֆակտո անկախ ԼՂՀ-ն ԱՊՀ տարածքում չճանաչված չորս հանրապետություններից միակն է, որտեղ չկան ռուսական խաղաղարար ուժեր: Արեւմտյան աղբյուրների տվյալներովՙ ԼՂՀ-ն ունի 20 հազարանոց բանակ, որը ոչ միայն ամենամարտունակն է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում, այլեւ շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ադրբեջանին միայն վարչականորեն նախապես պատկանող յոթ շրջաններՙ որպես հանրապետության անվտանգությունն ապահովող կարեւորագույն երաշխիք:
Թ. Հ.